Տեսակետ. մայիսի 6-ից հետո նախագահական ընտրությունները` կանխորոշվա՞ծ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը երեկ բացարձակ իշխանություն ձեռք բերեց` Ազգային ժողովում ստանալով 69 տեղ: ՀՀԿ-ն` 69, մյուսները միասին` 62: Սա դարձավ 62 տոկոս մասնակցություն ապահոված ընտրությունների ամենաանսպասելի արդյունքը:

Ւրական կյանքում այս արդյունքն անհավանական է: Տնտեսական անկման հինգ տարիներից հետո Հայաստանի Հանրապետությունը միասնաբար վերընտրում է այն ղեկավարությանը, որը գոյատևելուց զատ ոչ մի առաջընթաց չկարողացավ ապահովել, այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունից սկսած մինչև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «գլխատվեցին» իրենց երկրներում անցկացված ընտրություններում` նույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեքստում:

Այդ ինչպե՞ս: Ինչո՞վ է Հայաստանը տարբերվում մյուսներից: Պատասխաններից մեկը կարող է լինել համատարած վաճառված ձայների գործուն մեխանիզմը: Մյուս հնարավոր պատասխանն այն է, որ չկա իշխող ռեժիմին հավատ ներշնչող այլընտրանք:

Թե իրականում դա ինչպես ստացվեց, կասեն գիտնականները մայիսվեցյան «դիահերձումից» հետո: Պատահածի հետևանքները պարզ կդառնան գալիք ձմռանը նախագահական քարոզարշավի «հղիության» շրջանում, որն այժմ սկսվել է:

ՀՀԿ-ն այլևս կոալիցիայի կարիք չունի: Ոչ էլ նույնիսկ «ձևական բնույթի» կոալիցիայի, ինչպես ասում է նախկին արտգործնախարարը` ներկայումս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համախոհը: Եթե ՀՀԿ-ն Հայաստանում 2008 թ. նախագահական հետընտրական պայթյունավտանգ շրջանում ստիպված էր բոլորի հետ «լավ լինել» և պահել խաղի կանոնները, ապա այժմ խաղահրապարակն էլ իրենը, խաղալիքներն էլ, դարպասի բանալիներն էլ:

Նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությանն են պատկանում բոլոր նախարարական պորտֆելները և փաստորեն ԱԺ-ը` մանդատների բացարձակ մեծամասնության շնորհիվ, ուրեմն էլ ինչու մյուս կուսակցությունները պետք է իրենց նեղություն տան, գան խորհրդարան` քվեարկելու վարչապետի առաջարկած որևէ օրենսդրական նախաձեռնության համար:

Եթե կիրակի անցկացված ընտրություններից առաջ հակաՀՀԿ-ական տրամադրությունները կարելի էր որպես «ընդդիմություն» որակել, ապա այժմ այն պարզապես և վերջնականապես կարելի է «անկարևոր» սահմանել: ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անապատում կանչողի ձայնից վերածվեց անտառում տապալված ծառի, որի ձայնը ոչ ոք չլսեց: 14 կուսակցություններից բաղկացած ՀԱԿ դաշինքը մի կերպ հաղթահարեց խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ շեմը` ձայների 7 տոկոսը: Ըստ էության, դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրը ստացել է կես տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ դրանք առանձին-առանձին տասնապատիկ թույլ են «Ժառանգությունից», որի առաջնորդի հասցեին Տեր-Պետրոսյանը մեկ տարի առաջ վիրավորական արտահայտություն էր թույլ տվել՝ անվանելով նրան ճշմարիտ ուղուց շեղված:

Կիրակի կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ լայնորեն շրջանառվում էր կարծիք, թե ԲՀԿ-ին կհաջողվեր սասանել ՀՀԿ մենաշնորհը: Սակայն եղավ հակառակը, և այժմ, ինչ կանեի՞ք, եթե Ծառուկյանի տեղը լինեիք: Նույնիսկ Հայաստանում ամենաուժեղ մարդը (փոխաբերական կամ ժամանակին նույնիսկ ուղղակի իմաստով) պետք է իր տեղն իմանա քաղաքական մեքենայի դեմ պայքարում և գիտակցի, որ վերջինս իր բազկի ուժին չի ենթարկվի:

Իսկ Ծառուկյանի քաղաքական կնքահա՞յրը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նը: Նա ընտրություններից մի քանի օր առաջ բացառիկ հարցազրույց տվեց՝ գրգռելով վերլուծաբանների ախորժակը: Արդյոք նա կմասնակցի՞ 2013-ի նախագահական ընտրություններին: Ի՞նչ տեղ կզբաղեցնի Օսկանյանը, երբ Քոչարյանը վերադառնա մեծ քաղաքականություն: Ինչ որոշումներ էլ կայացրած լինեին այս հարցերի առնչությամբ, դրանք իրականացնելը հավանաբար ավելի բարդացավ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրակի երեկոյան փակեց դռները և բացեց քվեատուփերը:

Արդյոք կիրակի կայացած ընտրությունները Սերժ Սարգսյանին ժողովրդի հավանության հանրաքվե՞ էին:

Իշխանությունը` գրպանում, անտարբերությունը՝ իր օգտին, կուսակիցներն էլ 10.000 դրամ ընտրակաշառքով ձայներ են գնում. որքանո՞վ է կարևոր հավանությունը: