Հավատ և հիշողություն. աշխարհների բախումից մոլորված անճարակ սպիտակամորթ ամերիկացու մտքերը

Հավատ և հիշողություն. աշխարհների բախումից մոլորված անճարակ սպիտակամորթ ամերիկացու մտքերը


Արի մի շրջան էլ պտտվենք…
                              Հարրի Չափլին «Շրջան»

Ջահել ու անհոգ, կյանքում մեր սեփական տեղի մասին մեծ կարծիքով` տարիներ առաջ ես և Դոկտորը (ես այդպես էի նրան կոչում) օրենք էինք խախտում ու մեր հոգին լլկում, լուսացնում էինք երկար գիշերներ ու սպանում հեղձուկ ցերեկները: Եվ այսօր, երբ երևանյան զբոսայգում կանգնած փորձում եմ շփվել մի հայ Եհովայի վկայի հետ, չգիտես ինչու, հիշում եմ Դոկտորին:

Մի առիթով հրավիրված էինք (Դոկտորն ու ես, ոչ Եհովայի վկա կինը) մի հավաքույթի` Չիկագոյի կենտրոնում գտնվող «Weed» կոչվող հաստատություն: Գիշերվա այն ժամին, երբ ես արթուն եմ լինում միայն միզափամփուշտի պահանջով կամ վերջնաժամկետի պատճառով, մենք տեղ հասանք և զարմանալիորեն ավելի լավ վիճակում էինք, քան մեզնից շուտ եկածները: Մեր տեղն անցնելու համար ստիպված էինք զգուշորեն անցնել սենյակի ճիշտ մեջտեղում հատակին փռված մի հաղթանդամ մարդու վրայով: «Բուչին է»,- ասաց Դոկտորը: «Էստեղի հարբեցո՞ղն է»,- հարցրի: «Ոչ, մենեջերը»:

Հետո եղան շատ այլ նման հավաքույթներ. «Lodge»-ը` Չիկագոյում, «Tootsie’s»-ը` Նեշվիլում, «Outlook Inn»-ը` Լուսվիլում, «Parody Hall»-ը` Քանզաս սիթիում, «Reno Room»-ը` Լոնգ Բիչում, «Club Deuce»-ը` Մայամիում, «Hog’s Breath Saloon»-ը` Քի Վեսթում, «Frolic Room»-ը` Հոլիվուդում, «Small World»-ը` Սան Խուանում (Պուրտո Ռիկո) և մի անանուն պարասրահ Դոմինիկյան Հանրապետությունում, որտեղ կանանց կոնքերը, կարծես, սռնու վրա լինեին, իսկ տղամարդիկ, կարծես, ապրում էին ռումբա պարելու և ռոմ խմելու համար, իսկ մեր թարգմանիչն էլ պարծենում էր մի զույգ մարզակոշիկով, որը, ինչպես ինքն էր պնդում, ժամանակին հագել էր բեյսբոլի լեգենդ Բենիտո Սանտյագոն:

Այն ժամանակ Դոկը, ինչպես ինքն էր ասում, հարգված էր ամբողջ Հյուսիսային Չիկագոյում իր ճարտար լեզվի, իսկ Հարավային Չիկագոյում` երբ պետք է` բերանը փակ պահելու համար: Մենք արևահարվում էինք «Wrigley Field» մարզադաշտում` պարտվելով «Chicago Cubs» բեյսբոլային թիմի հետ, բայց, այդուհանդերձ, ամենասպիտակ մշտական հաճախորդն էինք քաղաքի այդ հատվածում, որտեղ երաժշտությունը բլյուզն էր, իսկ հաճախորդները` սևամորթ` գումարած մենք երկուսս:

Եթե պետք էր, մենք ստում էինք միմյանց, ինչպես այն առավոտյան, երբ ես շնորհավորեցի նրան նախորդ երեկո ձեռք գցած ընկերուհու համար` փորձելով փարատել նրա դժգոհությունն աղջկա բեղերից: Մենք նաև օգնության էինք հասնում իրար, երբ մեզնից մեկնումեկին թալանում էին ավտոբուսում, կամ խնդիր էինք ունենում տեղական իշխանության ներկայացուցչի հետ:

Դոկտորը հիմա սեփական սյունակ ունի Չիկագոյի խոշորագույն թերթերից մեկում, իսկ ես թեթևակի մոռացության եմ տրվել Երևանում, որտեղ խաչվում են օրերն ու տարածությունը` ի դեմս հոգեորսությամբ զբաղվող կրոնական աղանդավորի, կոմունիստական տոնի և այդ ամենի անհավանական զուգադիպության:

Մայիսի 1-ին` օր, որը կոմունիստները յուրացրել են ամերիկացիներից որպես աշխատավորների տոն, այն աշխարհում, որը հիմա նվազ իրական է թվում, քան այսօրվա աշխարհը, Դոկտորն ու ես, հավանաբար, «Daily Racing Form» կամ որևէ այլ թերթի մարզական էջը կարդալիս կլինեինք, որպեսզի հետո Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի ձիարշավում` Կենտուկիի դերբիում, շաբաթ օրը խաղադրույք կատարենք ու տանուլ տանք:

Այդուհանդերձ, այս մայիսի 1-ին ես կանգնած եմ այստեղ` փորձելով հաճոյանալ այս մարմնեղ մոլորյալ հայուհուն, մինչ նա հայցում է իմ համբերությունը` դեմ տալով իր ամսագիրը` «Դիտարանը», ու փորձելով գտնել դրա անգլերեն տարբերակը:

Աստված ինձ օգնական (այսպես ասած), որովհետև իմ գլխում, որը, անկասկած, նվազ ֆունկցիոնալ է, քան կարող էր լինել, եթե ես չծանրաբեռնեի այն վերոհիշյալ բոլոր անխոհեմ ձեռնարկումներով, իրար են խառնվել Եհովայի վկա կինը, կոմունիստների կորուսյալ տոնը և այն, որ ես շաբաթ օրվա մեծ ձիարշավի գոնե մի նժույգի անուն չգիտեմ` դառնալով մի մեծ գլոբալացված շիլաշփոթ երևանյան այս սրճարանի մոտ, որը կոչվում է Կալիֆոռնիայի ծովափնյա առողջարանային քաղաքի անունով` «Մալիբու», և գտնվում է մի փողոցում, որը կոչվում է Մաշտոցի անունով, որը ստեղծել է հայոց գրերը, որոնցով էլ գրվում են այն բառերը, որ այս կինը փորձում է ինձ հասկացնել:

Հուսահատված` նա պարզապես աչքերը հառում է երկինք ու բացականչում` Եհովա, Եհովա, և ես չգիտեմ` նա օգնությո՞ւն է աղերսում, թե՞ փորձում է իր ձայնարկումներով մի ելք գտնել այս լեզվական փակուղուց:

«Ես Եհովա չուզել»,- մրթմրթում եմ ի պատասխան` հուսալով, որ ճիշտ բառ եմ գտել: Ուզածս բոլորովին այլ բան է. «Racing Form» թերթի մի համար կամ տանուլ տված բեյսբոլի խաղում ստացած արևայրուք, կամ նորից հայտնվել գետնին փռված Բուչիի սենյակում, կամ լինել բարետես, կամ լինել կրկին պաշտպանված մի աշխարհում, որի այս անկյունը դեռ շարունակում են ղեկավարել կոմունիստները, կամ որ կարողանամ քշել ինձ հետապնդող աղանդավորներին և ոչ թե հարկադրված լինեմ հաճոյանալու, քանի որ սա նրանց տարածքն է, իմը չէ:

Այդ ամենի փոխարեն գնացի իռլանդական բար ու հայկական գարեջուր խմեցի: Իսկ դուրս գալիս, երդվում եմ, որ չեմ հնարում, ստիպված էի վճարելու համար արթնացնել բարմենին: