«Քաղաքականացնելու» վախը. ԱԺ նախագահի խոսքերն արտացոլում են հայաստանյան քաղաքական կյանքի իրական պատկերը

Երբ Ազգային ժողովի հանրապետական նախագահ Գալուստ Սահակյանը կոչ էր անում իր գործընկերներին «չքաղաքականացնել» խորհրդարանական ամբիոնը, հազիվ թե ի նկատի ուներ այն հանգամանքը, որ ԱԺ-ն չպետք է լինի քաղաքական մարմին: Սակայն անցյալ շաբաթ գարնանային նստաշրջանի մեկնարկին արված այս գուցե անզգույշ արտահայտությունը հենց այսկերպ է հասկացվել ու մեկնաբանվել շատերի կողմից:

Անդրադառնալով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դժգոհությանը, որ օրակարգում գտնվող իր բազմաթիվ նախագծերը քննարկման չեն դրվում` Գալուստ Սահակյանն ասել էր, որ դա պայմանավորված է նրանով, որ ԱԺ-ի քառօրյաներում ավելի շատ «քաղաքական դեբատներ» են լինում, քան օրինագծերի շուրջ աշխատանք:

«…Պիտի ավելի ինտենսիվ աշխատենք և պիտի փորձենք ամեն ինչը չքաղաքականացնենք, առավել ևս, որին դեմ եմ ես, քաղաքական չդարձնել այս ամբիոնը», - ասել էր նա:

Այս խոսքերը շատ արագ տարածվեցին սոցցանցերով ու լրատվամիջոցներով` դառնալով նաև հեգնանքի նյութ:

Սահակյանն ավելի ուշ ինքը բացատրեց, թե իր հորդորը եղել է այն, որ խորհրդարանի ամբիոնը «միտինգի» ամբիոն չդառնա:

Այսպես թե այնպես, սակայն ԱԺ նախագահի` «չքաղաքականացնելու» շուրջ մտավախությունները կարծես համահունչ են Հայաստանում ձևավորված քաղաքական մշակույթին:

«Չքաղաքականացնելու» մոլուցքը գալիս է ոչ միայն վերնախավից, այլ նաև հենց հասարակ քաղաքացուց, ով առօրյա խնդիրների ու ինչ-որ հեռու, վերացական քաղաքականության միջև ուղիղ կապ չի տեսնում:

Պատահական չէ, որ ամռանը մի խումբ քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցներն էլ ամեն կերպ ձգտում էին «չքաղաքականացնել» խնդիրը, ու քիչ չէին նաև իշխանության մեջ մարդիկ, ովքեր ողջունեցին նման մոտեցումը:

«Ապաքաղաքական» այս շարժմանը չհաջողվեց ամբողջովին հասնել իր նպատակին, քանի որ Հայաստանում, ինչպես ցանկացած այլ երկրում, սակագներն ու կոմունալ ծառայությունները չեն կարող լինել քաղաքականությունից զատ, քանի որ նման ոլորտների բարեփոխումները պահանջում են քաղաքական որոշումներ ու քաղաքական կամքի առկայություն:

Դրան հաջորդեց Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելուն միտված սահմանադրական բարեփոխումների շուրջ բանավեճը, որը, սակայն, ինչպես բոլոր այլ ընտրական գործընթացների պարագայում, արագ վերածվեց իշխանական ու ընդդիմադիր խմբերի միջև մերձքաղաքական մանր-մունր հարցերի շուրջ առարկայական բանավեճից հեռու վիճաբանության: Թե´ իշխանական, թե´ ընդդիմադիր գործիչները խոսեցին կարծես ամեն ինչից, բացի իրական խնդիրներից:

Այնպես որ, զարմանալի չէ, որ երբ առատ ձյան տեղումների պայմաններում Ամանորի տոների ժամանակ Երևանում ձնամաքրման աշխատանքները պատշաճ կերպով չկազմակերպվեցին, կամ երբ խոզի գրիպի բռնկման ժամանակ տոնական օրերին պոլիկլինիկաների մեծ մասի դռները հասարակության առջև մնացին փակ, ոչ ոք չփորձեց «քաղաքականացնել» այս հարցերը:

Ի վերջո, ո՞վ կհիշի կամ կմտածի դրա մասին, երբ 2017 թվականին կրկին գնա ընտրելու հաջորդ խորհրդարանը: Չէ՞ որ կան ավելի «քաղաքական» հարցեր, օրինակ` կհաջողի՞ արդյոք ՀՅԴ-ն իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմել ու ստանալ մի քանի բաղձալի պաշտոններ: Հայաստանի ներկայիս իրականության մեջ քաղաքականացնելը նշանակում է պատասխանատվություն կրելը: Իսկ ո՞ւմ է պետք պատասխանատվություն կրել ընտրություններից առաջ: