Կովկասցի կովբոյը. «Ջղային Հովիկը» որպես սպառողների մարմնացյալ բողոք՝ հայկական տարբերակով

Դիտում եմ լուրեր Իրաքից: Փողոցում տանկեր են՝ պողպատե թրթուրներով ու պողպատե հայացքով զինվոր-տղաներով՝ նյարդային մատները մահաբեր ձգանների վրա:

Տանկերի աշտարակների վրա կապույտ առկայծող լույսեր են՝ ինչպես ոստիկանական մեքենաների վրա:

«Աստված մի արասցե երբևէ ապրեմ մի երկրում, որտեղ տանկերն այնքան սովորական բան են, որ ուշադրություն գրավելու համար կապույտ առկայծող լույսեր ունենան»,- միանգամից անցնում է մտքովս:

Ինքս ինձ մտածում եմ. «Աշտարակի խճուղու վրա լինեմ, թե Լոս Անջելեսի 405-րդ մայրուղու կամ գերմանական որևէ ավտոբանի վրա, եթե նայեմ հետահայաց հայելու մեջ ու տեսնեմ, որ հետևիցս զրահամեքենա է գալիս, բոլորովին պարտադիր չէ, որ այն կապույտ լույս ունենա, որպեսզի անմիջապես ճանապարհը զիջեմ նրան»:

Հաշվի առնելով այս ամենը և որպես բացառություն ընդունելով քաղաքական հանրահավաքներում մերթընդմերթ գործադրվող ջրանետերը՝ Հայաստանն ապրելու համար ամենաճիշտ ընտրությունն է:

Հետո անդրադառնում եմ հետևյալ փաստին. ես ապրում եմ մի երկրում, որի մշակույթի նախարարը ատրճանակ է կրում:

Պիտի ասեի՝ նախկին նախարարը: Ամանորյա տոներին էլեկտրացանցի մի երկու աշխատակցի գլուխ ատրճանակով ջարդելուց հետո Հովիկ Հովեյանը գոնե, եթե կարելի է այդպես ասել, «կուլտուրա» ունեցավ հրաժարական տալու իր «նրբակիրթ» պաշտոնին:

Ի գիտություն ընթերցողների՝ ամանորի նախօրեին Երևանի կենտրոնում գտնվող շենքում, որտեղ բնակվում է Հովեյանը, ժամանակավորապես անջատել են էլեկտրականությունը: Հետո հունվարի 4-ին նորից են անջատել. էլեկտրացանցի ներկայացուցչի հավաստմամբ՝ անսարքությունը վերացնելու նպատակով և ընդամենը մի 15 րոպեով:

Միայն նախարարի տոնական կերուխումը չէ, որ խաթարվել է. շենքի մյուս բնակիչներին էլ են հոսանքազրկել: Դա Հայաստանում անսովոր բան է, ինչը հաստատում է նաև բնակիչներից մեկը. «Նոր տարվա օրով ո՞վ հավես ուներ գնար էլեկտրացանց, որը ահագին հեռու է մեզանից: Մենք զանգել ենք, ասել են, որ վթար է տեղի ունեցել, բայց չենք գնացել [էլցանց]»:

Ավելի ուշ Հովեյանն ասել է, թե առանձնապես չէր ուզում աղմուկ բարձրացնել, որ իրենց էլեկտրամատակարարումը վերականգնեն, մանավանդ որ, վատառողջ էր ու ջերմում էր: Բայց նախարարի որդին ու մի քանի տաք գլուխներ ցանկացել են դաս տալ այդ անպիտաններին, որոնց վատ աշխատանքի պատճառով իրենց խոզաբդային խրախճանքը մթագնվել էր: Նախարարն ասել է, որ գնացել է ջահելների հետ, որպեսզի ապահովի «բանակցությունների» քաղաքակիրթ մակարդակը:

Եվ, իհարկե, վերցրել է իր ատրճանակը: Ի՞նչ հեղինակություն կունենար մշակույթի (և երիտասարդության հարցերի) նախարարը, եթե գրպանում ատրճանակ չունենար:

Ես իմ հացը վաստակում եմ զավեշտի շնորհիվ: Բայց եթե դա մի կողմ դնենք, մի՞թե ես միակն եմ, որին այս ամենը չափազանց է թվում:

(Քանի դեռ վրաս որպես զենքի հակառակորդ գժի խաչ չեք քաշել, ասեմ. 1. Ես իրոք մի քիչ գիժ եմ: 2. Ես զենքին դեմ եմ: 3. Ես զենքի հակառակորդ գիժ չեմ: Հայրս հաճախ էր ատրճանակ կրում: Բայց միայն մեկ անգամ եմ տեսել, որ նա ձեռքը տաներ դեպի ատրճանակը, այն էլ՝ երբ մի մարդ սպառնաց նրա շանը: Որքան գիտեմ, նա երբեք չի կիրառել այն որևէ կենդանի էակի դեմ, բացառությամբ վտանգավոր գիշատիչների և ընտանի կենդանիներ փախցնող մեկ-երկու թափառական շան: Նա ոչ մի բանի նախարար չէր: Բայց գիտեր, թե ինչ է պարկեշտությունը:)

Հովեյանն ասել է, որ ատրճանակով հարվածել է էլեկտրացանցի երկու աշխատողների գլխին, որովհետև ինքը՝ մշակույթի նախարարը, պաշտպանելիս է եղել իր որդուն (որը, չնայած պապայի պաշտպանությանը, մտել էր քաշքշուկի մեջ՝ փորձելով լուծել հոսանքի հարցը, որը խաթարել էր խաղաղության ու բարի կամքի տոնը):

Նախարարն ակնհայտորեն թույլատրելի էր համարել հրազենի կիրառումը սեփական ջեռուցումն ու էլեկտրամատակարարումը վերականգնելու համար: Այլապես ինչո՞ւ պիտի հետը զենք վերցներ: (Այս միջադեպը հիշեցնում է ինձ նոյեմբերյան մեկ այլ միջադեպ, երբ Երևանի մերձակա քաղաքներից մեկում քաղաքապետի թեկնածուն սպանել էր իր ախոյանին վարչապետից նվեր ստացած ատրճանակով:)

Զենքից ավելի այս պարագայում մտահոգում է ամբարտավան կեցվածքը: Ի՞նչ է սա. իշխանավորներն անում են ինչ ուզում են: Եվ նրանք իշխանավոր են դառնում հենց Հովեյանի նման պարկեշտությունը ոտնահարելով:

Եթե այսպես են իրենց պահում իշխանավորները, ի՞նչ կարելի է սպասել նրանցից, ում նրանք ղեկավարում են:

Նրանք պետք է գոնե կապույտ առկայծող լույսեր ունենան, որ իմանանք՝ մոտենում են…