Խմբագրական. Տեր-Պետրոսյանի հաջողության մեջ պետք է որ իր մասն ունենար նաև Հովհաննիսյանը

Պահը որսաց Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց այն Րաֆֆի Հովհաննիսյանինն էր:


Երբ երեկ Տեր-Պետրոսյանը մտավ Ազատության հրապարակ, նա անցավ այն դռնով, որն արդեն ճաքեր էր տվել, քանի որ Հովհաննիսյանը խիզախություն էր ունեցել գիշեր-ցերեկ անցկացնելու հրապարակի նստարաններից մեկի վրա:

Այն, որ ո´չ Տեր-Պետրոսյանը, ո´չ էլ նրա աջակիցներից որևէ մեկը հրապարակավ չնշեց Հովհաննիսյանի անունն ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ, որը վերածվեց հաղթական հանրահավաքի, ցույց է տալիս քաղաքական այն փոքրոգությունը, որը խոչընդոտում է միավորված ընդդիմություն ունենալ, և, հավանաբար, Տեր-Պետրոսյանի թերությունը, որը չի համապատասխանում երկրի ղեկավար դառնալու նկրտումներ ունեցող ցանկացած քաղաքական գործչի:

Ղարաբաղյան պատերազմի հերոս և «Սարդարապատ» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հինգշաբթի լրագրողների հետ հարցազրույցում ասել էր. «Այսօրվա հաղթանակի համար հայ ժողովուրդը պարտական է Րաֆֆի Հովհաննիսյանին: Ըստ էության, իր քայլով նա բացեց այն դուռը, որով ժողովուրդն այսօր մտավ Ազատության հրապարակ»:

Հացադուլ հայտարարած քաղաքական լուրջ գործիչը, սակայն, մերժեց իր հասցեին ուղղված գովեստները: Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանի ընդվզման հարթակի վերանվաճումը հաղթանակ էր, որը ձեռք բերվեց ժողովրդի կամքի շնորհիվ:

Տեր-Պետրոսյանը նույնպես ասել է, որ իշխանություն-ընդդիմություն դիմակայության մեջ նշանակալի տեղաշարժը ձեռք է բերվել ժողովրդի շնորհիվ:

Սակայն առաջին նախագահն անտեսել է իր նախկին արտգործնախարարին և բաց թողել իրեն պատիվ բերող քայլ անելու հնարավորությունը` չնշելով Հովհաննիսյանի անունը օպերայի հարթակից և չմոտենալով նրան, ինչպես վերջին երեք օրերին արել են հարյուրավոր մարդիկ, որոնք կարևորում են Հովհաննիսյանի ներկայությունը հրապարակում (այդ թվում` նրանք, որոնք կասկածում են նրա` հացադուլ անելու արդյունավետությանը:)

Պետք է նաև ասել, որ մինչ ընդդիմությունը տոնում էր հաղթանակը, կարճատև ցնծության փոխարեն դրան կարող էր ուշացած արյունալի բախումներ հաջորդել, ինչպես վերջերս պատմությունը ցույց տվեց, եթե Սերժ Սարգսյանը գովեստի արժանի զսպվածություն հանդես չբերեր: (Եվ կարող եք համոզված լինել, որ ոստիկանությանը հրապարակից հեռացնելը նախագահի որոշումն էր:)

Հավանաբար կան մարդիկ, որոնց կարծիքով` նախագահի արձագանքը կանխամտածված էր, և որ իրադարձությունները զարգացան նախօրոք գրված սցենարով: Եթե այդպես է, ապա ի~նչ տարօրինակ ռազմավարություն է դա` թույլ տալ, որ քո երկրի ընդդիմությունը նման տպավորիչ հաղթանակի հասնի` ի հաշիվ իրավապահ մարմինների զիջումների:

Փոխարենը եկեք մտածենք, որ, ի տարբերություն իր նախորդի, Սարգսյանը բարյացակամ գտնվեց` ճանաչելով հանրության արդարացի դժգոհությունը, ինչպես նաև հասկանալով, որ իր պաշտոնը ենթադրում է հանդուրժողականություն: Եկեք նույնիսկ հուսանք (առնվազն մեզանից նրանք, որոնք, անկախ գաղափարախոսությունից, ցանկանում են ժողովրդավարական զարգացումներ տեսնել երկրում), որ նախագահի հանդուրժողականությունը կշարունակվի` վերջ դնելով այն գործելաոճին, որով նրա համակիրները խոչընդոտում են ընդդիմության հանրահավաքների անցկացումը: