Հայացք դրսից. միասին օգնության դաս ենք հյուսում

Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տնտեսական խանութում 73 կարժ թել եմ գնում: Խանութում ուրիշ տղամարդ չկա:

Իմ գործընկեր Արմինե «Հայ Ձմեռ պապ» Պետրոսյանի հետ եմ, նա ընտրում է թելի մի կարժ ու հարցնում` արդյոք հավանում եմ: Ասում է, որ այդ մեկը հարմար է, որովհետև փափուկ է: Խանութի տերը սուրճ է առաջարկում` հիշեցնելով, որ սա հայի խանութ է:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում (որտեղ ես չեմ էլ սովորել) թել ընտրել չեն սովորեցնում, այնպես որ, ես յուրացնում եմ այդ հմտությունն այստեղ: Այստեղ այդպես են ապրում`ձեռի հետ սովորելով: Նորմալ է:

Նույնքան նորմալ, ինչպես մի օր խմբագրատուն գալը և մեր արբանյակային սերվերի մոնիտորի կողքին դարսած պատուհանի ապակիներ տեսնելը: Ու նորմալ, ինչպես անասնաբույժի հետ քննարկելը, թե տարվա որ եղանակն է լավ ոչխար գնելու համար:

Պատուհանի ապակիները մի ընտանիքի համար են, որի մասին գրել ենք: Ոչխարներն էլ են նրանց համար: Լրագրություն`հայկական ոճով, որին մի ամերիկացու մասնակից լինելու բախտ է վիճակվել:

Թելը (ես խորհուրդ եմ տալիս երրորդ համարի, եթե դրա կարիքն ունենաք) մի կնոջ համար է, որն ապրում է Ղարաբաղի ամենահեռավոր գյուղերից մեկում, որտեղ կյանքը նվազ «նորմալ» է: Այն իմ նոր հերոսուհու` Լեռնուհի Իսոյանի համար է:

Մի քանի օր առաջ իմ գրասեղանի վրա պոլիէթիլենի մի փքված տոպրակ հայտնվեց: Մեջը մի ձեռագործ, երկգույն սվիտեր էր` ճիշտ իմ չափսով: Հետն էլ` նույն թելերից հյուսված վզնոց:

«Նվեր է Լեռնուհուց»,- ասաց Արմինեն:

Անցյալ տարվա «Հայ Ձմեռ պապ» ծրագրի համար «ԱրմենիաՆաուի» լրագրող Վահան Իշխանյանը հոդված էր գրել Լեռնուհու մասին: Հոդվածը հուզեց ընթերցողներին, և նրանք գումարներ ուղարկեցին, որպեսզի օգնենք Լեռնուհուն գյուղում գրադարան ստեղծել, և թել գնենք, որ Լեռնուհին հյուսի:

Ինչ վերաբերում է սվիտերին ու վզնոցին, ապա ինձ հիացրեց, թե ինչ վարպետությամբ են դրանք հյուսված: Սվիտերը հյուսված է առնվազն երկու տարբեր նախշով, որոնք անգամ ոչ մասնագետի իմ ըմբռնմամբ` որոշակի վարպետության վկայություն են: Վզնոցը բավական խիտ հյուսք ունի և բնավ չի զիջում (եթե չի գերազանցում) հանրահայտ «Գեփի» կամ «Օլդ նեյվիի» ցուցափեղկերի նմուշներին:

Սկսեցի վերհիշել Վահանի հոդվածը Լեռնուհու մասին: Հիշում եմ, որ նա ինչ-որ վնասվածք էր ստացել, երբ երեխաներին պաշտպանելու համար մարմնով ծածկել էր պայթուցիկ շիշը: Բայց մի՞թե ճիշտ եմ հիշում: Ոչ, պարզապես անհնար է, որ այդ կինն այս ամենը հյուսած լինի ընդամենը...

Ես մտա կայքի արխիվ, և այն, ինչ հիշում էի, հաստատվեց:

Ղարաբաղի Կովսական քաղաքում բնակվող Լեռնուհի Իսոյանը ընդամենը մեկ ձեռք ունի: Մեկ ձեռքով նա ինձ համար սվիտեր ու վզնոց է հյուսել, որովհետև ցանկացել է շնորհակալություն հայտնել:

Ու նաև ցանկացել է շնորհակալություն հայտնել «Հայ Ձմեռ պապ» ծրագրին իրեն օգնելու համար և հյուսել է սվիտերներ ու վզնոցներ, որոնք մենք վաճառքի հանեցինք մեր այս տարվա քարոզարշավի մեկնարկն ազդարարող շնորհանդեսի ժամանակ: Լեռնուհին չի հավատում միակողմանի բարեգործությանը և իրեն ցույց տված օգնությամբ ցանկանում է օգնել ուրիշներին:

Այս կին ավելի շատ տառապանք է տեսել, քան ես, թերևս, կարող եմ պատկերացնել, այդուհանդերձ, մեկ ձեռքով ու աներևակայելի համբերությամբ ցանկանում է ինձ շնորհակալություն հայտնել:

Ինչի՞ համար, Լեռնուհի:

Մեր մեջ շատ են այնպիսիք, որոնք իրենք պետք է շնորհակալություն հայտնեն ձեզ` ի հեճուկս ամեն ինչի ուրիշներին օգնելու այս դասի համար: Այս ամենը հենց դրա մասին է:

***

Իսկ այժմ մի հետգրություն: Չորեքշաբթի տեղի ունեցած այս տարվա «Հայ Ձմեռ պապ» ծրագրի մեկնարկն ազդարարող ֆիլմի շնորհանդեսի ընթացքում գործարար Նինա Հովնանյանը տեսավ Լեռնուհու մասին տեսանյութը, իսկ հետո`Լեռնուհու նվիրած սվիտերը:

Անցյալ շաբաթ Հովնանյանը բացել է ձեռքի աշխատանք հուշանվերների և հագուստի Երևանի ամենաշքեղ վաճառատունը (տես` հարակից հոդվածը): Հաջորդ շաբաթվանից նա Լեռնուհու գործերից մի քանիսը կներկայացնի իր խանութում, որտեղ համեստ կնոջ նրբաճաշակ գործերը կվաճառվեն կանացի պայուսակների ու էլիտար այլ պարագաների հետ, որոնք արժեն ավելին, քան Լեռնուհին կարող է վաստակել մի ամբողջ տարվա ընթացքում:

«Սա իսկական հոում րան է (home-run` տերմին բեյսբոլից, որը ենթադրում է երաշխավորված հաջողություն` շահող համար)»,- ասաց դիզայներ-գործարար տիկինը` ուրախացած, որ կարող է օգնել տնայնագործ կնոջը:

Չեմ կարծում, որ Լեռնուհուն հասկանալի կլինի բեյսբոլային փոխաբերությունը, բայց հույս ունեմ, որ Նինա ճիշտ է: