Վրացական շրջափակում. Հայաստանն այլընտրանքային ուղիներ է փնտրում` ռուսական ռազմական բեռը Գյումրի փոխադրելու համար

Այս շաբաթ Վրաստանը չեղյալ է հայտարարել ռուս-վրացական համաձայնագիրը` երկրի տարածքով ռուսաստանյան ռազմակայանների ռազմական բեռների և անձնակազմի տարանցման կազմակերպման մասին:


Նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, իսկ խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել պայմանագրի լուծմանը, ըստ որի Ռուսաստանը Գյումրու 102-րդ ռազմակայանն ապահովվում էր ռազմական տեխնիկայով և կադրերով:

Հաշվի առնելով, որ Հայաստանի մյուս հարևանները Թուրքիան ու Ադրբեջանն են, անհասկանալի է` ինչպե՞ս է իրականացվելու ռուսական ռազմական տեխնիկայի փոխադրումը Հայաստան, մասնավորապես ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանը փակել է ոչ միայն ցամաքային, այլև օդային տարածքը:

Պարզ է մի բան. Վրաստանի իշխանությունների որոշումն ուղղված է օգոստոսին ստորագրված Գյումրում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին ռուս-հայկական արձանագրության դեմ:

Անցյալ տարվա օգոստոսին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի ժամանակ, Մոսկվան և Երևանը ստորագրեցին արձանագրություն` Գյումրում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու մասին. նոր ժամկետն ուժի մեջ կլինի մինչև 2046 թ.:

Հայկական պետության զարգացման հեռանկարի տեսանկյունից հայ-վրացական հարաբերություններն այնքան էլ չեն տարբերվում հայ-ադրբեջանականից: Խոսքը նույնիսկ երկրի տարածքից հայկական ժողովրդագրական տարրի դուրսմղման ծրագրի իրականացման կամ հայկական մշակութային հետքի` արձանագրությունների, եկեղեցիների, գերեզմանատների ծրագրված ոչնչացման մասին չէ:

Հիմնական խնդիրն այն է, որ Վրաստանը անդրկովկասյան տարածաշրջանի քաղաքական վերակառուցման նախագծի մասնակիցն է: Միակ դեպքը, երբ նման «վրացական առաքելությունը» դարձել էր բարձր մակարդակի քննարկումների թեմա, ՀՀ երկրորդ նախագահի կարճ բանավեճն է Վրաստանի ներկայիս նախագահի հետ: Այդ ժամանակ քննարկված թեմաները անմիջական կապ ունեին Հայաստանը շրջափակման մեջ պահելու «Թբիլիսիի ջանքերի» հետ:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ այսպես կոչված «աբխազական շրջափակումից» իրական վնաս կրող միակ երկիրը Հայաստանն է:

Դիմելով Միխեիլ Սաակաշվիլուն` նա նույնիսկ հարցրել է. «Ինչպե՞ս է հնարավոր շրջափակել Աբխազիան, եթե այն անկլավ չէ, Ռուսաստանի հետ պահպանում է ուղիղ ցամաքային, նաև երկաթուղային կապ և ունի նավահանգիստներ»:

Յոթ տարվա վաղեմության նման հարցադրումից ոչ առաջ, ոչ էլ հետո հայկական շրջափակման բնույթը պաշտոնապես չի քննարկվել Վրաստանի քաղաքականության ֆոնին: Խոսում էին և խոսում են շրջափակման ադրբեջանական և թուրքական ճակատների մասին, սակայն վրացականի մասին` երբեք: Ավելին` առանձնակի ընդգծվում է հյուսիսային հարևանի նշանակալի դերը առաջին անհրաժեշտության ապրանքներով հանրապետությունն ապահովելու հարցում, բերվում է վիճակագրությունը (բոլոր բեռնափոխադրումների ավելի քան 70%-ն իրականացվում է Վրաստանի տարածքով):

Վրացական փաստարկների մասին մի քանի խոսքն այս առնչությամբ ոչ մի արժեք չունի:

Երբ 90-ականների սկզբին Վրաստանի քաղաքացիները (Հայաստանին սահմանակից Մառնեուլի շրջանի ադրբեջանական բնակչությունը) շարունակ պայթեցնում էին հոսանքազրկված Հայաստանին վառելիք մատակարարող գազամուղը, երկրի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարում էր, որ հանրապետությունում խիստ բարդ ներքին իրավիճակ է, և իշխանություններին չի հաջողվում վերահսկել իրավիճակը բոլոր տարածաշրջաններում:

Ընդ որում, պայթյունները կազմակերպվում էին Թբիլիսիից ընդամենը 60 կմ դեպի հարավ, և բոլորի համար էլ պարզ էր, որ Վրաստանի ադրբեջանական բնակչությունը` որպես հայերի դեմ պատերազմի մասնակից, նման գործողությունների քարտ-բլանշ ունի:

Խուսափողական դիրքորոշում է զբաղեցնում նաև նրա հետնորդը` պետության ներկայիս ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, երբ «հիմնավորում» է Անդրկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի շրջափակումը, որը Հայաստանի միակ երկաթուղային ելքն է դեպի Ռուսաստան:

Մասնավորապես, նա այդ շրջափակումը որակում է «բնական» («քանի որ Աբխազիայում անջատողական վարչակարգ է»), թեև, ըստ վերը նշվածի, ոչ մի աբխազական շրջափակում գոյություն չունի` փակված է եղել միայն հայկական երկաթուղային վերջին ելքը դեպի Ռուսաստան:

Պայմանագիրը լուծելու այսօրվա որոշումը նույնպես կարող է ընդունվել որպես «բնական»` հաշվի առնելով 2008 թ. օգոստոսյան պատերազմը և ռուս-վրացական ներկայիս հարաբերությունները. ինչպե՞ս կարելի է պատկերացնել ողջ տարածքով թշնամական պետության ռազմական տեխնիկայի փոխադրումը, որն ուղղված է տարածաշրջանում նույն թշնամական երկրի դիրքերն ամրապնդելուն:

«Պարզ է`Ադրբեջանը թույլ չի տա Ռուսաստանին ռազմական տեխնիկա փոխադրել Գյումրու ռազմակայան: Այժմ Վրաստանն էլ է փակվում: Միայն մի ճանապարհ է մնում` Իրանի միջոցով: Իհարկե, այս ճանապարհը շատ դժվար է և թանկ, սակայն Ռուսաստանն այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չունի»,- ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է վրացի քաղաքական փորձագետ Մամուկա Արեշիձեն:

Հայաստանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանում Վրաստանի ղեկավարության որոշումը: