Տեղին է ասված. Սարգսյանի ուղերձը ճիշտ ժամանակին էր, եթե ոչ ուշացած

Հինգշաբթի երեկոյան ՀՀ նախագահ Սարգսյանի ուղերձը իր ժողովրդին կարելի է դիտել նաև որպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված խոսք, որով Սարգսյանը կարծես ասում էր. «Մենք մեր խոստման տերն ենք, հիմա ձեր հերթն է»:


Սարգսյանը հրապարակավ հայտարարեց արձանագրությունների գործընթացի ձախողման մասին, ինչը բոլորին վաղուց հայտնի էր: ՀՀ նախագահի որդեգրած դիրքորոշումը պետք է որ ողջունեն աշխարհասփյուռ հայերը` անկախ իրենց քաղաքական հայացքներից և Սարգսյանի` իշխանության գալու նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Ավելի քան մեկ տարի Օբաման խուսափում է իր տված խոստումից` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը` վկայակոչելով այն փաստը, որ պետք է Հայաստանին և Թուրքիային հնարավորություն տրվի «լուծելու իրենց միջև առկա տարաձայնությունները»:

Այն, ինչի մասին հինգշաբթի երեկոյան հայտարարեց Սարգսյանը, և ինչը պետք է գիտակցեն Անկարայում ու Վաշինգտոնում, սա է. պատմական թշնամանքը չի կարող հաղթահարվել, քանի դեռ այսօր դրսևորվող թուլակամությունն օգտագործվում է ի նպաստ հաշտեցման փորձի:

Հաշտեցման գործընթացին ուղղված «ճանապարհային քարտեզին» հետևելու պատրաստակամություն ձևացնելով` Թուրքիան այնպես արեց, որ Օբամայի նախագահության առաջին ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակությունն իրեն ձեռնտու լինի:

Հինգշաբթի Սարգսյանի հանդուգն ուղերձը ցույց տվեց նաև այն ուղիղ մեջքը, որը շատ հաճախ (սակայն անհրաժեշտությունից ելնելով) խոնարհվել էր «տարածաշրջանային կայունությունից» և այլ հարցերից բխող Ամերիկայի շահերի առջև:

«Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված»,- ասել է ՀՀ նախագահը:

Պարզ ասած` Սարգսյանը հասկացրեց, որ Հայաստանն այլևս չի պատրաստվում մեղսակից լինել այն զավեշտախաղին, որը Կոնգրեսի համար դարձել է հարմար պատրվակ` հիմնավորելու իր դիրքորոշումը Թուրքիայի ժխտողական քաղաքականության նկատմամբ:

Սարգսյանի ուղերձը հնչեց այն օրը, երբ ճիշտ մեկ տարի առաջ Անկարան և Երևանը հայտարարեցին հարաբերությունների կարգավորմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» մասին: Այդ ժամանակ հայտարարությունը, որի դեմ ամենախիստն ընդվզեցին դաշնակցականները, դիտվեց իբրև պաշտպանիչ վահան Թուրքիայի համար, որպեսզի Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում չարտասանի «ցեղասպանություն» բառը:

Այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում նույնպես, Օբաման, աներկբայորեն, չի արտասանի այդ բառը: Բայց առնվազն այս անգամ, հինգշաբթի Սարգսյանի արտահայտած ուժեղ դիրքորոշման շնորհիվ, Հայաստանն այլևս մեղքի իր բաժինը չի ունենա այդ հարցում:

Արտահայտելով իր պետության դիրքորոշումը` «կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը», Սերժ Սարգսյանը բարեկրթորեն հայտարարեց, որ Հայաստանն այլևս թույլ չի տա, որ իրեն հիմարացնեն: Նա նաև հասկացրեց, որ Հայաստանն այլևս չի օգնի Օբամային` խուսափելու իր բարոյական պարտականությունից` հանուն ինչ-որ «ճանապարհային քարտեզի», որը ոչ մի տեղ չի տանում: