Ստամբուլ. հայ լրագրողն իրեն փոքր է զգում թուրքական մեծ քաղաքում

Ստամբուլում անցկացրած տասնվեցերորդ օրը փորձեցի ի մի բերել զգացմունքներս այս քաղաքի նկատմամբ ու հասկացա, որ զգացումների անբացատրելի միախառնումի մեջ առանձնակի ցցվում է մեկը`ամենաչսիրածս` նախանձը, ու սա այն «անմեղ» նախանձն է, որ ուղղակի անզորությունից է ծնվում:

Ստամբուլը հակասությունների քաղաք է, որտեղ մի փողոցը մաքրությունից փայլում է, օճառաջրով մաքրվում օրական մի քանի անգամ, մինչդեռ կողքի փողոցում կեղտից ու թափված աղբի գարշահոտությունից քայլել չի լինում:

Բայց այն, ինչ անընդհատ աչքիդ է զարնում, կանաչն է ու համատարած կակաչները: Դրանք ամենուր են, տարբեր գույների ու ձևերի, խնամքով մշակված, այնքան առատ են ու շատ, որքան երևանյան սրճարանները այգիներում:

Վստահ չեմ, թե ստամբուլցիներն ավելի քաղաքակիրթ են, քան երևանցիները, բայց, եթե մեզ մոտ տնկված եղևնիների տնկիները մի գիշերում գողացան, ու նորանշանակ քաղաքապետը ստիպված էր հայտարարել, որ տնկված տարածքները պետք է հսկի ոստիկանությունը, ապա այստեղ չեն գողանում, այլ խնամում են:
Հին շենքերն այստեղ չեն քանդում, բազում շենքեր կան անմխիթար վիճակում, գրեթե կիսաքանդ, բայց դա պատճառ չի դառնում այն քանդելու ու նորակառույց հսկա կանգնեցնելու համար:

Ստամբուլն աշխարհում եզակի քաղաք է, որի միջով ծով է անցնում, այն բաժանում է Ասիան Եվրոպայից ու միացնում Սև ծովը Մարմարա ծովին: Բոսֆորի նեղուցի երկու ափերին փռված 7500 քառ. կմ մեծությամբ այս քաղաքում են հատվում ու ներդաշնակորեն միաձուլվում Արևելքն ու Արևմուտքը:

17 մլն քաղաքը աճում է ահռելի տեմպերով` տարեկան մոտ 5 տոկոս աճում է քաղաքի բնակչությունը, և սա այնպիսի մի խնդիր է դարձել, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նախընտրական ծրագրերում ներկայացրել է Ստամբուլին հարակից երկու նոր քաղաքների կառուցման նախագիծ, որը պիտի բեռնաթափի քաղաքը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` օրական մոտ 4 մլն մարդ է մտնում քաղաք և դուրս գալիս:

Բայց տրանսպորտային ենթակառուցվածքներն այնքան զարգացած են, որ չես զգում ո´չ քաղաքի մեծությունը, ո´չ էլ բնակչության թվաքանակը:

Լինելով մի քանի պետությունների մայրաքաղաք (Բյուզանդական, Օսմանյան կայսրությունների ու նաև 330 թ. Հռոմեական կայսրության երկրորդ մայրաքաղաք)` Ստամբուլը կրում է այս բոլոր կայսրությունների ու կրոնների հետքերը, որոնք խնամքով պահպանվում են ու հսկայական գումարներ աշխատում դրանցից:
Միայն Սուրբ Սոֆիայի տաճար տարեկան այցելում է մոտ 1 մլն զբոսաշրջիկ, ու եթե հաշվենք, որ մուտքի տոմսն արժի մոտ 15 դոլար, ապա միայն այս տաճարը բերում է 15 մլն դոլար, մինչդեռ սա շատ փոքր մասն է Ստամբուլի և առհասարակ Թուրքիայի` զբոսաշրջությունից ստացած գումարների:

Քաղաքից ստացած առաջին տպավորությունը անվերջանալի անձրևն էր, տարատեսակ, անուշ ու տհաճ հոտերը, զբոսաշրջիկների խայտաբղետ բազմազանությունն ու կատուները... Կատուներն այս քաղաքի տերերն են ու թերևս միայն նրանք են այստեղ երջանիկ, միայն նրանք չեն շտապում, չեն փնտրում, նրանց կերակրում են ու փայփայում:

Զբոսաշրջիկների հոսքը գլխավոր` Իսթիքլալ փողոցում այնքան շատ է, որ հիշեցնում է ընդդիմության երթերը Մաշտոցի պողոտայով: Այս փողոցում միմյանց հերթ չտալով «էստի~ համեցեք են» կանչում տարբեր ռեստորանների, խանութների գիքորները:

Բոլորը գոռում ու գովազդում են իրենց ապրանքը, եվրոպական ճարտարապետությամբ գեղեցիկ փողոցում իսկական արևելյան մթնոլորտ է: Պաղպաղակ վաճառողները, երգելով, երկար ձողի վրա են պտտեցնում պաղպաղակն ու ստիպում անցորդներին համտեսել այն, մյուս կողմում երկար յաթաղան հիշեցնող դանակն է սրում շաուրմավաճառը, կոշիկ մաքրողներն էլ խոզանակները խփում են երկաթյա հաստոցին ու հրավիրում մաքրելու կոշիկները, չնայած այս քաղաքում նրանք անգործ են, քանի որ փոշի չկա:

Իսթիքլալում ամենահաճելի տեղը փոքր ռեստորաններն էին, որտեղ տնական, համեղ կերակուրներ էինք համտեսում, ու ամեն անգամ ուտելիս գովում էի, որ կարողանում են լավ բիզնես անել`էժան, բայց որակով:

Սակայն երբ հիվանդանոցում բուժքույրը երկար ու ցավոտ սրսկումներ էր անում, որ ինձ խելքի բերի թունավորումից, հասկացա, որ լրջորեն սխալվել եմ ու շտապել գնահատականներիս առումով, որոնց համար թանկ վճարեցի բառի բուն իմաստով:

Բայց որ այստեղ իրապես կարողանում են ճիշտ բիզնես անել, դրանում ոչ մի կասկած: Պիտի լինես Թուրքիայում, որպեսզի իրապես գնահատես երկրի տնտեսության հզորությունը, միայն թվերը, չնայած շատ խոսուն են, բայց քիչ են: Այստեղ արտադրվում է ամեն ինչ, իսկ արտահանման ծավալները կազմում են մոտ 113 մլրդ դոլար, երբ Հայաստանինը լավագույն դեպքում չի գերազանցում 1 միլիարդը:
Իրականում ցավ ես ապրում, երբ գիտակցում ես, թե ինչ հզորության դեմ ես դուրս եկել:

Վերջերս Թուրքիա այցելած Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտարարեց, որ «եթե Եվրամիությունը շարունակի մերժել Թուրքիայի անդամակցությունը, ապա առաջիկա 10 տարիներին նա կվերածվի «տնտեսապես հիվանդ» մարդու, քանի որ ԵՄ-ն տնտեսապես վատթար վիճակում է», իսկ Թուրքիան տնտեսության զարգացման տեմպերով երրորդ տեղում է աշխարհում ու առաջին տեղում` Եվրոպայում:

Մենք մի փոքր ոսկոր ենք` կանգնած Թուրքիայի կոկորդին, որի ազատ շնչելու համար աշխարհում այնքան պետություններ են շահագրգիռ, որ կօգնեն արագ ձերբազատվելու այդ «անկարևոր ոսկորից»: Ու սա զգում եմ ամեն օր ու հասկանում գրեթե ամեն հարցազրույցից հետո: