ԼՏՊ ավետարան. «բարոյական կոդեքսով» մեկնվում է Հովհաննիսյանի նկատմամբ քամահրանքը

Ազգանվան «Տեր» մասնիկը հայերենում ցույց է տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եկեղեցու սպասավորների ընտանիքից է սերում: Ուրեմն ո՞վ կհամարձակվի Հայ ազգային կոնգրեսի նախագահի հետ աստվածաբանական թեմաներով վեճի բռնվել:


Որպեսզի իզուր չհամարեմ իմ 4 տարվա համալսարանական աստվածաբանական կրթությունը և ճեմարանում անցկացրած երկու տարիներս, թույլ տվեք ե´ս փորձեմ պատասխանել Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ նրա քամահրանքը թելադրված է քրիստոնեական համոզմունքներով …

Այսօր արմատական ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված ուղերձում Տեր-Պետրոսյանը պատասխանում է այն քննադատությանը, թե ինչո´ւ նա բացարձակ անուշադրության մատնեց Հովհաննիսյանին` անցյալ շաբաթ տեղի ունեցած ընդդիմության վճռորոշ հանրահավաքի ժամանակ: Պատասխանում գիտնականը գլխավորապես ասում է, որ ինքը փորձում է լավ քրիստոնյա լինել (ի տարբերություն, հավանաբար, հեթանոս Հովհաննիսյանի): (տե´ս Խմբագրական. Տեր-Պետրոսյանի հաջողության մեջ պետք է որ իր մասն ունենար նաև Հովհաննիսյանը)

Տեր-Պետրոսյանը գրում է, որ Հովհաննիսյանի ծոմը, որն արդեն մտել է երկրորդ շաբաթը, «հակասում է քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունը ինձ համար, կրոն լինելուց առաջ, բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաև` ծոմապահության ցուցադրականությունը: Երբ առաքինությունը ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել»:

Եվ իրոք, Մատթեոսն իր ավետարանի 6-րդ գլխում խրատում է զգուշանալ սնափառությունից: Սակայն մինչ օրս Հովհաննիսյանը չի ակնարկել, որ իր հացադուլը միտված է սիրաշահելու Բարձրյալին և հայցելու նրա միջամտությունը. նրա լսարանն իրեն ավելի մոտ թագավորությունից է, ավելի ստույգ` Ազատության հրապարակից 1 կմ հեռավորության վրա` Բաղրամյան պողոտայից:

Խելամիտ կլիներ, որ Տեր-Պետրոսյանը վերանայեր Հովհաննիսյանի քաղաքացիական բողոքի քննադատության իր հիմնավորումը, եթե, իհարկե, նա ՀՀ նախագահի նստավայրը չի հավասարեցնում Աստծո թագավորությանը:

Այնուհետև, ՀՀ առաջին նախագահը մեջբերել է դեռևս 5-րդ դարի Հայ եկեղեցու ամենահեղինակավոր հայրերից մեկի` Հովհան Մանդակունու խոսքը. «Սատանան կործանում է թե´ ծոմապահին, թե´ նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, և մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում և արդարացնում է, այլ պղծում և կործանում»:

Ճիշտ է ասել Հովհանը: Սակայն դա հակասում է Քրիստոսի ուսմունքի առանցքային կետերից մեկին, այն քրիստոնեության, որի հետևում թաքնվում է Տեր-Պետրոսյանը: Նոր կտակարանի` Քրիստոսի փորձությունների մասին պատմող դրվագում, ըստ էության, «թմբկահարվում» է Հիսուս Քրիստոսի քառասնօրյա պահքը, որը շրջադարձային էր. Քրիստոս ընդունեց չարչարանքներ խոստացող իր ճակատագիրը: Աշխարհի ամենահայտնի գրքում (Աստվածաշնչում, Մարկոսի, Մատթեոսի, Ղուկասի ավետարաններում և Եբրայեցիներին ուղղված թղթում) ամբողջական հատվածներ կան, որոնցում «թմբկահարվում» է ծոմը:

Եվ ահա դարավոր հարցը. եթե ծոմի ժամանակ անապատում միայն Քրիստոս ու սատանան էին, ապա ո՞վ է այդ մասին պատմել: Դե, իհարկե, Կա´մ Աստծո որդին, կա´մ էլ սատանան է դեպքերը վերարտադրել և «ամենապիկ ժամին» դրանք ներկայացրել: Գրազ կգայի, որ Քրիստոս է եղել ծոմապահության մասին հայտնած անանուն աղբյուրը, և Մանդակունին չէր կարող իր ծննդից մի քանի հարյուր տարի առաջ Քրիստոսին խրատել, թե «ժուժկալությունը թմբկահարման» ենթակա չէ:

«Աստծո խոսքի» խորհրդավորությունն ու փառքը, որի վրա հիմնված է, ինչպես քաղաքական գործիչն է ասել` քրիստոնեության «բարոյական կոդեքսը», նրանում է, որ Աստվածաշնչում այնքան հակասական հատվածներ կան, որ հնարավոր է այն օգտագործել որպես աղբյուր` թե´ ապացուցելու և թե´ հերքելու միևնույն թեմայի շուրջ գրեթե ցանկացած փաստարկ:

Մենք, օրինակ` կարող ենք հարցնել` արդյոք «քրիստոնեության սկզբունքների» մեջ մտնո՞ւմ են նաև հետևյալ տողերը` «դուք եք Աստծո տաճարը… եթե որևէ մեկը կործանի այն, Աստված կկործանի նրան»: Եթե այո, և եթե մենք համաձայն ենք, որ ծխելը վնասակար է մարմնի համար, այդ դեպքում` ո՞ւր է Տեր-Պետրոսյանի «քրիստոնեական համոզմունքը», երբ նա իր նկարագրի անբաժան մասը դարձած ծխամորճը ծխելով իջնում է Մաշտոցի պողոտայով` ընդօրինակման արժանի հերոս փնտրող երեխաների աչքի առջև:

Տեղին է հիշել նաև, որ Սինա լեռան վրա, ինչպես ասում են, Մովսեսի քարե տախտակի վրա գրված էր` «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր»: Ես չեմ հավակնում այս ասպարեզում փորձագետի դեր ստանձնելու, սակայն խորապես համոզված եմ, որ այս պատվիրանը կարող է վերաբերել նաև 1996 թ. կեղծված (կամ գողացված) ձայներին, որի մեջ մեղադրում են Տեր-Պետրոսյանի ճամբարին:

Պետրոսյանի խոսքով` «հարյուրավոր նման օրինակներ կարելի է բերել հայ և համաշխարհային եկեղեցական մատենագրությունից», որոնցով հնարավոր է դատապարտել Հովհաննիսյանին:

Անշուշտ հնարավոր է: Սակայն, ահա առանցքային մի հարց (եթե ինչ-որ մեկն այնքան միամիտ լինի, որ ընդունի Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունը). մի՞թե Հովհաննիսյանը երբևէ ասել է, թե իր ծոմը կրոնական նպատակ է հետապնդում: