Ի պաշտպանություն Հայաստանի հերոսի. նախքան Փոստանջյանին խստորեն քննադատելը` մի պահ կանգ առնենք

Անկեղծ ասած` Հայաստանի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համարձակ է ու անվախ է:

Նա երիտասարդ առաջնորդի հատկանիշներ է հանդես բերում, որի կարիքը Հայաստանն այնքան ունի: Փոխարենը` նա անհեռատես «հայրենասերների» թիրախ դարձավ, որոնց համար Հայաստանն իրենց հեռավոր նախնյաց ժամանակների հզոր երկիր է, մինչդեռ այն մի թույլ երկիր է, որը հայտնվել է արդի տարածաշրջանային և միջազգային բանավեճերի կիզակետում:

Անցյալ շաբաթվա վերջին դիվանագիտական առաքելությամբ գտնվելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)` Փոստանջյանը մի փաստաթուղթ ներկայացրեց, որով կոչ էր արվում նորից անդրադառնալ և նոր լուծում գտնել Երևանում մարտիմեկյան դեպքերից հետո առաջացած խառնաշփոթին:

ԵԽԽՎ-ում Փոստանջյանի ներկայացրած առաջարկները (որտեղ դրանք չընդունվեցին) ստորագրեցին ադրբեջանցի և թուրք պատվիրակները: Փաստաթղթում կոչ էր արվում ազատ արձակել մարտիմեկյան դեպքերի հետ կապված բոլոր «քաղբանտարկյալներին»:

Ստրասբուրգից վերադառնալուց հետո «Ժառանգություն» խմբակցության անդամին կոչեցին դավաճան, գործընկերները մեղադրեցին Փոստանջյանին «փորձի պակասի» համար և, հավանաբար, շատ ազգայնականներ չարախնդացին. «Կնիկ ա, մազը` երկար, խելքը` կարճ» (տեղական դեղին մամուլից մեկը որակել էր նրան որպես «քաղաքական անբարոյականի»):

Փոստանջյանի վրա քաղաքական շրջանակների և հասարակ մարդկանց կողմից մեղադրանքների այնպիսի տարափ տեղաց, որ միայն ավելի ամրապնդեց այն ընկալումը, որ Հայաստանը զոհի բարդույթից, անպաշտպան հոտային մտածողության համախտանիշից տառապող երկիր է:

Փոստանջյանի հասցեին հնչած քննադատություններում (այդ թվում` «ԱրմենիաՆաուի» ընթերցողների) բացահայտ ասվում է, որ թուրք և ադրբեջանցի պատվիրակների աջակցությունը ստանալով` պատգամավորը դավաճանել է Ղարաբաղում թափված արյանը: Եռագույնից կուրացած նման ոչ տեղին ազգայնականությունը չի ընդունում այն նշանակալի փաստը, որ եթե Փոստանջյանի առաջարկներն ընդունվեին, Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից ևս կլինեին ազատ արձակվածների թվում: Թուրք և ադրբեջանցի պատվիրակները ստորագրել էին հօգուտ հանիրավացիորեն բանտարկված հայ «զինվորների» (թեև, մեր կարծիքով, նրանք չէին գիտակցում դա): Հայաստանից ո՞վ է նման հաջողության հասել:

Պատգամավորին տանը պետք է գովեին, այլ ոչ թե մեղադրեին: Ցավոք, ԱԺ-ում նրա ընդդիմախոսները մոռացել են (եթե, իհարկե, երբևէ իմացել են), թե ինչպես պետք է սեփական շահերը պաշտպանելուց և ամեն գնով քաղաքական ասպարեզում մնալուց զատ կատարեն իրենց պարտականությունները: Փոխարենը` նրանք ջուր են լցնում այն անհեռատես վայնասունի ջաղացին, որը հարուցեց Փոստանջյանի արարքը:

Աստծո սիրուն, եկեք հիշենք, թե այս ժամանակաշրջանում ուրիշ ինչեր են եղել Հայաստանի դիվանագիտության մեջ …

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն պարգևատրեց Պատվո շքանշանով` բարձրագույն պարգև, որը տրվում է օտարերկրյա քաղաքացիներին:

Շքանշանի արժանացած Սահակաշվիլին հակահայկական քաղաքականություն է վարում Վրաստանի Ջավախքի շրջանում ապրող 100.000 հայերի նկատմամբ, որոնք ազգային խտրականության են ենթարկվում: Նույն Սահակաշվիլին տարածաշրջանային հարցերում նախապատվությունը տալիս է Ադրբեջանին` մեծ մասամբ Ռուսաստանի նկատմամբ տածած ատելության պատճառով:

Որևէ մեկը Սարգսյանին դավաճան անվանե՞ց Վրաստանին հաճոյանալու համար: Փոստանջյանի նման Սարգսյանն էլ է իր առաջին պաշտոնավարման շրջանում: Նման վիճահարույց սխալ քայլը կարո՞ղ է դիտվել որպես «անփորձություն»:

Եկեք համաձայնենք, որ 37-ամյա Փոստանջյանը երիտասարդ է նման պատգամավորական պարտականության համար: Ենթադրենք` նրա սխալը երիտասարդության հետևանք է, ինչպես, օրինակ, գուցե, այն սխալը, որը գործեց Երևանի պետական համալսարանը` բուհ այցի ժամանակ Սահակաշվիլուն ոսկե մեդալ և ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելով: Կարիք կա՞ նշելու, որ նախագահ Սարգսյանը նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Նաև այս շաբաթ…

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Բաքու, որտեղ ակնարկեց, որ ինքն աջակցում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված այն գործընթացը, որն ապահովում է «տարածքային ամբողջականությունը»: Այսինքն` թող հայերը հետ վերադարձնեն այն ամենը, ինչը գրավել են, հետո ամեն ինչ լավ կլինի:

Սերժ Սարգսյանն այնպես է կառչել Մոսկվայից, ինչպես փոշեհատիկը փոշեկուլին: Դա նրան «դավաճա՞ն» է դարձնում: Ո´չ, դա նրան շրջահայաց քաղաքական գործիչ է դարձնում, որը գիտի` ում ձեռքում է իշխանությունը, երբ այն ո´չ իր, ո´չ էլ իր ազգի ձեռքում է:

Ինչո՞ւ պետք է Զարուհի Փոստանջյանին այլ կերպ դատեն:

Քաղաքական սկզբունքների առումով Փոստանջյանը ճիշտ էր, քանի որ սկզբունքորեն սխալ է քաղբանտարկյալ ունենալը, և թուրք ու ադրբեջանցի քաղաքական գործիչներին համոզել` աջակցել այս խնդրում, կնշանակի, որ իրենք իրենց երկրում նույնպես կսատարեն դրան: Ժողովրդավարները պաշտպանում են մարդու իրավունքները, դեմագոգները` ոչ: