Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի օգնականը խոսում է հայ-թուրքական հարաբերությունների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության նախարարի խորհրդականի օգնական Սելիմ Ենէրը մի խումբ հայ լրագորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը այս պահին կանգ է առել, որովհետև «խնդիրը շատ նուրբ է երկու երկների համար էլ»:


«Սակայն ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար: Մենք ՀՀ-ի անկախությունը ճանաչող առաջին երկրներից ենք եղել: Երկու երկրներն էլ քաջ քայլի գնացին ստորագրելով արձանագրությունները: Կանգ ենք առել վավերացման վրա: Սա էլ պետք է անենք, բայց դժբախտաբար կան նուրբ հարցեր, որոնք նույնպես պետք է նկատի ունենանք» - ասում է նա:

Այս շաբաթ ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Երկկողմ հայտնի արձանագրությունները ստորագրելուց հետո, թուրքական կողմը հրաժարվեց վավերացնել դրանք ԱԺ-ում: Հիմա մենք սպասում ենք, թե երբ Թուրքիայում կհայտնվի քաղաքական ուժ կամ կհայտնվեն քաղաքական առաջնորդներ, ովքեր պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսեւորել»:

Սելիմ Ենէրը բացատրում է, որ այս պահին եթե անգամ արձանգրույթունները մտնեն Թուրքիայի խորհրդարան, միևնույնն է չեն վավերացվի:

«Խնդիրը կապված է Ղարաբաղի հետ: Հայաստանը պետք է մի քայլ անի: Ինչ էլ լինի, մենք միշտ նկատի ենք առնելու Ադրբեջանին: Արձանագրությունների ստորագրման ժամանակ, Ադրբեջանը կարծում էր որ Թուրքիան իրեն դավաճանեց ու հարված հասցրերց թիկունքից»,-ասում է Ենէրը:

Խորհրդականի օգնականը նշում է, որ Թուրքիան ընդունել է նոր քաղաքականություն` խնդիրներ չունենալ հարևան երկրների հետ և գնալ բաց երկխոսության: Նա նշում է, որ այսօր 1915 թվականի հայկական ջարդերի մասին ավելի շատ են խոսում քան մի քանի տար առաջ, և պետք է այնպես անեն, որ «ապրիլի 24-ը պրոբլեմ չառաջացնի երկու երկների համար»:

«Եթե հայկական սփյուռքը չլիներ այսօր մեզ համար ավելի հեշտ կլիներ Հայաստանի հետ «լեզու գտնել» քան այսօր: Անշուշտ հասկանում եմ սփյուքռի ապրումները, և իհարկե նրանց մեծ մասը 1915թ-ի արդյունք են: Բայց այստեղ մեկ այլ կարևոր խնդիր կա, մենք մտածում ենք եթե Թուրքիան ընդունի, մենք չգիտենք թե ուր կտանեն մեզ հայկական կողմի պահանջները, այս մասին էլ պետք է խոսվի»,-ասում է նա:

Սելիմ Ենէրը ասում է, որ 1915 թվականի դեպքերը հայերի համար հաստատված իրականություն են, չկա հայ, որ ժխտի այդ իրականությունը:

«Մի օր պետք է լուծումը գտնվի, բայց չես գտնի մի հայ որ զիջի, չեն համաձայնվում, երբ ասում ես` նստենք խոսենք, տեսնենք դա ոնց է եղել: Ցեղապանությունը շատ դաժան բառ է, և որև է պետություն չի ցանկանա ասել, որ իր նախնիները ցեղասպան են եղել»,-ասում է նա: