Առաջընթացի գինը. վերևների քայլերի հետևանքները շատ արագ հասնում են ներքևներին` որպես ժողովրդավարացման գին

Առաջընթացի գինը. վերևների քայլերի հետևանքները շատ արագ հասնում են ներքևներին` որպես ժողովրդավարացման գին


Իրոք որ տարօրինակ օրեր են,
Շատ յուրահատուկ:

                                Ջոն Լենոն «Ինձ ոչ ոք չի ասել»

Նախագահ Սերժ Սարգսյանի գործը հեշտ չի լինելու: Նա հասավ նախագահության` մանիպուլյացիայի ենթարկելով քաղաքացիներին ու իրադարձությունները, և այժմ ստանձնում է պաշտոնն այն մարդկանց արդարացի ըմբոստության ու գոռում-գոչյունների պայմաններում, ովքեր գուցեև համամիտ էին նրա մտադրությանը, սակայն չէին ենթադրում, որ իրենք էլ պետք է վճարեն «Առաջ, Հայաստան» մայրուղին գցելու գինը:

Պաշտոնավարման առաջին 10 օրում ընդունված երկու կարևոր որոշում ցույց է տալիս ճգնաժամում հայտնված հանրապետությունը ղեկավարելու ամբողջ բարդությունը:

Առաջին բանը, որ վարչապետ նշանակվելուց հետո արեց թիվ երկու Սարգսյանը` Տիգրանը, գազի սակագնի սուբսիդավորման վերացման մասին հայտարարելն էր, որը, թեև չի բարձրացնում գազի գինը, սակայն բարձրացնում է դրա սպառման սակագինը: Այս կսմթոցը լիովին չի զգացվի մինչև առաջիկա ձմեռ, երբ պարզ կդառնա, թե ինչ արդյունավետությամբ է ներկա վարչակազմը հաստատում, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, իր ջերմ հարաբերությունները Ռուսաստանի` գազի և իր ֆորպոստ Հայաստանի տիրոջ հետ:

Այս քայլի տրամաբանությունը միանգամայն հասկանալի է. հանրային օգտագործման համար նախատեսված պետական միջոցները սահմանափակ են: Սակայն ընտրված ժամանակը կասկածահարույց է և չի նպաստում հանրության վստահության ձևավորմանը այս ուժեղ, բայց չհաստատված ու չսիրված իշխանության հանդեպ: Բոլոր նրանք, ովքեր զրկված են ներքին տեղեկություններ ստանալու արտոնությունից, իսկ դա գրեթե ամբողջ բնակչությունն է` բացի 131 պատգամավորներից, հավանաբար, դա կընկալեն որպես նոր բեռ սպառողների համար ու կզարմանան, թե ինչո՞ւ էր պետք է դա անել հիմա, երբ Հայաստանին ավելի, քան երբևէ, պետք է բարի կամքով միավորված լինել և ոչ թե էլ ավելի օտարվել իշխանություններից, որոնք լեգիտիմության պակաս են զգում և ցույց են տվել, որ անտեսում են քաղաքացիների շահերը:

Եթե չհաշվենք վստահությունը, որը կարելի էր վերականգնել, եթե օրենքն ավելի թափանցիկ կիրառվեր, մենք բոլորս հակված ենք բացատրելու ամեն ինչ մեր սեփական հավասարումով:

Ռուսաստանի նախընտրական աջակցությունը թիվ մեկ Սարգսյանին + Հայաստանի գազը պատկանում է Ռուսաստանին` «Գազպրոմ» մեգաընկերությանը + լուրեր այն մասին, որ արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է բարձր պաշտոն զբաղեցնել «Գազպրոմում» + խոսակցություններ, որ թիվ երկու Սարգսյանը պաշտոնավարումն ավարտած նախագահի ներկայացուցիչն է = ցուրտ ձմեռ տնտեսական ոչ բարվոք վիճակում գտնվող հազարավոր հայաստանցիների համար:

Հնարավոր է, որ մենք սխալվում ենք:

Բայց պատասխանատվությունը, նախևառաջ, ընտրված ու նշանակված իշխանությունների համար է, և եթե նրանք ոչ մի սխալ բան չեն արել (հնարավոր է, որ այդպես էլ կա), մի՞թե բնավ չեն գիտակցում, որ չարժեր հենց սկզբից լրացուցիչ հոգս դնել սեփական ժողովրդի վրա: Թե՞, ինչն ավելի վատ է, դա նրանց բոլորովին չի հուզում:

Մեծ թենիսիստ Անդրե Ագասիի գովազդներից մեկը, որում նա ասում է` «Իմիջն ամեն ինչ է», գուցեև «էյս» չէր նրա համար, բայց այս երկրում, որն Ագասիին իր զավակն է համարում, տեսախցիկի նրա հին գովազդային կարգախոսը կարող է որոշակի ուշադրություն բևեռել այս վարչակազմի վրա:

Մինչ մշտապես կարճ կտրած մազերով թիվ երկու Սարգսյանը դոլարներ էր «խուզում» բյուջեի գազային պարտավորություններից, թիվ մեկ Սարգսյանը պայթեցնում էր մաքսային կոմիտեով հոսող ապօրինի «փողամուղը»:

Պաշտոնակալության արարողության շամպայնի խցանները դեռ նոր էին գետնին ընկել, երբ նախագահ Սարգսյանը հարձակվեց մաքսայինի վրա, որպեսզի ցույց տա, թե ով է հիմա տեր ու տիրակալը: Սա շատ տպավորիչ կերպով ներկայացվեց հեռուստադիտողներին, որոնք ականատես եղան, թե ինչպես է Սերժանտատորը շշպռում մաքսայինի ներկայացուցչին, որը կամ դրածո էր հեռուստախցիկների առաջ, կամ էլ պարզապես շարքային մաքսավոր, որի հատուցման ժամը եկել էր:

Թիվ մեկ Սարգսյանը հրապարակավ նվաստացրեց մաքսավորին, որը չկարողացավ տվյալներ ներկայացնել խախտումների համար նշանակված տուգանքների մասին, ինչը, հնարավոր է, վկայում է, որ նման փաստաթղթերը բացակայում են այդ պետական հաստատությունում, որը հայտնի է իր անմաքուր աշխատաոճով ու նաև նրանով, որ խիստ ցանկալի աշխատավայր է, քանի որ այստեղ կարելի է հեշտությամբ փող «աշխատել» ու թաքցնել հետքերը:

Այդ քոթակը վաղուց էր հասնում, և դա ազդանշան էր, որ ժողովրդավարությունն այստեղ որոշակի հնարավորություն է ստանում, եթե պետության ղեկավարը պատրաստ է միջոցներ ձեռնարկելու կոռուպցիայի հիմնական աղբյուրներից մեկի նկատմամբ:

Ամեն ինչ շատ լավ էր արված: Բայց, ավաղ, վատ ընդունվեց նրանց պատճառով, ովքեր, ի վերջո, վճարելու են այդ ամենի համար: Դրանք ավազակ պաշտոնյաները չեն, ովքեր խախտում էին օրենքը, քանի որ հենց իրենք են այդ օրենքը: Դա, անշուշտ, օլիգարխ օրենսդիրները չեն, ում թանկարժեք կոստյումները չեն գալիս Ստամբուլից` հայտնի կարմիր-սև-սպիտակ վանդակավոր կապոցներով, կամ Չինաստանից` ստվարաթղթե տուփերով:

Երբ տոնավաճառների շարքային առևտրականների և մաքսայինի լկտի թալանչիների ապօրինի համաձայնության հետևանքով պետությունից թաքցված միջոցները բարեհաջող հասնեն պետության գանձարան, շարքային հայաստանցու շշմեցուցիչ «Արմանի» կոստյումի գինը կաճի նույնքանով` գումարած «քյարը»:

Սարգսյանի տարիների այս առաջին օրերը կանխատեսում են մի վարչակազմ, որը, կատարելով հսկայական ու անզիջում քայլ` չի վախենում դիմել անհրաժեշտ, ոչ պոպուլիստական միջոցների: Սակայն հարց է` արդյո՞ք ընտրողների հանդեպ ավելի բարյացակամ մանկական քայլերն ավելի հարմար կլինեին դեռահաս երկրի անհաստատ քայլերին, երբ այս վարչախմբին իշխանության բերած գործընթացը զրկել է նրան ոտքերի տակի հողից:

Կասկածից վեր է այն դաժան ճշմարտությունը, որ թիվ մեկ և թիվ երկու Սարգսյանները կվաստակեն այն, ինչ ենթադրում են նրանց պաշտոնների արտոնությունները: Սակայն պաշտոն վաստակելուց շատ ավելի դժվար կլինի հարգանք վաստակելը: