Հայացք դրսից. գուցե Գրիգորյանը պետք է քաղաքապե՞տ դառնար և ոչ թե փաստաբան

Դուք, հավանաբար, նկատել եք, որ վերջերս այս էջում քիչ ակնարկներ են հայտնվում: Գուցե պատճառն այս է:

Գրեթե հինգ տարի ապրելով Հայաստանում ` «դրսից հայացք» ունենալն այսօր ավելի դժվար է, քան այն օրերին, երբ դեռ սովորում էի ասել «շնորհակալություն» բառը:

Որքան էլ կյանքն այստեղ սովորական դառնա, Աստված մի արասցե, եթե մեզ համար որոշ բաներ ընդունելի, տանելի ու «նորմալ» դառնան պարզապես այն պատճառով, որ չափազանց հաճախ են կրկնվում:

Նկատի ունեմ փաստաբան Վահե Գրիգորյանի կալանքը: Կարդացեք «Կեղծ մեղադրանքնե՞ր» հոդվածը` իմանալու, թե ինչու է Գրիգորյանը հայտնվել ճաղերի հետևում: Ամենակարևորն այն է, որ դատավճռով փաստաբանից զրկվել է Բուզանդի փողոցը, որտեղ նա մի բուռ շարքային քաղաքացիների ձայնն էր` իշխանությունների ապօրինությունների դեմ (Գրիգորյանի պարագայում` նաև դատական իշխանությունների):

Եկեք հստակեցնենք մի հանգամանք. քաղաքի կառուցապատումը մի բան է, որը պետք է հանդուրժի կարոտախտից տառապող ամենավերջին հայը, եթե այս քաղաքը պետք է եվրասիական գյուղաքաղաքից վերածվի եվրոպական մայրաքաղաքի: (Ես չեմ ասում, թե դա է «առաջընթացը», ես պարզապես ասում եմ, որ այդպես է ամբողջ աշխարհում):

Չնայած Բուզանդի փողոցի բնակիչների հանդեպ իմ համակրանքին` ես սա չեմ ասում ի պաշտպանություն նրանց: Ես նույնիսկ չեմ պաշտպանում Գրիգորյանին, որովհետև չեմ ճանաչում նրան: (Ոչ էլ առանձնապես ազդված եմ այն հանգամանքից, որ փաստաբանի անմեղության լավագույն պաշտպանությունը Կալիֆոռնիայի «նահանգապետատոր» Առնոլդ Շվարցենեգերի ենթադրյալ աջակցությունն է):

Եթե մի կողմ թողնենք անձանց ու հարցի սոցիալական կողմը, կարո՞ղ է որևէ մեկն օգնել այս «օտարականին» հասկանալու մի բան. ինչպե՞ս կարող է այս երկրի իրավական համակարգը թույլ տալ սպանության համար ճաղերի հետևում հայտնված մարդուն քաղաքապետ ընտրվել` միաժամանակ զրկելով կեղծարարության (կասկածելի) մեղադրանքով կալանված փաստաբանին իր հաճախորդներին պաշտպանելու իրավունքից:

Որոշ մանրամասներ ասվածի մասին:

Սեպտեմբերի 24-ին Երևանի մերձակա Նոր Հաճըն քաղաքում Արմեն Քեշիշյանը մի քանի վկաների, այդ թվում` երկու ոստիկանի ներկայությամբ, ատրճանակից կրակել և սպանել է Աշոտ Մխիթարյանին: Եթե որևէ նշանակություն ունի, իսկ այս պարագայում, թերևս, ունի, Քեշիշյանը մարդ է սպանել մի ատրճանակով, որը նվեր է ստացել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանից: (Ի միջի այլոց, պարզվում է, որ վարչապետը բազմաթիվ ատրճանակներ է նվիրել իր բարեկամներին` օգտվելով իր վարչապետական մենաշնորհից: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ այդ նվերներն ի չարս են գործադրվում:)

Հոկտեմբերի 9-ին Քեշիշյանը, որի մասին հայտնի է (եթե դա կարևոր է, իսկ դա, թերևս, կարևոր է), որ նա վայելում է իշխանավորների աջակցությունը, վերընտրվեց Նոր Հաճընի քաղաքապետ: Ընտրական հանձնաժողովի նախագահն այդ ընտրություններն անվանեց «ամենախաղաղն ամբողջ շրջանում» (քաղաքապետ մարդասպանը սեփական կամքով «թասիբ» ունեցավ մի քանի օր հետո հրաժարական տալու):

Հիմա`

Գրիգորյանի կալանքից հետո, սեպտեմբերի սկզբին, այն չորս ընտանիքները, որոնց շահերը նա պաշտպանում էր կառուցապատող օլիգարխներից (որոնց մեջ կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ), դիմեցին արդարադատության նախարարությանը` խնդրելով թույլ տալ Գրիգորյանին շարունակել պաշտպանել իրենց շահերը: Նրանց դիմումը մերժվեց:

Տարօրինակ աշխարհ է, այնպես չէ՞:

Ցավոք, այստեղ շատ են այնպիսիք, որոնց համար այս երկու իրավիճակն էլ, վատ լինելով հանդերձ, նորմալ են: Պարզապես, օրենքն անզոր է, եթե դրա կիրառումը կարող է կպչել հզորների շահերին: Եվ ավելին` օրենքն այստեղ (արդար լինելու համար նշենք, որ նաև այլ վայրերում, այդ թվում` նաև պարոն Շվարցենեգերի կալվածքում) ոչ թե անմեղների պաշտպանության երաշխավոր է, այլ մատչելի զենք հարուստների ձեռքին` հեշտությամբ իրենց ուզած կողմը ծռելու պատճառով:

Իսկ Հայաստանում իշխանության չարաշահումն այնքան տարածված է, որ ընդունվում է որպես նորմալ երևույթ:

Քաղաքապետը վարչապետից ստացած նվերով մարդ է սպանում: 15 օր հետո նրան թույլ են տալիս վերընտրվել և պաշտոնավարել, մինչև նա ինքն է որոշում վայր դնել լիազորությունները:

Ակտիվիստ փաստաբանը, որը ներկայացնում է իշխանություններից դժգոհ հաճախորդների շահերը, կալանվում է կասկածելի, երկու տարվա վաղեմության մեղադրանքով: Նրան զրկում են իր հաճախորդների շահերը պաշտպանելու իրավունքից:

Երևի սա նորմալ է: