Ընտրություններ հարևան երկրում. տեղի փորձագետների կարծիքով՝ Իրանի խորհրդարանական ընտրությունները չեն ազդի Հայաստանի վրա

Հայ իրանագետը համոզված է, որ իսլամական հանրապետությունում անցկացված խորհրդարանական վերջին ընտրությունները որևէ կերպ չեն ազդի Իրան-Հայաստան հարաբերությունների կամ Իրանի արտաքին քաղաքականության վրա:


Ուրբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ են տարել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հակառակորդները՝ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կողմնակից պահպանողականները:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի կարծիքով՝ Իրանն այն երկրներից չէ, որտեղ նման իրադարձությունները մեծ փոփոխություններ առաջացնեն արտաքին քաղաքականությունում:

«Նրանք [Թեհրանում] մշակում են երկարատև քաղաքական կուրս, օրինակ՝ մշակում են ծրագիր, որին հետևում են քսան տարի շարունակ: Կարող են լինել որոշակի փոփոխություններ, բայց դրանք հիմնական փոփոխություններ չեն լինի»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասաց Իսկանդարյանը:

Նախագահ Ահմադինեժադի պարտության մասին է վկայում նաև այն փաստը, որ նույնիսկ նրա կրտսեր քույրը չկարողացավ իր հարազատ քաղաքում հաղթանակ տանել պահպանողականների նկատմամբ:

Համաձայն ընտրության նախնական արդյունքների` Իրանի իններորդ Մեջլիսի 290 տեղերից մոտ 3/4-րդը զբաղեցրել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի կողմնակից պահպանողականները: Ընտրություններն անցան լարված պայքարում, քանի որ լարված են Ահմադինեժադի և այաթոլլահ Խամենեիի հարաբերությունները: (Լարվածությունը սկսվել էր անցյալ տարվանից, երբ նախագահը փորձել էր ընդլայնել իր լիազորությունները՝ գերագույն հոգևոր առաջնորդի լիազորությունների հաշվին): Իրանը չի թույլատրել միջազգային դիտորդներին հետևել ընտրությունների ընթացքին, սակայն արևմտյան լրատվամիջոցները հնարավորություն ունեցել են լուսաբանել դրանք:

Ընտրություններին 290 տեղի համար պայքարել է 3400 մարդ: Այդ տեղերից հինգը պատկանում են Իրանի կրոնական փոքրամասնություններին, որից երկուսը` հայերին: Հայ պատգամավորները ներկայացնում են հյուսիսային և հարավային իրանահայության շահերը: Կրոնական փոքրամասնություններն առանձին են քվեարկում իրենց թեկնածուների օգտին:

Իրանագետ Իսկանդարյանը փոխանցեց, որ հայ համայնքը շատ ակտիվորեն է մասնակցել քվեարկությանը, և նրա խոսքով՝ ընդհանրապես հայ համայնքը միշտ ակտիվ ընտրազանգված է եղել:

Իսկանդարյանի գնահատմամբ՝ հայ պատվիրակները սովորաբար կարողանում են հայ համայնքին հուզող հարցրերը բարձրացնել Մեջլիսում:

«Նույնիսկ ութերորդ պառլամենտական ժողովի ժամանակ նրանք կարողացան Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնել` շատ մեղմ, նուրբ եղանակով»,- ասել է նա՝ հավելելով, որ, իհարկե, Իրանում նման քննարկումներն անընդունելի են՝ հաշվի առնելով նրա ներկայիս քաղաքականությունը:

Սովորաբար ասում են, որ հայ-իրանական հարաբերությունները «բարձր մակարդակի» վրա են: Սակայն, օրինակ՝ 2007 թ. Հայաստան այցի ընթացքում նախագահ Ահմադինեժադն անակնկալ հետ վերադարձավ Թեհրան, ինչը ենթադրությունների տեղիք տվեց, որ Իրանի նախագահը խուսափել է Հայաստանի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց, որը նրա այցի օրակարգում էր: Իրանի նախագահը Ծիծեռնակաբերդ չայցելեց նաև անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Երևանում էր: