Հարցեր բանակցության համար. եթե կոալիցիան հավատում է ընտրությունների պաշտոնական արդյունքներին, ապա ո՞րն է Տեր-Պետրոսյանի հետ հաշվի նստելու իմաստը

Հարցեր բանակցության համար. եթե կոալիցիան հավատում է ընտրությունների պաշտոնական արդյունքներին, ապա ո՞րն է Տեր-Պետրոսյանի հետ հաշվի նստելու իմաստը


Հիմա այլևս երեկ չէ…
                                                «Թոքինգ հեդզ» - «Նոր զգացում»

Ես թվերի հետ լավ չեմ, ուստի տոկոսների և այլ հարցերում կարող եմ լուրջ թյուրիմացությունների մեջ ընկնել:

Եվ ուզում եմ հարց տալ (չմոռանաք վերոհիշյալ խոստովանությունս):

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 19-ի ընտրություններում ստացել է ձայների ընդամենը 21,5 տոկոսը, ինչո՞ւ է նրա գլխավորած շարժումն արժանացել նման ուշադրության ու ստեղծել այս ամբողջ խառնաշփոթը:

Ամեն 10 հայաստանցիներից երկուսը նրան է ցանկացել նախագահ տեսնել, ամեն 10-ից ավելի քան հինգը (52,8 տոկոսը) ընտրել է Սերժ Սարգսյանին:

Այդ դեպքում ինչո՞ւ են հարցը փակելուց գրեթե երեք ամիս անց շարունակվում երկխոսության կոչերը:

Էլի թվաբանություն. Արթուր Բաղդասարյանը ստացել է ձայների 16, իսկ Վահան Հովհաննիսյանը` 6 տոկոսը: Երկուսն էլ համաձայնել են համագործակցել Նախագահ Սերժի հետ (նրա ղեկավարած կուսակցությանը կեղծիքների մեջ մեղադրելուց հետո): Նրանց միացումն այս տաքուկ կոալիցիային պետք է նշանակեր, որ այս վարչակարգին սատարում է բնակչության մոտ 75 տոկոսը, այնպես չէ՞:

Պետք է որ, բայց…

Այսօր Հայաստանը ղեկավարող գործիչները շատ լավ գիտեն, որ իշխանության են եկել ոչ այնքան ժողովրդավարական ընտրության արդյունքում: Նրանք գիտեն, որ նորմալ անցկացված ընտրություններում` նորմալ մոնիթորինգով ու նորմալ հաշվարկով, պետք է որ առնվազն երկրորդ փուլ լիներ ատելություն սերմանող ԼՏՊ-ի և Սերժ Մանիպուլյատորի միջև: Ընտրությունը մեծ չէ, բայց դե…

Երբ 2003-ին Ռոբերտ Քոչարյանը երկրորդ փուլում հաղթեց Ստեփան Դեմիրճյանին 67/33 տոկոս հարաբերակցությամբ, մի՞թե Ռոբերտ Շինարարը փորձեց սիրաշահելով հաշտվել Կարեն Որդու հետ: Մի՞թե Քոչարյանը «երկխոսության» կոչ արեց իր մրցակցին, որին նման ծանր պարտության էր մատնել: Եվ կամ մի՞թե իր պարտությունն ընդունած Դեմիրճյան Որդին հանդիպում խնդրեց:

Ոչ, թեև Որդու նկատմամբ նրա առավելությունը նվազ տպավորիչ էր, քան Սերժի հաղթանակը Հառնածի նկատմամբ, հանդիպման կոչ չեղավ: Մինչդեռ պաշտոնավարման 5 տարուց մեկ ամիսն արդեն անցել է, սակայն շարունակվում են նրան ու լևոնականներին ուղղված` տարաձայնությունները հարթելու ու հաշտություն կնքելու կոչերը: Ինչո՞ւ: Եթե ամեն 10 հայաստանցիներից միայն 2-ն է դժգոհ ներկա իշխանություններից, ո՞րն է այս հաշտեցման կոչերի իմաստը:

Թյուրըմբռնումից խուսափելու համար նշենք, որ Սերժը չի զանգահարում ԼՏՊ-ին հանդիպման խնդրանքով: Միջազգային կառույցներն են դա անում, և Տեր-Պետրոսյանն ասում է, որ պատրաստ է: Ի՞նչ իրավունքով: Որքա՞ն ամբարտավան պետք է լինի պարտվածը` իրեն հաղթողի նման պահելու համար: Պատասխան. մոտավորապես այնքան, որքան չի հավատում, որ պարտություն է կրել արդար պայքարում: Ի՞նչ իրավունք ունի Տեր-Պետրոսյանը հանդիպում ակնկալելու մի մարդուց, որը հաղթել է իրեն 5:2 հարաբերակցությամբ: ԵԹԵ այդ թվերը ճիշտ են:

Բանն այն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքերն ամրապնդում է այն փաստը, որ այստեղ ոչ ոք` ընտրողներից մինչև դիտորդներ` ներառյալ իշխանության ներկայացուցիչները, չի հավատում ընտրությունների պաշտոնական արդյունքներին: Եվ հիմա ամեն ոք փորձում է ինչ-որ կերպ շտկել այս ցավալի իրավիճակը, որից հնարավոր էր խուսափել, եթե տեղացիները, միջազգային կառույցներն ու բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, վերջ տային այս խելահեղությանը, մինչև այն կհանգեցներ մարտի 1-ի զոհերին:

Բայց ոչ ոք ոչինչ չարեց, և այսօր մենք հայտնվել ենք փակուղում:

Ինչի՞ մասին կարող են խոսել Սերժն ու Լևոնը:

Լևոն. «Պաշտոնակալության օրը շատ սիրուն փողկապ էիր կապել, Սերժ: Ես թիկնազորով շրջապատված տանս բազմոցին թիկնած դիտում էի քո զինվորական մենաշքերթը»:

Սերժ. «Դե, Լևոն ջան, եթե իմ տոնը հարամած չլինեիր, հնարավոր է` նույնիսկ հրավիրված լինեիր: Ի դեպ, շամպայնը ընտիր էր»:

Եվ ի՞նչ իմաստ ունի նրանց հանդիպումը, եթե Տեր-Պետրոսյանի ճամբարն այնքան մարգինալացված է, որ նրան ձայն է տվել ընտրողների ընդամենը 21 տոկոսը:

Ես կարող եմ առանց պատշգամբից դուրս գալու գտնել բազմաթիվ հայաստանցիներ, որոնք ցանկացած հարցում կարող են ավելի «պառակտված» լինել, քանը 2-ը 10-ից:

Սրանք հարցեր են, որ ընտրություններից գրեթե 90 օր անց պետք է անպատասխան չմնային: Եվ դրանց պատասխանները մի տեսակ բնական են, երբ չկա վստահություն ոչ բուն ընտրությունների գործընթացի, ոչ ձայների հաշվարկի և ոչ էլ քաղաքակիրթ բանավեճի հնարավորության նկատմամբ:

Եթե նախագահը մանդատ է ստացել, թող օգտագործի այն: Եթե չի օգտագործում, ուրեմն թող ընդունի, որ իշխանության է եկել ոչ լեգիտիմ ճանապարհով: Կամ ընդունեք, որ փետրվարյան ընտրությունները կեղծվել են, կամ ճամփու դրեք Տեր-Պետրոսյանին որպես դժգոհ ընդդիմադրի (դատելով նրա ստացած ձայների քանակից): Հայաստանին առաջնորդ է պետք և ոչ թե հաճկատար:

Նորընտիր նախագահի համար առաջին նախագահի հետ բանակցելը կարող է նշանակել լեգիտիմության որոշակի մաս զիջել Տեր-Պետրոսյանին, ինչը չի արդարացվում Սերժ Սարգսյանին իշխանության բերած ձայների թվով:

Եթե այս ընդդիմության անարժան ներկայացուցիչները համաժողովի համար դահլիճ են ուզում, ինչո՞ւ է պետք նրանց տրամադրել կառավարության նիստերի դահլիճը (ինչպես անցյալ ուրբաթ տեղի ունեցած կոնգրեսի պարագայում): Եթե նրանք այնքան մարգինալացված են, որքան ենթադրում են Նախագահ Սերժի տրամադրած թվերը, սովորական հարսանյաց սրահը լիովին կբավականացներ նրանց: Նույնիսկ սրճարանը հերիք կլիներ (գուցե նախագահի շրջապատին առնչություն ունեցող բազմաթիվ սրճարաններից մեկը):

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան է, ինչպես նրան պիտակել է նոր վարչակարգը, ուրեմն ձերբակալեք ոճրագործին ու վերջ: Եթե ոչ, ուրեմն ընդունեք, որ ներկա իշխանությունը վստահության պակաս ունի:

Հայ ժողովրդին պետք է ուժեղ ղեկավարություն, որին կարելի է վստահել անելու այն, ինչ ճիշտ է ժողովրդի համար: Այդ թվում` նաև կատարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջները: Նախագահ Սերժը երեք շաբաթ ուներ` ցույց տալու համար, որ Հայաստանն այդ առումով լավ միջազգային գործընկեր է: Երեք շաբաթ է անցել. անարդար կալանվածներն ազատ չեն արձակվել, մարտի 1-ի դեպքերի անկախ հետաքննություն չի սկսվել, միայն թեթևակի մեղմացվել են հանրահավաքների դեմ կիրառվող միջոցները: Էլ ինչի՞ մասին կարելի է խոսել: