Վարչապետի ուղերձը` հօգուտ ցեղասպանության. Էրդողանի զայրույթն ակնհայտ է դարձնում դառը իրողությունը

Մինչ Թուրքիան փորձում է խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը, լավ կլիներ, որ նա փակեր իր վարչապետի բերանը, որի հայտարարությունները պերճախոս կերպով վկայում են, թե ինչու Թուրքիան պետք է պատասխանատու լինի իր արյունոտ անցյալի համար:

Այս շաբաթ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց վտարել Թուրքիայից 100 000 հայերի, որոնք, նրա խոսքով, ապօրինի են բնակվում իր երկրում: Սպառնալիքը տեղաց այն բանից հետո, երբ Շվեդիան ընդունեց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Մինչ այդ` մոտ երեք շաբաթ առաջ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց (23:22 հարաբերությամբ) թիվ 252 համանման բանաձևին, որը քիչ հնարավորություն ունի ընդունվելու Կոնգրեսի լիագումար նիստում:

«Իմ երկրում 170 000 հայ կա, որոնցից 70 000-ն իմ քաղաքացիներն են: Սակայն մյուս 100 000-ի վրա մենք աչք ենք փակում: Իսկ վաղը, եթե հարկ լինի` այդ 100 000-ին էլ կասեմ` գնացե´ք ձեր երկիր»,- երեքշաբթի ասել է Էրդողանը BBC ռադիոկայանին տված հարցազրույցում:

«…թող գնան իրենց երկիր»:

Այս բառերը հատկապես ցավոտ են ներկայումս ապրող հայերի համար, ովքեր ժառանգներն են նրանց, որոնց գնդակահարվելու, բռնաբարվելու, մորթվելու, սրախողխող արվելու, սովի մատնվելու, խեղդամահ, խեղանդամ արվելու փոխարեն բախտ է վիճակվել տեղահանվելու իրենց հողից, որը Էրդողանը կոչում է «իմ երկիրը»:

Վարչապետը, սակայն, չբավարարվեց ապօրինի բնակվողներին արտաքսելու իր սպառնալիքներով: Նա նաև հարձակվեց սփյուռքի վրա:

«Հայաստանի հետ կապված խնդիրները մեր պատճառով չեն ծագել, այլ ավելի շատ հայկական կողմի: Հայերը պետք է կարևոր որոշում կայացնեն: Հայաստանը պետք է ազատվի սփյուռքի հիփոթեքից»,- ասաց Էրդողանը:

Հետաքրքիր բառ է ընտրված` «հիփոթեք»: Այն վերաբերում է անշարժ գույքին և ունեցվածքին, որը պետք է հետագայում սեփականություն դառնա: Կարճ ասած` այնպես, ինչպես օսմանյան թուրքերն արեցին հայերի նկատմամբ:

Հիփոթեք, որը մահվան դեպքում ընդհատվում է, իսկ ունեցվածքը` յուրացվում: Նման ավելի քան շատ դեպքեր եղան` 1,5 մլն հայ 1915-23 թթ.:

Սփյուռքի գոյության պատճառը հենց օսմանյան թուրքերի ձեռքի սարսափելի գործն է, որի մասին են խոսում պատմական վկայությունները, մինչդեռ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը:

Շվեդիայի քվեարկությունից երկու օր անց Էրդողանը շարունակեց իր պոռոտախոսությունը:

«Հարկ է ընդգծել, որ մեր երկրի զինվորը պատմությունից էլ վեր է, և որ մեր երկրի պատմությունը արևի պես մաքուր ու պայծառ է: Ոչ մի երկրի խորհրդարան չի կարող կեղծել այն»,- ասաց Էրդողանը մարտի 18-ին Չանաքկալեում կայացած արարողության ժամանակ:

Այդ ի՞նչն է «պատմությունից վեր»: Հավանաբար, պատմությունը խմբագրելու ունակությո՞ւնը` մի առանձնաշնորհ, որը կշնորհվի Էրդողանին և իր կառավարությանը, եթե ԱՄՆ-ը, ի տարբերություն Հայոց ցեղասպանությունը ճանաչած 23 երկրների, շարունակի Թուրքիայի հետ ճշմարտության թաղման իր մեղսակցությունը:

Բացի դաժանության և ուժի ցուցադրումից, ուրիշ ի՞նչ նպատակ է հետապնդում հայերին Թուրքիայից արտաքսելը: Նրանք այնտեղ են, մասամբ, քանի որ երկու տասնամյակ շարունակ փակ սահմանների պատճառով Հայաստանը տնտեսական դժվարին ժամանակներ է ապրում (Հայաստանի հետ սահմանը Թուրքիան փակել է իր մահմեդական զարմիկ Ադրբեջանի հետ միասնությունից ելնելով, քանի որ վերջինս հակամարտության մեջ է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ:)

Հայաստանի համար ավելի լավ նորություն չէր կարող լինել, քան վարչապետի հարձակումը, քանի որ նրա զայրույթն ընդգծում է այն, ինչ հայաստանցիներն ու բազմամիլիոնանոց սփյուռքը 95 տարի փորձում է ասել աշխարհին. Թուրքիան չի ընդունում իր անցյալը և ցանկանում է վնասել անմեղ մարդկանց:

Մինչ Թուրքիան սիրաշահում է Եվրամիությանը` անդամակցելու համար և սպառնում փակել Միջին Արևելք ԱՄՆ-ի ռազմավարական մուտքը, նկատենք, որ ճշմարտությունը կոծկելու Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը բացահայտվում է իր կառավարության ղեկավարի անխոհեմ խոսքում:

«Մեր ազգին բնորոշ չէ ցեղասպանությունը։ Մեր մշակույթը սիրո, հանդուրժողականության և բարեկամության մշակույթ է,- ասել է Էրդողանը մարտի 18-ի իր ելույթում: - Նրանք, ովքեր դեռ ապրում են անցյալով, երբեք չեն կարող հասնել պայծառ ապագա»:

Իսկ նրանք, ովքեր հանուն «պայծառ ապագայի» խուսափում են իրենց անցյալից, դժվար թե կարող են հայտարարել «հանդուրժողականության և եղբայրության մասին»: