Հայացք դրսից.

Այն շենքում, որտեղ ապրում եմ, տեղի են ունենում փոփոխություններ, որոնք, թերևս, կարելի է «բարեփոխում» համարել: Վերանորոգման աշխատանքների շնորհիվ հին շենքը սկսում է ավելի համապատասխանել ժամանակակից, նույնիսկ կարելի է ասել` «եվրոպական», չափանիշներին:

Մեր շքամուտքում, մասնավորապես, տեղադրել են նոր կոդավորված դռներ: Այսինքն` այնտեղ, որտեղ առաջ մի բարակ, տգեղ, ճռճռացող «ժեշտի» կտոր էր, որը դռան դեր էր կատարում, հիմա բարակ, տգեղ, ճռճռացող «ժեշտի» կտոր է` սարքավորված ինչ-որ համարակալված կոճակներով: Այդ թվերի որոշակի հերթականությունը, ըստ երևույթին, դուռը բացելու ծածկագիրն է:

Սա, իհարկե, արված է անվտանգության նկատառումներով: Կարծում եմ, որ դա, մասնավորապես, ուղղված է այն ուշ գիշերային անցորդների դեմ, ովքեր, չկարողանալով վերահսկել իրենց միզապարկը, մուտքը դարձնում են զուգարան` ստիպելով շենքի բնակիչներին կամ շունչները պահել, կամ խեղդվել առավոտյան գարշահոտ փնջից:

Հինգ տարի այստեղ ապրելուց հետո, ինձ թվում է, թե Կալիֆոռնիան սկսում է հասնել ինձ: Ծածկագրված շքամուտքեր: Իսկ դեռ շատ հեռո՞ւ են անվտանգության ներտնային տեսահամակարգերը: (Փաստորեն` ոչ. տես` այս շաբաթվա հոդվածը փողոցային երթևեկությունը վերահսկող տեսախցիկների մասին:)

Ի՞նչ արած: Կան ավելի լուրջ ներխուժումներ մեր անձնական կյանք, քան սեփական տուն մտնելու համար մի քանի թիվ մտապահելը, հատկապես, եթե դա արվում է հանուն անվտանգության: (Ո՞վ գիտե, գուցե մուտքի պատուհաններին էլ ապակի հայտնվի, իսկ միջանցքներում` լույս:)

Սակայն այստեղ է, որ հայտնվում է այն, ինչ ես անվանում եմ յուրահատուկ հայկական շրջադարձ Նալբանդյան փողոցի այս «բարեփոխումներում»:

Ոչ մեկը` ոչ շենքի լիազորը, ոչ շինարարության աշխղեկը, ոչ էլ իմ տանտերը, չեն անհանգստացել հայտնելու ինձ այդ անիծյալ ծածկագիրը: Այս երկրում այդպես է ընդունված, որ շատ բաներ հայտնի են դառնում, քանի որ բոլորն իրար ճանաչում են: Եթե դու մի բան չգիտես, ապա դա հավանաբար կիմանա քո քեռիներից, զարմիկներից կամ ծանոթ-բարեկամներից որևէ մեկը, այնպես որ` «պրոբլեմ չկա»: Չկա՞` չկա: Տեղեկատվության այդ մեթոդն ինձ` ամերիկացուս համար չի գործում: (Պարզվում է` տանտիրոջս էլ չեն հայտնել ծածկագիրը: Եվ նա էլ հարկ չի համարել պարզելու և ինձ հայտնելու այն` չնայած երկու շաբաթ առաջվա իմ խնդրանքին:)

Ես արդեն երկու անգամ չեմ կարողացել տուն մտնել շքամուտքի դռնով, բայց բախտս բերել է, որ հետնամուտքի դուռը լավ չի փակվում: Ու հիմա ապրում եմ մշտական վախով, որ մի օր ուշ տուն կգամ, երկու դուռն էլ պինդ փակված կլինի, և ես չեմ կարողանա հասնել հինգերորդ հարկի իմ բնակարանի դռանը, որի բանալին թեպետ ունեմ, բայց չեմ կարող օգտագործել, որովհետև մուտքի ծածկագիրն ինձ չեն հայտնել:

Այդուհանդերձ, բարեփոխված շքամուտքը պետք է որ բարելավի առաջին հարկի կազմակերպությունների և շենքի տարեց բնակիչների կյանքը:

Հայաստանում սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի այս օրերին շքամուտքի դռան վիճակն ինձ համար փոխաբերական իմաստ է ձեռք բերում:

Այս երկրում կան շատ մարդիկ, ովքեր իրենց զգում են դուրս մնացած «ժողովրդավարական գործընթացից»` այն կյանքից, որ խոստանում էր անկախությունը, բայց չապահովեցին խորհրդային դպրոց անցած ղեկավարները:

Կիրակի օրը քվեարկության դրվող սահմանադրության նախագիծը խոստանում է հեշտացնել սովորական քաղաքացիների մասնակցությունը սեփական երկրի կառավարման գործին: Օրինակ` Հայաստանի նախագահի ներկա անսահմանափակ լիազորությունների սանձումը կարող է միայն դրականորեն գնահատվել:

Սակայն ոմանք անհանգստանում են, որ դեպի ժողովրդավարություն տանող այս «ճանապարհային քարտեզով» առաջարկվող իշխանության վերաբաշխումը կարող է իրականում ձեռնտու լինել ընտրակեղծիքների միջոցով իշխանության ձգտողներին:

Դրսի դիտորդները նշում են, որ նոր սահմանադրությունը կդարձնի Հայաստանն ավելի «եվրոպական»: Որոշ տեղացիների կարծիքով` արդյունքը կլինի «ավելի վատ Ազգային ժողովը»:

Սա դժվար ընտրություն է: Մեր հոդվածներից մեկում մի նկարիչ ասում է, որ չի ուզում «այո» քվեարկելով համարվել գործող վարչակազմի կողմնակից, բայց միևնույն ժամանակ չի կարող «ոչ» ասել, քանի որ առաջարկված սահմանադրությունը գործողից լավն է:

Ընդդիմությունը կոչ է անում բոյկոտելու հանրաքվեն: Այդ առաջարկում ինչ-որ բան դուր չի գալիս նրանց, ովքեր հավատում են, որ այս երկրի քաղաքացիները պետք է գոնե տեսնեն, որ իրենց ձայներն ավելի կարևոր են, քան քվեարկությունից հրաժարվելը:

Մյուս կողմից`հաշվի առնելով, թե իշխանություններն ինչ հաջողությամբ են կեղծել նախորդ ընտրությունների արդյունքները, համոզվում ես, որ բոյկոտելու մոտեցումն արդարացված է:

Այս բանավեճի երկու կողմերում էլ կան գործիչներ, որոնք արժանի են հարգանքի: Ես պարզապես կուզենայի, որ երկու կողմերի ղեկավարները կարողանային որոշ ժամանակով մի կողմ դնել «ընդդիմություն-իշխանություն» հակամարտությունը, որպեսզի հնարավորություն տային ընտրողներին իրազեկված և ոչ թե քաղաքական ընտրություն կատարել:

Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն կիրակնօրյա հանրաքվեի արդյունքները, շատ ավելի կարևոր է, թե ինչպես կենթարկվեն այդ սահմանադրությանը հենց այն պաշտոնյաները, ովքեր գրել ու քարոզում էին այն:

Հակառակ դեպքում, այն կլինի ընդամենը մի նոր, բարեփոխված դուռ, որով մտնելու արտոնություն կունենան միայն նրանք, ովքեր գիտեն ծածկագիրը, կամ էլ ծանոթ են իմացողներին: Ցավոք, այդ ամենի մեջ ոչ մի նոր բան չկա: