Դիտանկյուն. լրագրողը փորձում է հասկանալ «Հանրային» հեռուստատեսության քաղաքականությունը

Վերջերս տարածված լավ կատակ կա. մի թոշակառու լաց է լինում, երբ հարցնում են` ինչ է եղել, պատասխանում է. «Ուզում եմ ապրել «Հայլուրի» Հայաստանում»:
«Հայլուրը» և, ընդհանրապես, հայաստանյան շատ հեռուստաընկերություններ, թվում է` առաջնորդվում են խորհրդային գաղափարախոսությամբ. երկրում ամեն ինչ լավ է, ծաղկում է, մարդիկ երջանիկ են, տնտեսությունը զարգանում է, և գնում ենք դեպի պայծառ ապագա:

Սա անընդունելի, բայց հասկանալի տրամաբանություն է. ամբողջատիրական երկրներին բնորոշ մարդկանց ուղեղների լվացման ու բթացման անընդունելի, բայց գործուն մեխանիզմ:

Բայց երբ դրա հետ մեկտեղ հաճախ լիովին խախտվում են լրատվության ամենատարրական կանոնները, այդ ժամանակ զայրույթը խեղդում է, առավել ևս, երբ նույն «Հանրային» հեռուստատեսությունն ու «Հայլուր» լրատվական հաղորդումը սնվում են հենց իմ և ինձ նման Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերից գոյացած բյուջեից:

Այսինքն` մենք վճարում ենք խաբվելու համար. սա ընդունելի է թատրոն գնալիս, բայց ոչ երբեք լրատվական հաղորդում դիտելիս:

Երկուշաբթի համաներման արդյունքում դատարանի դահլիճից ազատ արձակվեցին ընդդիմության չորս գլխավոր ակտիվիստները: Անկախ անձնական ու քաղաքական համակրություններից` պետք է ընդունել, որ դա օրվա թիվ մեկ նորությունն էր, որը գրավեց բոլոր թերթերի առաջին էջերը, հեռուստաընկերությունների լուրերի եթերը, բայց ոչ «Հայլուրի»:

Օրվա թիվ մեկ լուրը գնաց 25 րոպեանոց «Հայլուրի» 22-րդ րոպեին:
Նախ տրվեց պաշտոնական լրահոս. նախագահն ընդունել է Էմիրությունների արտգործնախարարին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ):

Սպասվում էր, որ պաշտոնական լրահոսից հետո կլիներ համաներման սպասված հետաքրքիր սյուժեն, բայց ոչ, դեռ «շատ կարևոր» լուրեր կային:

Պաշտոնական լրահոսին հաջորդեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» խորհրդի նիստի մասին տեղեկությունը, այնուհետև «Արցախ-բրիջ» համաժողովինը, ընդ որում` նշված բոլոր հինգ լուրերը մատուցվեցին առանց տեսանյութերի: Դրանց մասին հիմնականում պատմում էր հաղորդավարը, լավագույն դեպքում` նրա խոսքն ուղեկցվում էր որոշ կադրերով:

Սրան հաջորդեց առաջին տեսանյութը` Ղարաբաղում տեղի ունեցած «Ո՛չ կոռուպցիային» համաժողովի մասին, որտեղ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երկար ժամանակ խոսում էր այն մասին, թե ինչ «սարսափելի հիվանդություն է» կոռուպցիան:

Հաջորդը ևս համաներումը չէր, այլ մի ռուսական լրատվական գործակալության` տարածաշրջանին վերաբերող վերլուծություն, իսկ հետո` երկար սյուժե Ծաղկաձորում անցկացված տարածաշրջանային խնդիրներին նվիրված համաժողովից: Դրան հաջորդեց Իրանում ցուցարարների դաժան ծեծի տեսարանները ներկայացնող տեսանյութը (մի բան, որ երբեք չհնչեց ու չցուցադրվեց անցյալ տարի հայաստանյան իրականության մասին):
Ի վերջո, հնչեց սպասված լուրը:

Ազգիս «Հանրային» հեռուստատեսությունն առանց որևէ տեսանյութի վերջում ներկայացրեց «ոչ այնքան կարևոր» լուրը: Ընդհանուր իրավասության դատարանի շենքի նկարի ֆոնին հաղորդավարը պարզապես նշեց, որ չորս ընդդիմադիրների, որոնք դատապարտվել էին հինգ տարվա ազատազրկման, համաներման շնորհիվ ազատ են արձակել:

Ցավալի է, բայց սա եզակի դեպք չէ և ոչ թե պրոֆեսիոնալիզմի պակասի հետևանք է, քանի որ «Հայլուրում» աշխատում են բավական հմուտ լրագրողներ, այլ քաղաքական պատվերի:

Նույնիսկ ամենացինիկ քննադատը կհասկանար, որ «Հայլուրն» ինքը կորցրեց հնարավորությունը, քանի որ կարելի էր իշխանություններին գովերգող լավ տեսանյութ պատրաստել համաներման թեմայով` հետևելով խորհրդային գաղափարախոսության սկզբունքներին:

Պարզապես գործել է մյուս մարտավարությունը. արհամարհել, չխոսել, որ մարդիկ մոռանան այդ մասին:

Մեզնից շատերը լուրեր ստանալու այլընտրանք ունեն (օրինակ` ինտերնետը) և կարող են չընդունել գործող վարչախմբի «խոսափողը»` «Հայլուրին», սակայն բազմաթիվ հայերի համար «Հանրային» հեռուստատեսությունը տեղեկատվության միակ աղբյուրն է, և շատերը հավատում են նրան:

Բոլորս վճարում ենք խաբվելու համար: «Հայլուրի» դիմակահանդեսը» Հայաստանի վիճակն ավելի է վատթարացնում: Վատթարացնում է, քանի որ շատերը «գնելու» այլ տեղեկատվության աղբյուր չունեն: