Ամերիկաբնակ ակտիվիստը կոչ է անում պայմաններ ստեղծել սփյուռքի ներուժը Հայաստանի բարեփոխումներին մասնակից դարձնելու համար

POLICY FORUM ARMENIA (PFA) կազմակերպության համահիմնադիր, տնտեսագիտության դոկտոր Դավիթ Գրիգորյանը կարծում է, որ եթե Հայաստանում պետական կառավարման համակարգը փոխվի, հստակ փոփոխություններ և իրական բարեփոխումներ տեղի ունենան, ապա շատերը կվերադառնան հայրենիք:

Գրիգորյանը, ով Հայաստանից մեկնել է 1994 թ. և աշխատում է Վաշինգտոնում գործող միջազգային կազմակերպություններից մեկում որպես ավագ տնտեսագետ, ցավով է նշում այն մասին, որ իշխանությունների կողմից ձևաչափեր չեն ստեղծվում սփյուռքի մարդկային ներուժը ներգրավելու համար:

Անդրադառնալով PFA կազմակերպության գործունեությանը, որը պարբերաբար զեկույցներ է պատրաստում Հայաստանի մասին, Գրիգորյանը նշում է, որ իրենք հայաստանակենտրոն են, ու իրենց նպատակը Հայաստանի հետ կապի մեջ մնալն է: (PFA-ն անկախ ոչ կառավարական ընկերակցություն է, որը գործում է որպես վերլուծական կենտրոն և շահերի պաշտպանության խումբ):

Կազմակերպության ներկայացրած Հայաստան-սփյուռք 20-ամյա հարաբերությունների վերաբերյալ վերջին զեկույցը հիմնականում լավ է ընդունվել սփյուռքահայության կողմից:

«Որքան էլ ցավալի էր, այդ զեկույցում մենք, փաստորեն, Հայաստան-սփյուռք հարաբերությունների անցած քսան տարիները գնահատեցինք իբրև կորսված, քանի որ չստեղծվեցին այն ինստիտուցիոնալ հիմքերը, որոնք զարգացման իրական հեռանկարներ կապահովեին և անհրաժեշտ էին ազգին` խուսափելու այնպիսի տատանումներից, ինչպիսին ունեցանք 2008-ին, և նոր ձևաչափերի որոնման կոչ էր արվում»,- ասում է Գրիգորյանը:

Վաշինգտոնում բնակվող ակտիվիստի խոսքով` փորձ չի արվում Հայաստան-սփյուռք հարաբերությունները ինստիտուցիոնալ դարձնելու, և այդ հարաբերությունները մնացել են «սփյուռքի էլիտա» և իշխանություն մակարդակի վրա: Մինչդեռ իրենց պատկերացրած Հայաստան-սփյուռք հարաբերությունները երկու կողմից էլ պետք է խարսխված լինեն քաղաքացիական հասարակության վրա, հատկապես նրա ակտիվ և արհեստավարժ տարրերով:

«Ներգրավվելով քաղաքացիական հասարակությունը ներկայացնող շարքային կառույցներին (մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, տնտեսական ուղղություններով զբաղվող կազմակերպություններ)` սփյուռքը շատ ավելի լավ կարող էր հասկանալ ժողովրդի առաջ ծառացած խնդիրները: Բայց անցյալում իշխանությունները, ցավոք, անում են այնպես, որ սփյուռքն իմանում էր այնքան, որքան իշխանություններին պետք էր»,- ասում է Գրիգորյանը:

Անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը, Գրիգորյանն ասում է, որ այդ գործընթացը նմանվում է անիմաստ «առ ու տուրի», ինչից սպասելիքներ չունի:

Հասարակությունում շահարկվող «երրորդ ուժի» մասին Գրիգորյանը նշում է, որ երրորդ ուժին հարկավոր է փնտրել ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Անկախությունից ի վեր Հայաստանից ուղղակի ու անուղղակի ձևերով դուրս է մղվել ժողովրդի մեկ երրորդը:

«Քաղաքական դաշտն այնպես են խեղաթյուրել և այլասերել, որ որակյալ և կարող մարդիկ դուրս են եկել Հայաստանից: Եվ հիմա հենց Հայաստանում մնացյալները պետք է հասկանան, որ այդ տարրի վերադարձը բխում է բոլորի և առաջին հերթին` ՀՀ քաղաքացու շահերից»,- ասում է նա: