Խմբագրական. «քաղաքական» լուծում է պետք` բավարարելու սոցիալական բողոքի մասնակիցների պահանջները

Հայաստանի ներկայիս վարչախմբի, ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այս օրերին զգուշանում են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ ընթացող սոցիալական բողոքները «քաղաքականացնելուց»:

Սակայն, կարծես, բոլորի, այդ թվում` քաղաքական վերնախավի համար էլ պարզից պարզ է, որ այս ճգնաժամի պարագային միայն քաղաքական լուծում է հնարավոր:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ներկայիս լարվածությունը մեղմելու մի ծրագիր` խոստանալով, որ կառավարությունը օգոստոսի 1-ից փոխհատուցելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, մինչև ստանա Ռուսաստանի էներգետիկ հոլդինգ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստ ձեռնարկություն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության միջազգային աուդիտի եզրակացությունը:

Սակայն հարյուրավոր ցուցարարներ շարունակում են արգելափակել Երևանի կենտրոնական պողոտաներից մեկը, պահանջելով, որ Սարգսյանը չեղյալ հայտարարի էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը:

Այս դիմակայությունում ցուցարարներին, կարծես, քիչ է հետաքրքրում իրավաբանների կարծիքը: Մինչդեռ, նրանք ասում են, որ Սարգսյանի քայլը առավելագույնն է, որ պետության ղեկավարը կարող է անել երկրի Սահմանադրության համաձայն:

Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի համաձայն` ո՛չ երկրի նախագահը, ո՛չ էլ կառավարությունը չեն կարող չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, քանի որ այս մարմինը համարվում է անկախ մարմին:

Այդուհանդերձ, շատերը Հայաստանում թերահավատորեն են մոտենում այս «անկախությանը»: Նրանք չեն հավատում, որ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը հունիսի 17-ին «անկախ» միաձայն որոշում է կայացրել 7 դրամով թանկացնել Հայաստանում էլեկտրաէներգիան (դա ՀԷՑ-ի հայտի մասնակի բավարարում էր` ընկերությունը դիմել է 17 դրամով թանկացնելու պահանջով):

Մասամբ, ներկայիս քաղաքական վերնախավը ինքն է մեղավոր, որ շարքային հայաստանցիների շրջանում նման թերահավատություն կա, ու որ այս կարծիքը գերիշխող է:

Մի քաղաքական համակարգի պարագայում, որտեղ կա գերհզոր նախագահ, որը նաև օրենսդիր մարմնում մեծամասնություն կազմող կուսակցություն ղեկավար է, դժվար է համոզել հասարակությանը, որ այդպիսի կարևոր հարց, ինչպիսին էլեկտրաէներգիայի սակագների բարձացումն է, չի կարող լուծվել հզոր նախագահի «գրչի մեկ հարվածով»:

Ո՛չ նախագահ Սարգսյանը, ո՛չ էլ իշխող Հանրապետական կուսակցությունը Սահմանադրությամբ իրավունք կամ լիազորություն չունեին քաղաքական գործընթացից դուրս մղելու մի գործարար պատգամավորի ու կուսակցապետի, եթե նույնիսկ նա չէր համապատասխանում քաղաքական գործընթացի «ինտելեկտուալ» մակարդակին: Սակայն, այս հանգամանքը նրանց չկասեցրեց փետրվարին, ըստ էության, ստիպելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին հրաժարական տալ որպես կուսակցապետ ու հրաժարվել իր քաղաքական կարիերայից:

Ոչ էլ Սարգսյանը մեծ հաշվով լիազորված էր կամ պարտավոր միջամտել տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով ընդունած որոշումները կասեցնելու գործընթացին, երբ 2012-ի մայիսին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված «Տարո՛ն, սիրուն չէ» արտահայտությամբ փաստորեն վերջ դրեց Մաշտոցի պուրակի շուրջ ցուցարարների և քաղաքապետարանի միջև ամիսներ տևած դիմակայությանը:

Չնայած այսօր խաղադրույքները, կարծես, ավելի բարձր են, հաշվի առնելով ներգրավվածությունը այդպիսի միջազգային խաղացողների, ինչպիսիք Ռուսաստանն է, նախագահ Սարգսյանն ունի առնվազն մեկ տարբերակ. իսկապես քաղաքական կամք դրսևորել ու կատարել իր խոստումը, որի հիմնական իմաստը էներգետիկ համակարգում բարեփոխումներ կատարելն ու կարգուկանոն հաստատելն է:

Մի խումբ ցուցարարներ, ովքեր նախաձեռնել են ներկայիս` որպես «էլեկտրականացված Երևան» անունով հայտնի բողոքի ակցիաները, արդեն իսկ ընդունել են նախագահի ծրագիրը որպես փոխզիջումային լուծում, բայց, հավանաբար, կառավարությունից «վստահության կառուցման» հետագա միջոցառումներ էլ են պետք, որպեսզի համոզեն Բաղրամյան պողոտայում գիշերն անցկացնող մյուս ցուցարարներին էլ, որ իրենց ձայնը տեղ է հասել, ու որ այսուհետև Հայաստանի բազմաչարչար էներգետիկ ոլորտում ամեն ինչ այլ կերպ է կազմակերպվելու` հօգուտ երկրի, ժողովրդի: