Կարծիք. թող Հայաստանի ընդդիմությունը սկսի պառակտվել

Վերջին շրջանում Հայաստանի տկարացած ընդդիմությունից ստացված լավագույն լուրն ամառվա ընթացքում հանրահավաքները դադարեցնելու որոշումն էր:

Ցավոք, ինքնավերակենդանացման փորձերը սկսելուց հետո ընդդիմությունն իր շատ այլ որոշումների նման, այս խոստումն էլ չկարողացավ պահել: Այժմ ընդդիմությունն ասում է, որ մեզ նոր տհաճություններ են սպասում առանց այն էլ անտանելի երևանյան շոգի ու փոշու պայմաններում, երբ մարդիկ գան հուլիսի 2-ի հանրահավաքին` ուժեղացած այս շաբաթ դժգոհությամբ ընդունված համաներումից, որը տարածվել էր ընդդիմության որոշ կարևոր դեմքերի վրա:

2008-ի փետրվարին և, հատկապես, 2008-ի մարտին ընդդիմությունն օրինական իրավունք ուներ բողոքելու, որ Հայաստանի քաղաքական դաշտից դուրս մղելու նպատակով իրենց խաբել են, ճնշել են, դաժանորեն ծեծել ու սպանել են:

Մենք լսում էինք այդ ճնշված ձայները համակրանքով ու սատարում էինք կոչերին` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու հիրավի քաղաքական բանտարկյալների գործի վրա:

Իշխող վարչախումբը սխալ էր նրանց կալանելու համար, երբ ոչ մի ոստիկան կամ հատուկ ուժերի ներկայացուցիչ պատասխանատվության չենթարկվեց ուժի բացահայտ չարաշահման համար, որին մարտի 1-ի այդ սարսափելի օրն ականատես եղան մեր լրագրողներն ու շատ ուրիշներ, և որը թողեց վերքեր, որոնցից ամբողջ հանրապետությունը դեռ շատ հեռու է ապաքինվելուց` անկախ քաղաքական հորդորներից:

Մայիսի 31-ին ընդդիմությունը կրկին ցնցվեց Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղ գտած կեղծիքներից:

Նրա արձագանքն այնպիսին էր, ասես Հայաստանում իշխանություններն առաջին անգամ էին գողանում ընտրությունների արդյունքները: Իրականում կեղծիքները դեպի հաջողություն տանող ճանապարհ են եղել Հայաստանի բոլոր ընտրություններում` սկսած այն օրից, երբ (այժմ) ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը դիմեց խաբեության` 1996-ին իր նախագահական իշխանությունը պահպանելու համար:
Նրանց առաջնորդը` Տեր-Պետրոսյանը, պայքարում է հանուն մեռած գործի (իշխանափոխության), նրան սատարում են Ստեփան Դեմիրճյանը և Արամ Սարգսյանը, ում ամենամեծ արժանիքը նրանց մեռած ազգականներն են: (Ի դեմ, մի՞թե մոռացել են, որ կենդանության օրոք Վազգեն Սարգսյանին քննադատում էին ճիշտ այնպես, ինչպես հիմա մեծարում են:)

Եթե 2007-ի հոկտեմբերին քաղաքական մեկուսացումից վերադառնալուց հետո «ԼՏՊ»-ն քիչ թե շատ քաղաքական կապիտալ էր վաստակել, ապա լիովին կորցրեց այն, երբ հրաժարվեց մայիսյան ընտրություններում Երևանի ավագանու կազմում նվաճած 13 տեղերից:

Ամենայն հավանականությամբ, ընդդիմությունն ավելի շատ տեղեր կստանար, եթե ընտրություններն արդար լինեին: Սակայն մի՞թե այսօր այս երկրում իշխանության որևէ հավակնորդ չպետք է ունենա ծրագիր անկանխատեսելի հանգամանքների համար, եթե նրան խաբեությամբ դուրս են թողնում մրցությունից:

Տեր-Պետրոսյանն արձագանքեց այնպես, ինչպես մի մարդ, ում ավելի հետաքրքրում է ժառանգությունը, քան առաջնորդությունը: Հրաժարվելով ավագանու անդամների մանդատներից` նա փաստորեն ցույց տվեց իր հազարավոր կողմնակիցներին, որ իր գոռոզամտությունն ավելի կարևոր է, քան նրանց ձայները:

Այս շաբաթ ընդդիմության ղեկավարության կմախքի ոսկորները ցնցվեցին` խիստ մտահոգված, որ ընդդիմությունը կարող է պառակտվել: Հուսանք, որ դա տեղի կունենա:

Եվ թող այդ պառակտումը սկսվի ղեկավարությունից (ինչպես որ թվում է):

Հայաստանն արժանի է, կարիք ունի լեգիտիմ ընդդիմության, ճիշտ այնպես, ինչպես կարիք ունի լեգիտիմ վարչակազմի: Ափսոս, որ դրանք երկուսն էլ այսօր բացակայում են: