Վրաստանը և նրա «հայկական ուղին». Թբիլիսին օրինակ է վերցնում իր հարավային հարևանից` Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար

Մարտին Թբիլիսիում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ տեղի է ունենալու վրաց-ռուսական բիզնես-համաժողով. համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի 23-ին Դավոսում` Վրաստանի ազգային ներդրումային գործակալության ղեկավար Գեորգի Պերտայայի հետ Ռուսաստանի բիզնես ասոցիացիայի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում:

Ամեն ինչից դատելով` Ռուսաստանը վերադառնում է Վրաստան, և նոր իշխանությունը` ի դեմս Բիձինա Իվանիշվիլու, ճանաչում է երկրից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անջատման փաստը, որոնց անկախությունը Մոսկվան ճանաչեց 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո: Պատահական չէ, որ 2008-ից ի վեր առաջին անգամ կայացավ Վրաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը:

«Երբ քեզնից խլում են հողերը, երբ իրականացվում է քո տարածքների օկուպացիա, դու, բնականաբար, պետք է բարձրաձայնես այդ մասին: Իսկ հիմա տեղի է ունենում այս ամենի խիստ հետևողական էրոզիա, և հայտնվել են Վրաստանի դիրքերի թուլացման նշաններ»,- Դավոսում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Վրաստանում իսկական պատերազմ է սկսվել նախագահ Միխեիլ Սաակաշվիլու և վարչապետ Բիձինա Իվանիշվիլու միջև: Սաաակաշվիլին պնդում է, որ Վրաստանը պետք է հետևողականորեն շարունակի իր ուղին դեպի Եվրոպա և ՆԱՏՕ, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցի միայն Աբխազիայի օկուպացիան վերացնելու պայմանով, իսկ Իվանիշվիլին առաջին իսկ օրից կարգավորում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, թեև չի էլ հրաժարվում արևմտամետ ուղեգծից:

Այս իմաստով ուշագրավ է Հայաստանի դերակատարությունը: Հունվարի 17-ին գտնվելով Երևանում` Բիձինա Իվանիշվիլին ասել է, թե նախանձում է Հայաստանին, որը կոմպլեմենտար քաղաքականություն է վարում և լավ հարաբերություններ պահպանում թե´ ՆԱՏՕ-ի և թե´ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ: Նույն օրը Սաակաշվիլին արտահայտել էր իր զայրույթը` հայտարարելով, որ «Հայաստանի ուղին» Վրաստանի համար անընդունելի է:

Փաստորեն, եթե նախկինում Հայաստանը ձգտում էր գնալ «վրացական ուղիով»` կառուցելով ժողովրդավարություն և ազատական տնտեսություն, ձգտելով դեպի Արևմուտք և հայտարարելով եվրաինտեգրման մասին, ապա այժմ Վրաստանը որոշել է գնալ մանևրելու «հայկական ուղիով», ավելի շուտ` Ռուսաստանի ազդեցության գոտի վերադառնալով:

Երևանում իր հայտարարություններով Վրաստանի վարչապետը հարցականի տակ դրեց վերջին 20 տարիների ընթացքում այս երկրում անցկացվող զարգացման հայեցակարգը, համարում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության հայկական վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա նշեց, որ Իվանիշվիլու նման ուղեգծի հաջողությունը քիչ հավանական է, քանի որ նրա իսկ դաշինքի ներսում գերակշիռ մասը հանդես է գալիս արևմտամետ ուղեգծի շարունակության օգտին:

Հայկական ուղին` նրա հարաբերությունները Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հետ, անընդունելի են Վրաստանի համար և հակասում են նրա պետական շահերին, հայտարարել է «Միասնական ազգային շարժման» (Վրաստանի նախագահի կուսակցության) գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբաշվիլին: Իսկ Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նիկոլոզ Վաշիկիձեն ստիպված էր հրաժարական տալ, նրա հեռացումը պայմանավորված էր Հայաստանում Իվանիշվիլու հայտարարությամբ:

Հայաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ վրաց-ռուսական պասիանսում: Դրանից պետք է օգտվի հայաստանյան դիվանագիտությունը, հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայաստանը շահագրգռված է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերագործարկմամբ, որը կմիացնի Հայաստանը և Ռուսաստանը, հունվարի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս այս հարցին և պատրաստ է ջանքեր գործադրել նրա շուտափույթ լուծման համար:

Ամենայն հավանականությամբ, Հայաստանն իրոք միջնորդ է դարձել Վրաստանի և Ռուսաստանի միջև: Ուշագրավ է, որ Վրաստան վերադառնալուց անմիջապես հետո Իվանիշվիլին մի քանի կարևոր քայլեր ձեռնարկեց հօգուտ Հայաստանի: Հինգշաբթի բանտից ազատ արձակվեց քաղբանտարկյալ, վրացահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանը: Բացվել է հայ պատգամավոր Շիրակ Թորոսյանի մուտքը Վրաստան, որին արգելում էին մեկնել հարազատ Ջավախք: Իսկ Թբիլիսիում անցկացվեց Վրաստանում հայկական եկեղեցիների պահպանության համատեղ խմբի առաջին նիստը:

Այն, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները մտադիր են կարգավորել հարաբերությունները, ըստ էության, շահեկան են Վրաստանի համար, հատկապես, դա վերաբերում է երկաթգծի բացմանը: Սակայն հազիվ թե վրաց-ռուսական բարեկամությունը սահմանափակվի աբխազական երկաթգիծը բացելով: Ավելի շուտ, իրոք, Վրաստանը հետքայլ կկատարի դեպի հետխորհրդային իրողություն և հին արժեքներ: Ըստ ամենայնի, «հայկական ուղին» Կովկասում դարձել է հիմնականը: