Խմբագրական. լավ է ասված, պարո´ն նախագահ, այժմ խոսքը պետք է գործի վերածել

Վերջին մի քանի օրերին նախագահ Սերժ Սարգսյանը դրվատանքի արժանի մի քանի հայտարարություններ է արել, ինչպես նաև` մի շարք հանձնարարականներ է տվել, որոնք հետևողականորեն կիրառվելու դեպքում կմեծացնեն առաջիկա երկու տարիների ընթացքում կայանալիք արդար ընտրությունների հնարավորությունը, մի բան, որը Հայաստանը չի տեսել 20 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո:

Երկուշաբթի նախագահը հիշեցրեց բարձրաստիճան ոստիկաններին, որ հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչները գործող վարչակազմի նկատմամբ հավատարմությունից ելնելով չպետք է վերազանցեն իրենց լիազորությունները:

Բարեփոխումների կոչ անելով` Սարգսյանն ասել է, թե ոստիկանությունից ակնկալում է օրենքի անաչառ գործադրում:

Նախագահի այս խոսքի անհրաժեշտությունը հստակ մատնանշում է, որ ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ շեղվում է իր քաղաքացիական առաքելությունից, որը վերջերս դրսևորվեց մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպին առնչությամբ բարձրաստիճան ոստիկանի մեկնաբանություններում, որի վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր խմբակցության երեք պատգամավորներ մեղադրել էին ոստիկանությանը լիազորությունները վերազանցելու մեջ:

Ոստիկանությանն կոլեգիայի նիստում ելույթից երկու օր առաջ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի ընդդիմադիր բլոկի` իր կառավարությանը ներկայացրած պահանջներն ամբողջությամբ սխալ չեն:

«Ե՛վ այս կողմում (իշխանական դաշտում), և՛ այն կողմում (ընդդիմության դաշտում) կան մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեն, գիտեն, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա Հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների և քաղաքական նկրտումների միջև»,- հավելել է Սարգսյանը:

Հայաստանում քաղաքական քննարկման առումով սա մեծ և հազվագյուտ զիջում է, երկխոսության մակարդակի շատ ավելի բարձր դրսևորում, քան Լևոն Տեր-Պետրոսյանի` բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` վարչապետի հրաժարականի պարզունակ և երկարաշունչ պահանջները:

Նույն շաբաթավերջին նախագահը կառավարության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացքում ասել էր, որ շուտափույթ փոփոխություններ է ակնկալում, որոնք կկասեցնեն սոցիալական անկումը, որը հատկապես ազդում է երկրի աճող խոցելի խավի վրա, քանի որ գների կասկածելի բարձրացումն ու անխուսափելի գնաճն հարվածում է ընտանեկան բյուջեին և համբերությունից հանում մարդկանց:

Անկախ այն բանից, Սարգսյանն այս կերպ սիրաշահո՞ւմ, թե՞ քաղաքացիական պատասխանատվության ազնիվ դրսևորում է ցուցադրում, պետք է ըստ արժանվույն գնահատել նախագահին` իր իշխանությունում առկա ձախողումներն ու թերացումներն առնվազն ընդունելու համար. մինչդեռ այս թերացումների դեմ պայքարելու մասին նման խոստովանություն Սարգսյանի նախորդները չեն արել:

Ընդդիմադիրները, ինչպեսև ենթադրվում էր, թերահավատ են «վերածնված» Սերժի նկատմամբ, ինչը հասկանալի է` հաշվի առնելով այն, որ Սարգսյանը 2008 թ. իշխանության է եկել բացահայտ ընտրախախտումներով, որոնց ժամանակ իր կուսակցությունն ընտրակաշառքներ է բաժանել, սպառնացել ընտրահանձնաժողովների անդամներին և առնվազն մեկ դեպքում առևանգել ընդդիմության ներկայացուցչին: Թեև մենք երբեք չենք իմանա ընտրությունների իրական արդյունքները, սակայն նույնիսկ նրանք, ովքեր ասում են, թե Սարգսյանը միևնույն է կընտրվեր, պնդում են, որ արդար ընտրությունների պարագայում Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կանցներ երկրորդ փուլ, այլ ոչ թե առաջին իսկ փուլում կստանար ձայների 52,86 տոկոսը:

Այն փաստը, որ նրա իսկ կիրառած ճնշումների հետևանքով կան մարդիկ, որոնք դեռևս գտնվում են անազատության մեջ, Սարգսյանի` ազնիվ խաղի մասին խոսքերի արժանահավատությունը երերուն հիմքերի վրա է դնում:

Սակայն եկեք արձանագրենք նշանակալի այն փաստը, որ վերջապես Հայաստանի նախագահը ո´չ թաքցնում է իր գլուխն ավազի մեջ, ո´չ էլ փորձում խուսափել մեղադրանքներից, երբ զրահը ճաք է տալիս:

Նպատակը չի արդարացնում միջոցները, երբ դրանցով խախտվում են մարդու իրավունքները. մենք չպետք է ներենք Սերժ Սարգսյանին այն բանի համար, թե ինչպես է նա եկել իշխանության, որպեսզի գնահատենք վերջին օրերի նրա գործելաոճը:
Պարտադիր չէ, որ մեզ դուր գա, թե ինչպես է Սարգսյանը եկել իշխանության, որպեսզի գնահատենք վերջին օրերի նրա գործելաոճը:

«Համոզված եմ, որ մեր երկրի զարգացումը կլինի հետևողական, շարունակական և, ի վերջո, մենք կունենանք ժողովրդավարական երկիր: Սա է մեր նպատակը, և մենք վճռական կլինենք մեր նպատակին հասնելու ճանապարհին»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Այս խոսքերը պետք է դառնան նախընտրական քարոզարշավի հիմքը մեկ տարի անց` ժողովրդավարության խորհրդանիշը հանդիսացող ընտրությունների ժամանակ, որի գործընթացն իր ղեկավարած կուսակցությունն անընդհատ և հետևողականորեն խախտել է: