Նամակ տուն. սփյուռքահայը բացահայտում է Հայաստանն ու «հայի ինքնությունը»

Երբ լսեցի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևան ամառային գործուղման ծրագրի մասին, անմիջապես դիմեցի` հույս ունենալով, որ հնարավորություն կունենամ մարտահրավեր նետելու ինքս ինձ` հարմարվել և հաղորդակցվել իմ երկրի սահմաններից դուրս այլ մշակույթի:

Ես կարծես թե մի փոքր գերագնահատել էի այլ մշակույթի տարրեր փոխառելու իմ ունակությունները: Ես պատրաստ չէի փողոցում կնոջ նկատմամբ հայ տղամարդու վերաբերմունքին: Սակայն, կարծում եմ` սա լավագույն միջոցն է հասկանալու նման դրսևորումները` որպես սովորելու հնարավորություններ և ընդունելու մշակութային նորմերն այնպես, ինչպես դրանք կան:

Հենց այս մոտեցմամբ եմ հասկանում, թե իրականում որքան եմ սիրում այս երկիրը:

Չնայած մշակութային տարբերությանը` բուռն հետաքրքրությամբ եմ դիտում, թե ինչպես են մի խումբ հայ երեխաներ ֆուտբոլ խաղում այն փողոցի մեջտեղում, որտեղ ապրում եմ: Դա ինձ ապշեցնում է, քանի որ վտանգավոր փորձություն է` նկատի ունենալով, թե ինչպես են տաքսու վարորդները երթևեկում` առանց ճանապարհի աջ ու ձախ կողմը նայելու, երբ խաչմերուկ են անցնում կամ կանգ չեն առնում նախքան շրջադարձ կատարելը:

Այդուհանդերձ, տարօրինակ կապվածություն եմ զգում այս հողի հետ, որը մի փոքր ծանոթ է, բայց... Երբ չորս տարի առաջ Հայաստան եկա, մեջս արմատավորվել էր սփյուռքում լայն տարածում գտած մտայնություն` գնում եմ արմատներս գտնելու և նախնիներիս հայրենիքում խորհրդավոր, մետաֆիզիկական փորձ ձեռք բերելու:

Սակայն այժմ, հաղթահարած այս բավական միամիտ մտածելակերպը, ցանկանում եմ զարգացնել նոր տեսանկյուն: Համոզված եմ, որ այս ընկալումը առաջինից ավելի խորն է, քանի որ հաղթահարում եմ ռոմանտիկ մոտեցումը: Նույնիսկ տեղանքի ֆիզիկական առանձնահատկությունները նույնը չեն, առավել ևս` սոցիալական և քաղաքական կողմերը: Քաղաքի բնակիչների նման` փոխվում և աճում են նաև շրջանները, և դա կատարվում է նաև այսօր:

Վայրէջք կատարելուց հետո չճանաչեցի անգամ «Զվարթնոց» օդանավակայանը: Այդ պահից ի վեր, թեև շատ լավ էի զգում, որ վերադարձել էի, հասկացա` ամեն ինչ փոխվել է, և այլ տպավորություն էի ունենալու` նախորդից լրիվ տարբեր:

Այժմ, երևակայական նախնիներիս փնտրելու փոխարեն, ավելի կենտրոնացած եմ հարմարվելու քաղաքի ներկայիս մշակույթին և փորձելով գտնել ինձ դրանում` փոխարենն իմ մեջ այն գտնելու: Աշխատանքի գնալիս և վերադառնալիս երթուղային եմ նստում և փորձում փոխել առոգանությունս` ավելի հարմարեցնելով այն արևելահայերենին: Կարծեմ` դա է պահանջվում, որպեսզի իրապես զգամ, որ ճաշակել եմ նոր միջավայրը: Ուշադիր դիտում եմ շրջապատիս մարդկանց և հետևում նրանց օրինակին, որն անում եմ զգույշ և աննկատ` ինքնահավան և մեծամիտ չթվալու համար, որքանով ինձ թույլ է տալիս ազգիս հեղինակությունը: Հասկանալի է, որ հինգ շաբաթը շատ քիչ է լրիվ հարմարվելու համար, սակայն ինձ համար կարևորն այն է, որ հնարավորինս հարմարեցնեմ գաղափարախոսությունս և փոխեմ աշխարհայացքս, թեկուզև այսքան կարճ ժամանակում:

Այսպիսով, դեռ կշարունակեմ կրթությունս քայլ-քայլ` տեղացիների մոտ ինձ համեստ պահելով, և այստեղ իմ մնալու ընթացքում կփորձեմ սովորել նույնիսկ ամենափոքր մանրուքից: Գիտեմ` հաջորդ շաբաթներն արագ կանցնեն և կթռչեն ու, թեև գիտեմ, որ մեկնելս ցավալի է, սակայն որոշել եմ հարուստ փորձ ձեռք բերել, որն ինձ հիմք կտա զգալ, որ այն ճիշտ ինձ համար էր:

Դանիելլե Հարությունյանը Հարավային Կալիֆոռնիայի Օրինջ քոուսթ քոլեջի ուսանող է: Ուսումնասիրում է անգլերեն և զբաղվում գեղանկարչությամբ: Մասնակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Երևան ամառային գործուղման ծրագրին և ստաժոր է «Արմենանաուում»: