Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր «ճանապարհային քարտեզի» մասին խոսակցություններն աշխուժացել են Դավութօղլուի երևանյան այցից առաջ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է «Առավոտ» օրաթերթում հրապարակված այն տեղեկատվությունը, թե Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր «ճանապարհային քարտեզ» է մշակել և «դիվանագիտական խողովակներով» փոխանցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:

Նոր «ճանապարհային քարտեզը» պարունակել է երեք կոնկրետ հանգրվան՝ Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը և ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջև։ Անհապաղ բացում է Հայաստան-Թուրքիա սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատում Հայաստանի հետ։ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կարողանում է հանդես գալ խաղաղարար ջանքերով և իրավունք է ստանում հասարակական ծրագրեր իրականացնել պատերազմի հռետորաբանության վերահսկման, սահմանային միջադեպերի կանխման, դիպուկահարների հետքշման և ժողովուրդներին խաղաղության պատրաստման ոլորտներում։

«Ենթադրվում է, որ Դավութօղլուի երևանյան այցի շրջանակներում նա հնարավորություն կունենա Էդվարդ Նալբանդյանին տեղեկացնել պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Հայաստանի կողմից առաջ քաշված «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ»,- նշվում է «Առավոտում»:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայաստանյան մի քանի լրատվամիջոցների փոխանցել է. «Մեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցով հստակ է և վերջին տարիներին փոփոխություն չի կրել. այն է` ստորագրված արձանագրությունների վավերացում և կյանքի կոչում»,- ասել է նա՝ նկատի ունենալով 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

Նույն թեմային են այս շաբաթ անդրադարձել սփյուռքի ավանդական երեք՝ ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ կուսակցությունները իրենց միասնական տարածած հայտարարությունում. «Կոչ կուղղենք ՀՀ իշխանություններուն՝ լիովին անդրադառնալու հայ-թուրք արձանագրությունների կործանարար հետևանքներին, ՀՀ Ազգային ժողովին՝ իր օրակարգից մեկընդմիշտ հանելու դրանց վավերացման հարցը, և ՀՀ նախագահին՝ հետ կոչելու իր ստորագրությունը»:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կժամանի դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Թուրքական մեդիա դաշտում արդեն իսկ տարածվել է տեղեկատվություն, որ այցի ընթացքում Դավութօղլուն սահմանների բացման համար պայման է ներկայացնելու Հայաստանին` «Ադրբեջանի 7 օկուպացված շրջաններից» առնվազն 2-ից հեռանալու դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի: Պայմանի ընդունումը, ըստ նրա, կնպաստի Հայաստանի առևտրին:

Այդուհանդերձ լրատվամիջոցների հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստը դեկտեմբերի 12-ին է, և բոլոր անդամները այս նիստին հրավիրված են:

«Պետք չէ սա հատուկ կամ տարբեր ներկայացնել: Մեր ցանկությունը, ձգտումը և նպատակն է բարելավել Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունները, ինչպես նաև լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները, Հարավային Կովկասում մշտական և տևական խաղաղության հաստատումը: Այսօրվա համար ինչ որ պետք է՝ կանենք, ինչ քայլ պետք է՝ կձեռնարկենք»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով՝ թուրք արտգործնախարարի այցը Հայաստան տեղի է ունենում տարածաշրջանում դրամատիկ զարգացումների ֆոնին։

«Իհարկե, արդեն գաղտնիք չէ, որ Դավութօղլուի այցի գլխավոր նպատակը մոտեցող 2015-ի հետ է կապված, սակայն կան նաև երկրորդական պատճառներ։ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայի, Իրաքի, վերջերս էլ նաև՝ Եգիպտոսի հետ կապված ձախողված քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, ստիպեցին, որ Թուրքիան փորձի հիշեցնել իր մասին»,- նշում է Իսպիրյանը։

Ըստ թուրքագետի՝ արտգործնախարար Դավութօղլուի «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը վերածվել է «զրո հարևաններ, բազմաթիվ խնդիրներ» իրողության, որը կստիպի թուրքական կողմին վերանայել արտաքին քաղաքական կուրսը։