Հայացք դրսից

Իմ բարեկամուհիներից մեկը դասախոս է: Աշխատում է Երևանի ամենահեղինակավոր բուհերից մեկում: Երեկ նրա ուսանողները վերադարձան արձակուրդից և արևահարված, հագած-կապած, թանկարժեք մեքենաներով ու բջջային հեռախոսներով ներկայացան բուհ` սկսելու նոր ուսումնական տարին:

Նա օտար լեզու է դասավանդում: Նրա տված գիտելիքներն անցաթուղթ են այն ուսանողների համար, ովքեր բարձր վարձատրվող աշխատանք են փնտրում լավ աշխատատեղերից աղքատ այս երկրում:

Եթե նրանց հուզում է իրենց ֆինանսական ապագան, ապա նրանք իրենց դասախոսի մասնագիտությունը չեն ընտրի:

Նա բուհի դասախոսի դրույք ունի և ստանում է ամսական մոտ 70 դոլար աշխատավարձ: Դրանից մոտ 10 դոլարը տրանսպորտի ծախսն է, քանի որ ապրում է արվարձանում. նրա աշխատավարձով մարդ չի կարող բնակարան ունենալ կենտրոնում:

Ունի մեկ որդի: Հինգշաբթի նա առաջին անգամ դպրոց գնաց:

Նախորդ շաբաթ, հազարավոր այլ մայրերի նման, նա գնացել էր որդու համար դպրոցական պարագաներ գնելու:

Գնել էր նոր կոստյում` 15 դոլար:

Նոր կոշիկ` 10 դոլար:

Նոր վերնաշապիկ` 5 դոլար, և նոր փողկապ` 2 դոլար:

Տղային տարել էր վարսավիրանոց` 1,5 դոլար:

Գնել էր տետր, պայուսակ, մատիտ ու գրիչ` մոտ 11 դոլար:

Որդուն առաջին անգամ դպրոց ուղարկելու համար պահանջվել էր նրա` դասախոսի գրեթե մեկ ամսվա աշխատավարձը:

Իմ բարեկամուհի դասախոսը նույնպես այս շաբաթ սկսեց իր նոր ուսումնական տարին ութ խմբով, յուրաքանչյուրում` 20 ուսանող: 160 ուսանող, յուրաքանչյուրի համար ամսական մոտ 85 սենթ: Ամսվա ընթացքում նա 64 ժամ կանցկացնի նրանց հետ: Մեկ ժամի համար կստանա 1,09 դոլար` չհաշված նախապատրաստվելու ժամանակը:

Մյուս ուսուցիչները Հայաստանում նույնիսկ ավելի քիչ են ստանում:

Եթե իմ բարեկամուհին մաթեմատիկա դասավանդեր, կխնդրեի նրան բացատրել, թե ինչպես են մարդիկ կարողանում այս թվերը գումարել-հանել ու… ապրել: