Նամակ տուն. սփյուռքահայը բացահայտում է Հայաստանն ու «հայկականությունը»

Մինչև Երևան գալս ընկերներս ու ազգականներս անընդհատ հարցնում էին. «Ինչո՞ւ ես գնում Հայաստան»: Ի՞նչ պատասխանեք: Ոչ ազգականներիս այցելելու համար. Հայաստանում ունեցած ազգականներս կամ ինձ ծանոթ չեն, կամ էլ գոյություն չունեն: Եվ ոչ էլ իմ իսկական հայրենիքը գտնելու համար. թեև Հայաստանը մնում է իմ նախնյաց հողը, և նրա անցյալն ու ապագան կարևոր են ինձ համար, ես պատրանքներ չունեմ, որ պատկանում եմ այս երկրին և վերադառնում եմ «իմ ժողովրդի երկիր»: Հայերենի իմ ի,ացությունը, մեղմ ասած, անհրաժեշտ նվազագույնից քիչ է, իսկ Հայաստանի ներկա վիճակի իմ պատկերացումները` թերի: Ուրեմն, ինչո՞ւ էի աշխարհի կեսը կտրելով եկել-հասել մի երկիր, որի մասին շատ քիչ բան գիտեմ և որտեղ ոչ ոքի չեմ ճանաչում:

Որովհետև հա՞յ եմ: Ես սա հարցնում եմ` հաստատելու փոխարեն, որովհետև դա, կարծես, կախված է նրանից, թե ում և որտեղ ես տալիս այդ հարցը: Շատ ժամանակ չպահանջվեց, որ Երևանի մասին մինչև այստեղ գալն ունեցած իմ պատկերացումները հօդս ցնդեն: Ես դուրս եկա ոչ մեծ, բայց հստակ գործող «Զվարթնոց» օդակայանից և կարճ ժամանակում բարեկարգ մայրուղիով հասա Երևանի սիրտը` անցնելով Հանրապետության հրապարակով ու տեսնելով երգող շատրվաններով շոուն: Քաղաքի գեղեցկությունը` իր ծառերով երիզված փողոցներով, հրաշակերտ կենտրոնով և գեղեցիկ բնապատկերներով, անմիջապես մեծ տպավորություն գործեց ինձ վրա, և այստեղ ութ շաբաթ ապրելու մտավախությունս նվազեց: Բայց դա միայն առաջին օրն էր:

Երևանում գտնվելու առաջին ամբողջ օրը Ամերիկայի հայկական համագումարի մյուս ստաժորների հետ ծանոթացա քաղաքին: Մեզ ուղեկցում էր գրասենյակի ներկայացուցիչը, որը զբոսավարի դեր կատարեց և խորհուրդներ տվեց Երևանում ապրելու մասին: Հետո նա գնաց: Մենք մնացինք մենակ, և շուկայում սակարկելու, բջջային հեռախոս գնելու և սեփական ուժերով տուն հասնելու անհաջող փորձերից հետո ես սկսեցի կասկածել, թե որքանով իմ հայ լինելը կհեշտացնի իմ կյանքն այս օտար քաղաքում: Իրականում, այդ երեկո մի երևանցի երիտասարդի հանդիպելուց հետո, երբ Հանրապետության հրապարակում շատրվաններով շոուն դիտելիս իմ ընկեր ստաժորներին և ինձ հայերենով մի քիչ ծաղրեցին և զգալ տվեցին, որ առանձնապես ուրախ չեն մեզ տեսնելու համար, ես սկսեցի մտածել, որ Երևանում իմ ամերիկահայ զբոսաշրջիկ լինելը կարող է, իրականում, ավելի դժվարացնել կյանքս այստեղ:

Հարաբերությունները սփյուռքի և Հայաստանի միջև բարդ են եղել: Սփյուռքահայերը, որոնց նախնիները բռնի տեղահանվել կամ մազապուրծ են եղել ցեղասպանության սարսափներից, գրեթե մեկ դարով օտարվել են Հայաստանի առօրյա հոգսերից: Աշխարհի տարբեր երկրներում բնակություն հաստատած սփյուռքահայերը` մեծ համայնքներով Լոս Անջելեսում (Փոքր Հայաստան), Փարիզում և այլուր, պահպանում են իրենց հայկական ինքնությունը և համերաշխությունը` միաժամանակ ձգտելով հարմարվել և հաջողության հասնել իրենց նոր միջավայրում: Ոմանք մտադիր են, ի վերջո, վերադառնալ, սակայն շատերը ցանկանում են հաստատվել իրենց նոր երկրներում:

Սակայն հարաճուն տարբերությունները սփյուռքի և տեղի հայերի միջև, կարծես, ուղեկցվում են աճող զայրույթով և դժգոհությամբ: Երևանում իմ առաջին իսկ հանդիպումներում ես զարմանքով նկատեցի, որ ինձ ընդունում են ոչ թե հայկական մշակույթին այդքան բնորոշ ջերմ հյուրընկալությամբ, այլ, մեղմ ասած, ոչ գրկաբաց և թշնամանքի ակնարկով` ստիպելով հարցնելու ինքս ինձ` իսկ որքանո՞վ են ուրախ ինձ տեսնելու այս քաղաքում:

Ես չեմ ասում, որ իմ բոլոր հանդիպումները բացասական երանգ ունեին, պարզապես դա ինձ համար տհաճ անակնկալ էր, և ես սկսեցի անհարմար զգալ` կասկածի տակ դնելով իմ այստեղ գտնվելու իրավունքը: Մինչ ես կարծում էի, թե հայերեն խոսելու ու կարդալու իմ սահմանափակ ունակությունները կօգնեն ինձ, ես զգացի, որ քաղաքի լեզվով հաղորդակցվելու փորձերում իմ թույլ տված սխալները հակառակ արդյունք են տալիս: Փոխարենը ես ավելի ճիշտ համարեցի պարզապես հրաժարվել այդ փորձերից և պահել ինձ այնպես, ասես բոլորովին չգիտեմ լեզուն, որպեսզի խուսափեմ իմ կոտրատված հայերենի հետևանք զարմացական հայացքներից ու հոգոցներից:

Ինչ-որ առումով նման ընդունելությունը, կամ ավելի շուտ, դրա բացակայությունը, իմ օգտին է: Իմանալով, թե հայ զբոսաշրջիկները Երևանում ինչ տպավորություն են թողնում տեղացի հայերի վրա, ես կարող եմ մարտահրավեր նետել այդ կարծրատիպերին` լինելով ավելի բաց, լսելու պատրաստակամ և համեստ` Հայաստանի գործերում իմ դերի մասին իմ պատկերացումներում: Սակայն ես դա կարող եմ անել` միաժամանակ պաշտպանելով այստեղ գտնվելու իմ իրավունքը` ի հեճուկս այս քաղաքում ինձ` միայն պատահաբար ազգությամբ հայ զբոսաշրջիկիս, ցույց տրված սառն ընդունելությանը: Ի տարբերություն այլազգի զբոսաշրջիկների, որոնք ոչինչ չեն հասկանում, երբ նրանց արհամարհում կամ ծաղրում են, Երևանի այն այցելուները, որոնք մի քիչ հասկանում են լեզուն, վերջին հաշվով, որոշակի առավելություն ունեն, քանի որ գոնե գիտեն, թե ինչպես պահեն իրենց տեղացիների հետ հարաբերություններում, և այդ իմացությունը, հուսանք, կարող է օգտակար լինել և պարտադրել սփյուռքահայերի ու տեղացի հայերի միջև հարաբերությունների վերաքննարկում ու վերաըմբռնում, որպեսզի կարողանանք վեր հանել թյուրըմբռնումներն ու սովորենք միմյանցից և ոչ թե հիմնվենք մեր նախապաշարմունքների ու կարծրատիպերի վրա և նսեմացնենք միմյանց:

Էլիզաբեթ Գեմջյանը 22 տարեկան է, ապրում է Նյու Յորքում ու սովորում է տեղի Կոլումբիայի համալսարանի մարդաբանության ֆակուլտետում: Նա Հայաստան է այցելել Ամերիկայի հայկական համագումարի ստաժորական ծրագրի շրջանակներում: Էլիզաբեթն առաջին սերնդի ամերիկահայ է: Նրա ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել Բուլղարիայից, ուր Հայոց ցեղասպանությունից հետո տեղափոխվել են նրա նախնիները: