Մոր սիրտը. Ղարաբաղ կատարած ուղևորության ընթացքում մոր մեջ միախառնվել էին հայրենասիրության և ապագա զինվոր որդու համար վախի զգացումները

Արցախի մուտքն ազդարարում է`«Ձեզ ողջունում է ազատ Արցախը» ցուցանակը: Այս նախադասությամբ ամեն ինչ է ասված է. մեր հայրենիքի 11.458 քառ. կմ հատվածի անառիկ սահմանները հսկում է ԼՂՀ պաշտպանության բանակը:

Առաջին անգամ եմ մեկնում առաջին գիծ`մարտական դիրք:

Ներսս փոթորիկ է` երկու տարուց իմ տղան է զորակոչվելու բանակ: Մի կողմից պարուրված եմ հայրենասիրությամբ, մյուս կողմից` ինքս ինձ հարցնում եմ` իսկ դեմ կլինե՞մ, որ նա իր զինվորական ծառայությունն անցկացնի Արցախում, բարձրանա մարտական դիրքեր, որտեղ մի քանի մետրի վրա թշնամու հենակետերն են, թշնամու գնդակը` ուղղված հայ զինվորին: Արդյոք այդքան խիզա՞խ եմ, այդքան նվիրյա՞լ, արդյոք միակ որդուս կթողնե՞մ բաց ծով, որտեղ վտանգը ոչ միայն կանխատեսվող է, այլև իրական:

ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը Երևանից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ միայն 2011 թվականին թշնամու դիպուկահարի կրակոցից զոհվել է 9 զինծառայող: Այս տարի այդ թիվը նվազել է, բայց փոխարենը շատացել են ինքնասպանությունները: Թվեր չեն նշում: Ու թվեր անհրաժեշտ էլ չեն, մեկ զինվորի մահն իսկ արդեն ողբերգություն է բոլորիս համար: Մոլորվում եմ. ինչո՞ւ պետք է առողջ, գիտակից 18-ամյա տղան ինքնասպանություն գործի, ու ինչո՞ւ պետք է թիվն ավելանա: Գուցե այդ ամենը որակվում է ինքնասպանության քողի տա՞կ:

Դիտարկում եմ իրավիճակը որպես ծնող ու ինքս ինձ հաստատում մահվան պատճառները` դիպուկահարի կրակոց, միջանձնային կամ սպա-զինվոր դժվարին հարաբերություններ: Որպես լրագրող հաճախ եմ լուսաբանել բանակում տեղի ունեցած սպանությունները: Հիշում եմ, երբ հինգ տարի առաջ նյութ էի գրում Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի N զորամասում սպանված Տիգրան Օհանջանյանի մասին, նրա մայրը` Գոհար Օհանջանյանը, ասաց. «Չթողես տղադ գնա ծառայության, մի բան արա, ազատի, դուրս հանի երկրից»: Ըստ քրեական գործի` Տիգրանը դուրս է եկել զորամասից, կպել զորամասի կապի հանգույցի մոտ տեղակայված ալեհավաքը պահող ձգալարին [տրոս] և հոսանքահարվել: Մինչ օրս պաշտոնական վարկածը չի ապացուցվել:

2010 թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական հենակետերից մեկում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը ասում է. «Ես ու մայրս շարունակ ասում ենք` Արտակին էլ հետ չես բերի, բայց գոնե կկարողանանք կանխել ուրիշ Արտակների մահերը»: ՊՆ քննչական ծառայության պաշտոնական վարկածով` Արտակն ինքնասպան է եղել:

Դեպքերը շատ են, ու սիրտս սեղմվում է երկու կողմից` հայրենի հող, թշնամի, անկախություն, վեհ ու մեծ գաղափարներ` ազգային գիտակցության հետ կապված:

Մեզ հետ են ավելի տարիքով լրագրողներ, նրանցից մեկի` Գոհարի տղան մեր այցելած զորամասում է ծառայում: Մայր ու որդի ողջագուրվում են, ես կուլ եմ տալիս արցունքներս, երկուսին նայում հպարտությամբ: Գոհարի տղան գոհ է ծառայությունից: Մյուս լրագրողի` Անուշի տղան ծառայում է Մատաղիսում, մենք այնտեղ չենք այցելելու: Անուշն իր տղայի կարոտն առնում է այս զորամասի զինվորներից: Մեջս մի զգացողություն է խոսում` մեր երեխեքն են, բոլորը մի տնից, ի՜նչ սպանություն, ի՜նչ ինքնասպանություն, ինչո՞ւ պետք է սպան իր որդու նման չվերաբերվի զինվորին: Այնտեղ` դիրքերում, զինվորն է մեր հողը պահողը, մեր խաղաղության երաշխավորը, մեր քաջ տղերքը:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը դիպուկ էին. «Ամեն անգամ այստեղից վերադառնում ես Երևան մի քիչ ավելի հայ դարձած»:

Երկու օր շարունակ իրեն ամուր պահած Գոհարը փուլ է գալիս`ամեն զինվորի մեջ իր որդուն է տեսնում, ամեն զինվորի հետ ապրում է նրա հոգսը: Ես էլ եմ հուզվում, ե՞ս ինչպես կդիմանամ, բայց կդիմանա՞մ: Այս այցելությունը մեջս շատ բան է փոխում. որպես ծնող սկսում եմ հավատալ, վստահել, մեջս կոտրում եմ բանակի հանդեպ ունեցած պատնեշս, որպես լրագրող փնտրտուքների մեջ եմ: Չեմ ուզում մտածել, թե մեր այցելությունն է պատճառը, որ այս զորամասում ամեն ինչ կարգին է` մաքուր, տեղը տեղին, կարգ ու կանոնով:

Գիշերային զբոսանքն է. տղաները հայրենասիրական երգեր են երգում, այդ երգով են ամեն օր սնվում Արցախի հզոր լեռները: Նրանց երգից հայրենիքի հանդեպ սերս խեղդում է կոկորդս… Հիշեցի ու կարոտեցի 1992-ին պատերազմում զոհված մեր բակի 21-ամյա Մխիթարին, որն ինձնից մեկ տարով էր մեծ…

Ու հիմա ո՞նց կարող եմ որդուս փախցնել կամ չուղարկել… Հայրենիքի գաղափարը ամենավեհն է, չեմ ուզում կոտրել այն որդուս մեջ… այդտեղից է սկսվում ուրացումը: Նա հպարտանում է` մենք պատերազմում հաղթանակած ժողովուրդ ենք: Բայց և չեմ ուզում, որ նրան ուրիշները կոտրեն: Ուզում եմ տեսնել այն բարձրաստիճան պաշտոնյայի որդուն, ով ավտոմատն ուսին կանգնած կլիներ Գավառից, Գյումրուց, Մասիսից, Էջմիածնից կամ Վանաձորից զորակոչված զինվորի կողքին:

ԼՂՀ Մարտունու N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնակատար Շահեն Նավասարդյանը անթաքույց հպարտությամբ ասում է. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում»: Ուզում եմ էլի օրինակներ լսել, բայց չկան: Հայրենիքը բոլորինս է, և, անկախ պաշտոնեական դիրքից, բանակ պետք է զորակոչվեն բոլորիս որդիները:

«Ինչպես ընտանիքում ծնողը զավակին մեծացնում է այն հույսով, որ վաղը նա պետք է իրեն պահի, իսկ ծնողին պահելու առաջին քայլը սկսվում է հենց խրամատից: Երբ պատերազմն սկսվեց, բանակից խուսափելու այդ հոգեբանությունը մարդկանց մեջ չկար, Հայաստանից ի՜նչ տղերք էին մեզ մոտ եկել…» - ասում է Նավասարդյանը:

Մարտական դիրքից է սկսվում ու ավարտվում Հայաստանը, ու այդ դիրքում կարող է նաև իր որդին կանգնել: