Բողոքի երգ. Հայաստանի՝ «Եվրատեսիլը» բոյկոտելը տարածաշրջանային իրողության տխուր արտացոլումն է

Ադրբեջանի նախագահի անվայելուչ մեկնաբանությունները և նրա քաղաքացիների ցավալի, բայց կանխատեսելի պահվածքը դրդեցին Երևանում պաշտոնյաներին ընդունել մի որոշում, որի հետևանքով Հայաստանն իր վրա շեղեց ուշադրությունը եվրոպական թեթև «մշակութային» միջոցառումից՝ քաղաքականացնելով փոփը:

«Եվրատեսիլ-2012»-ը բոյկոտելու Հայաստանի որոշումը՝ պայմանավորված մրցույթն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու փաստով, ինչպես նաև անվտանգության հիմնավոր նկատառումներով, անհեռատես է՝ թելադրված ոչ այնքան սառը դատողությամբ, որքան մակերեսային հույզերով:

Անցյալ շաբաթ իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ Հայաստանը չի մասնակցի այս տարվա «Եվրատեսիլին», և այսպես վարվելով վտանգում են մի տպավորություն ստեղծել, թե ունակ չեն տարբերելու մշակույթի մրցույթը ռազմատենչ ագրեսիայից, սպորտից և քաղաքականությունից:

Ինչ լավ կլիներ, եթե Հայաստանը մասնակցեր մեծ ժողովրդականություն վայելող երգի մրցույթին և ինչ-որ հրաշքով հաղթեր կամ, առնվազն, ավելի բարձր հորիզոնական զբաղեցներ, քան ախոյան երկիրը: Մենք սա երբեք չենք իմանա, քանի որ բոյկոտելու իր որոշմամբ Հայաստանը «Եվրատեսիլը» դարձրեց «Բաքուտեսիլ»՝ հնարավորություն տալով թշնամու ճամբարին (ուռճացնելով մրցույթի միջազգային նշանակությունը) պնդել, թե անկողմնակալ կվերաբերվեր հայերի նկատմամբ, եթե նրանք մասնակցեին:

«Եվրատեսիլի» 100 միլիոնանոց ակնդիրների առաջ Հայաստանը նահանջեց, երբ, երևի թե, հնարավորություն ուներ ըստ արժանվույն ներկայանալու, գոնե՝ բարոյապես:

Թեև բոյկոտելու ժամանակը համընկավ երկու շաբաթ առաջ Ստամբուլում մտահոգիչ թվաքանակով ադրբեջանցիների մասնակցությամբ անցկացված հակահայկական նողկալի հանրահավաքի հետ, ասում են, թե որոշումը թելադրված էր անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր կայքում զետեղված հայտարարությամբ. «Մեր հիմնական թշնամիները ամբողջ աշխարհի հայերն են, որոնք վերահսկում են երկերեսանի ու կոռումպացված քաղաքական գործիչներին»: Հայաստանի իշխանություններն այնպես արձագանքեցին այս հայտարարությանը, կարծես այն նորություն էր, կարծես՝ Ալիևը մինչ այդ նրանց լավ բարեկամն էր:

Երբևէ լսե՞լ եք Ջես Օուենզի մասին: Եթե այո, ապա ոչ այն պատճառով, թե ալաբամացի աղքատ գյուղացու որդին և ստրուկների թոռը հայտնի է դարձել ֆաշիստական Գերմանիայում 1936 թ. անցկացվող օլիմպիական խաղերը բոյկոտելով, թեև հիմնավորված: Ջես Օուենզը հայտնի է դարձել, որովհետև սևամորթ ամերիկացին, գիտակցելով, որ ֆաշիստների ամբոխում հայտնվելը վտանգավոր էր, մեկնեց Բեռլին և, մասնակցելով Հիտլերի համաշխարհային արենայում օլիմպիական խաղերին, թեթև ատլետիկայում չորս ոսկե մեդալ նվաճեց՝ հաղթելով ֆյուրերի «արիական ռասային»:

Իսկ լսե՞լ եք Քրեյգ Բըրդսլիի մասին: Ես էլ չէի լսել, մինչև փորձեցի գտնել ամերիկացի մարզիկների, որոնք կորցրել են միջազգային մրցաշարերում լուրջ հաջողություններ գրանցելու իրենց հնարավորությունը, քանի որ ԱՄՆ-ն բոյկոտել էր 1980 թ. օլիմպիական խաղերը: Բըրդսլին լողի հավաքականի կազմում էր ու ստիպված էր մնալ հայրենիքում քաղաքական նկատառումներով: Մոսկվայում կայանալիք օլիմպիական խաղերից 10 օր առաջ Բըրդսլին 200 մետր բաթերֆլայ լողաոճում աշխարհի ռեկորդ սահմանեց՝ մեկ վայրկյանով գերազանցելով Մոսկվայի օլիմպիական չեմպիոնի ցուցանիշը: Աշխարհի ռեկորդ սահմանելը երբեք ավելի անիմաստ չէր եղել: Կամ, գուցե, ավելի իմաստալի՝ թեև սխալ պատճառներով:

ԱՄՆ-ն որոշել էր բոյկոտել օլիմպիական խաղերը՝ ի նշան բողոքի Խորհրդային Միության ներխուժման Աֆղանստան: Արդյոք բոյկոտն իր նպատակին ծառայե՞ց: Դե իհարկե: «Ընդամենն» ինը տարի անց խորհրդային զորքերը դուրս բերվեցին Աֆղանստանից: Դե իսկ հիմա ասացեք`իսկ ո՞րն էր Աֆղանստան ներխուժած հաջորդ գերտերությունը:

«Եվրատեսիլը» բոյկոտելու ուղերձը, որ Ալիևի թշնամի՝ Հայաստանը շրջափակված է, և որ ամեն շաբաթ ադրբեջանցի դիպուկահարների գնդակից հայ զինվոր է զոհվում [թեև պետք է նշել, որ հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս]), անիմաստ է դառնում, քանի որ այն լսարանին, որին ուղղված է, այս ամենն առանձնապես չի հուզում, իսկ եթե անգամ հուզեր էլ, չէր կարող առաջարկել ոչ մի լուծում:

Եվ եթե նույնիսկ Հայաստան-Ղարաբաղ-Ադրբեջանն ավելի լայն տեսանկյունից դիտենք. բացառությամբ Վաշինգտոնի ու Մոսկվայի, ինչպես նաև մի քանի եվրոպական երկրների` ձևի համար ուշադրությանը, ոչ ոք չգիտի կամ քչերին է հուզում, թե ինչ է տեղի ունենում լեռնային այս մի բուռ հողում, որի մասին կամ ոչ ոք ոչինչ չի լսել, կամ էլ այն նյարդայնացնող է համարում արտաքին աշխարհի համար: Ինչպե՞ս եք պատրաստվում բացատրել Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հարաբերությունների թնջուկը այն լսարանին, որի առաջին հարցն է՝ «Իսկ որտե՞ղ է գտնվում Հայաստանը»: Ձեր ասելիքն անշուշտ տեղ չի հասնի՝ բոյկոտելով մի մրցույթ, որում ձեր գրանցած երբևէ լավագույն ցուցանիշը եղել է չորրորդ հորիզոնականը:

Եթե արդարացի լինենք՝ մեզնից ո՞վ կուզենար, որ մեր սիրելիներին ենթարկեին այնպիսի վերաբերմունքի, ինչպիսին Հայաստանի պատվիրակությանն էր սպասում Բաքվում: Այդուհանդերձ, ճիշտ է` անլուրջ, բայց մեծապես սիրված մշակութային բեմահարթակից հեռու մնալու Հայաստանի որոշումն ավելի շուտ դպրոցականներին վայել մեծամտության նշան է, քան քաղաքական հասունության:

Այս որոշումը, որ կայացվել է հարևան երկրների հետ ոչ բարիդրացիական հարաբերությունների համատեքստում, արժեզրկեց նաև նախորդ առիթներով Հայաստանի ցուցաբերած բարոյապես ավելի վեհ որոշումները, ինչպես, օրինակ` 2008-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, երբ Հայաստանը երաշխավորեց Ադրբեջանի հավաքականի անվտանգությունն ու խոստացավ սիրալիր ընդունելություն. այն ժամանակ ադրբեջանցիները վարվեցին ճիշտ այնպես, ինչպես հայերն այսօր «Եվրատեսիլի» դեպքում:

Տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման հույսեր արթնացան 2008-ին, երբ Հայաստանը հյուրընկալեց Թուրքիայի ֆուտբոլի հավաքականին: Թուրքիա՞ն էլ պետք է բոյկոտեր: Կամ գուցե Հայաստանը պետք է բոյկոտեր հաջորդ տարվա խաղը Թուրքիայո՞ւմ: Ցավոք, քաղաքականությունը չկարողացավ անել այն, ինչը հաջողվեց սպորտին, և տխրահռչակ «արձանագրությունները» խափանեցին երկու կողմերի դրսևորած բարեկրթության ջանքերը: Սակայն մի կարճ ժամանակաշրջան կար հույս, թե առաջընթաց հնարավոր է: Եվ երբ Հայաստանի պես փոքրիկ հանրապետություն ես՝ աստիճանաբար ավելի ու ավելի անհանգիստ դարձող տարածաշրջանում, հույսն արդեն իսկ նվաճում է, և միշտ ավելի լավ, քան հուսալքությունը:

Բաքվում «Եվրատեսիլի» բոյկոտը կատարյալ և լիովին ձախողում է: Մի՞թե Երևանում կա որևէ մեկը, ում կարծիքով «Եվրատեսիլը» բոյկոտելը կարող է ծառայել աշխարհում Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Հակառակը` այն կարող է հանգեցնել ենթադրությունների, ինչպիսիք արդեն բարձրաձայնվել են «Նյու Յորք թայմզում», թե ինչպե՞ս կարող է մի հավաքական մտածելակերպ, որ ունակ չէ այնքան լայնախոհ գտնվել, որպեսզի, բառի բուն իմաստով` իր ձայնը հնչեցնի երգի մրցույթում, հաջողել բանակցություններում շատ ավելի բարդ խնդիրների շուրջ, որ անհանգստացնում են Հայաստանի վտանգավոր հարևաններին: