Կարծիք. սահմաններին «դանդաղ» պատերազմը դառնում է Հայաստանում ցավալի առօրյա իրողություն

«Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հակառակորդը, ժամեր շարունակ խախտելով հրադադարի ռեժիմը, կրակահերթերի տակ է պահել հայկական գյուղերը»` վերջին տարիներին ցինիզմի հասնող սովորական դարձած ու ամենատարածված այս նախադասությունը մերթընդմերթ «նորանում» է մահվան մասին լուրերով… Իսկ եթե հաշվի առնենք այն, որ տարեսկզբից, այսինքն` շուրջ 40 օրվա ընթացքում, ադրբեջանական կողմի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմն ունի արդեն 13 զոհ, ի թիվս որոնց` երկու խաղաղ բնակիչ, այս «նորությունն» էլ արդեն «սովորական» է դառնում` հաշվի առնելով այն փաստը, որ տարիներ առաջ ամբողջ տարվա ընթացքում էր այդքան զոհ լինում:

Ամեն զոհի անունը լսելիս փորձում ես բացառել ծանոթ-բարեկամներիդ, ու երբ փորձդ հաջողությամբ է պսակվում, կարողանում ես հանգիստ շունչ քաշել, հետո մի պահ սթափվում ես ու հասկանում, որ 2,5 միլիոնի, միգուցե ավելի կամ պակասի մեջ «իմն» ու «քոնը» չկան: Մի փոքր հողակտորում, մոլորակի վրա չերևացող էլ այս կետում ապրողների մեջ իմ ու քո չպիտի լինի, որովհետև մենք այնքան քիչ ենք, որ «իմ ու քո»-ի սահմանները հատվում են մշտապես:

Մենք կամ միգուցե այլք, մեզ համոզել ենք/են, թե ապրում ենք խաղաղ երկրում… սակայն «խաղաղ»-ը մայրաքաղաքից մինչև հյուսիս-հարավ ձգվող 300-400 կմ-ոց ճանապարհի ամեն մի հատված յուրովի է զգում:

Օրինակ` Երևանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Սևան քաղաքում, որտեղ մայրաքաղաքային 25 տարիների կյանքից հետո ապրում եմ արդեն շուրջ երեք ամիս, իմ պատկերացմամբ խաղաղն այն է, երբ քամին հանդարտ է, աշխատավարձերը չեն ուշացվում, Ռուսաստանից ուղարկվող ռուբլու փոխարժեքը բարձր է, խանութներում վաճառողներն ավելի քիչ են հեռուստացույց դիտում ու ավելի շատ են սպասարկում գնորդներին, իսկ խանութային խաղաղության գագաթնակետն այն դեպքում է, երբ վաճառողը պարտքերի ցուցակի տետրից գրիչի հաստ շերտով ագահորեն ջնջում է պարտապանների անունները: Այստեղ սահմանային կրակոցների մասին քիչ բան գիտեն, իհարկե լսել են, որ կա հարևան մի պետություն, որը պարբերաբար ինչ-որ կրակոցներ է արձակում, սակայն քչերն են պատկերացնում, թե այդ կրակոցներն ինչ ուժգնության են լինում, որ նույնիսկ ամենաքաջին ու ամենաանտարբերին էլ ստիպում են անզորությունից դողալ:

Այսպիսին է «խաղաղ»-ը Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու համայնքներում, մի քիչ տարբերվում է հավանաբար միայն Երևանում, որի շքեղ շինությունները, մոգական լույսերը փոքր-ինչ ստվերում են իրականությունը: Սակայն Հայաստանի 31 համայնքներում, ավելի շատ` 10 գյուղերում, այս բոլոր առօրեական «խաղաղ»-ի խնդիրներին ավելանում են նաև ամենևին էլ խաղաղության հետ կապ չունեցող ամենօրյա և օրեցօր ավելի ուժգին դարձող կրակահերթերը:

Ու հենց այստեղ` երկու պետությունների սահմանի եզերքում, թշվառության լայն թևերի մեջ կքած այս փոքրիկ հողակտորը «մատնում» է երկու պետությունների ու, մասնավորապես, դրանց իշխանությունների ռազմավարությունը, կատարած աշխատանքները, մարդասիրական վերաբերմունքն ու առհասարակ «իմ ու քո»-ի բաժանարար գիծը:

Հարևան հակառակորդ երկիր Ադրբեջանի հետ ամենաերկար` 300 կմ սահմանն ունեցող ու անուղղակի կերպով Ադբեջանի հետ ամենաշատն առնչվող (նկատի ունեմ` կրակահերթերի ինտենսիվությունը) Հայաստանի հյուսիսում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ 24 համայնքների մեծ մասը տանող ճանապարհներն արդեն «մատնում» են իշխանությունների թողտվությունը: Դեռևս երկու տարի առաջ տնտեսության 7 տոկոսանոց աճից խոսող և հազիվ դրա կեսն ապահոված երկրի սահմանամերձ հատվածների բնակիչներն այդպես էլ 20 տարիների ընթացքում չունեցան աշխատատեղեր, որտեղ հնարավոր կլիներ գոնե ընտանիքի օրվա ապրուստը վաստակել: Հակառակը՝ բարձրագոչ խոստումներ տված նախագահ Սերժ Սարգսյանը երկրորդ ժամկետի ընտրությունից առաջ լինելով սահմանամերձ Մովսեսում` գյուղացիներին մեղադրեց ծուլության մեջ ու ասաց, որ հարկավոր է զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ` չիմանալով կամ միգուցե չհիշելով, որ գյուղացուն հարիր այդ զբաղմունքներն այստեղ նույնն են, ինչ մահապարտ լինելը, քանի որ մշակման ու արոտի ենթակա հողերը գտնվում են հենց ադրբեջանական դիրքերի տակ, ու նրանց մշտական թիրախն են այնտեղ աշխատող մշակները: Վերջին տարիներին դիպուկահարի գնդակից վիրավորների թիվն արդեն հասնում է 10-ի:

Պատերազմի մշտական վտանգի տակ ապրող գյուղերում այս 20 տարիների ընթացքում այդպես էլ չկառուցվեցին ռազմավարական կառույցներ:

Միայն վերջին տարիներին, երբ մոտալուտ պատերազմի շունչն առավել սուր է զգացվում, մասնավոր կազմակերպություններ, անձինք ինչ-որ ծրագրեր են փորձում իրականացնել, սակայն դրանք էլ ոչ միշտ են հաջողությամբ պսակվում: Եվ, որ ամենավատն է, սահմանի համար հատկացվող գումարների մեծ մասը կա՛մ չի հասնում նպատակակետին, կա՛մ չի ծառայում դրան: Փաստորեն նույնիսկ սահմանը, որտեղ սկսվում և ավարտվում է մեր երկիրը, որտեղի բնակիչներին ամեն պայման ապահովելով պետք է պահեին տեղում, դարձել է փող լվանալու լավագույն վայրը:

20 տարիների ընթացքում այնքան բան կարելի էր անել, որ այդպես էլ չարվեց, և որոնց չանելն էլ ավելի խեղճացրին երկու երկրների իշխանությունների քմահաճությունների տակ ապրող սահմանապահ գյուղերը:

Միայն 2014-ի օգոստոսի լարվածության ժամանակ, երբ երկրի ամբողջ ուշադրությունը սևեռված էր սահմանին, որի պաշտպանությունն անվերապահորեն և փայլուն կատարեցին միայն հայկական զինված ուժերը, պաշտոնական այցերից և երկար քննարկումներից հետո, չնայած ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` սահմանամերձ համայնքների էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու և ոռոգման ջրի վարձավճարների 50 տոկոսը պետբյուջեից փոխհատուցման առաջարկին, Ազգային ժողովի հոկտեմբերին ընդունած օրինագծով որոշվեց միայն հարկային արտոնություն տալ սահմանին առավել մոտ և վտանգավոր դիրքում գտնվող 31 գյուղերի, ըստ որի՝ հարկերից մնացին միայն վարձու աշխատողների համար եկամտահարկն ու սոցիալական վճարը: Ավելի վաղ էլ որոշում էր կայացվել կրակի բերանին գտնվող գյուղերի հողերն ազատել հարկից, սակայն սա այդքան էլ ազդեցիկ չէ, քանի որ այդ հողերը գնդակոծությունների հետևանքով չեն օգտագործվում:

Վերջին շրջանում ռազմական փորձագետներից շատերն են ակնարկում պատերազմի վերսկսման մասին ու նշում, որ պետք է պատրաստվել դրան, հոգեբանորեն պատրաստել ժողովրդին: Ասում են` պատերազմին պետք է պատրաստվել հենց խաղաղության ժամանակ, ու հրադադարի մասին պայմանագրի կնքումից հետո քսան տարիների ընթացքում, թեև մենք այդպես էլ չվայելեցինք հրադադարի հանգիստը, սակայն իրավիճակը վերջին երկու-չորս տարիների նման լարված չէր ու գործելու ժամանակ կար: Սակայն հավանաբար մեր ազգային մեծամտությունը հերթական անգամ մեզ ստիպեց փոխել կյանքի կանոններն ու վստահ լինել, որ լայնամասշտաբ պատերազմ մենք այլևս չենք տեսնի: Եվ տա Աստված, որ պատերազմներ երբեք էլ չլինեն, սակայն այն, ինչ այսօր կատարվում է մեր սահմանին, ուրիշ ի՞նչ է, եթե ոչ պատերազմ:

Փորձագետներից ոմանք այն անվանում են դիրքային պատերազմ, ոմանք՝ դիպուկահարների, ոմանք՝ դանդաղ ընթացող, շատերն էլ ավելի հարմար են գտնում այն համարել ընդամենը նյարդերի պատերազմ: Սակայն փաստն այն է, որ ինչպես էլ այն կոչենք` բոլորի դեպքում ամեն օր կորուստներ ենք ունենում, ու եթե զոհերից երբեմն հնարավոր է լինում խույս տալ, սակայն հոգեբանական ու բազմաթիվ հիվանդությունների ձեռքբերումից խուսափելն անհնար է դառնում: Եվ ցավալին այն է, որ կորցնում ենք մարդկանց ոչ միայն հակառակորդի գնդակներից, այլ նաև մեր իշխանություների աշխատանքի հետևանքով:


Իր լրագրողական գործունեության ընթացքում Գոհար Աբրահամյանը հաճախ է այցելել հայ-ադրբեջանական սահմանի համայնքներ և այնտեղից տարբեր հոդվածներ պատրաստել: