Զավեշտալի իրավիճակ. առաջնորդներն ու պարտվածները Հայաստանում իրականացվող ժողովրդավարասպանության ժամանակներում

Դա շատ լավ միտք էր,
Այն ժամանակ…

                                        Էլվիս Կոստելլո «Փայլուն սխալ»


Ինձ բախտ է վիճակվել ապրելու նույն բնակարանում մի հնգամյա փիլիսոփայի հետ:

Մեկ տարի առաջ, երբ նա դեռ չէր հասել հասունության այն աստիճանին, որն այժմ դրսևորվում է Բարբիի և/կամ Սկուբի Դուի հետ սեփական ինքնությունը փոխատեղելու կարողությամբ, նրա վերլուծական ունակություններն իրենց արտահայտությունը գտան մի առավոտ` նորաձևության հերթական ճգնաժամի ժամանակ, երբ որոշում էր, թե մանկապարտեզ գնալիս ինքը ավելի նորաձև տեսք կունենա մուգ կարմի՞ր, թե՞ փիրուզագույն զուգագուլպայով:

Նրա աշխարհը կազմող թավշե ու պլաստմասսայե խաղալիքների կույտից վերցնելով մեկը` Բարբի Դուն խոսակցություն սկսեց մոր հետ կենդանիների անունների մասին:

Մայր. «Դա ընձուղտ է»:
Բարբի Դու. «Ոչ, սա կրիա է»:
Մայր. «Ոչ, դա ընձուղտ է»:
Բարբի Դու. «Է~հ, մաա~մ, սա կրիա է, որ ձևացնում է, թե ինքը ընձուղտ է»:

Այս շաբաթ խորհրդարանի նույնքան շփոթահար, սակայն նկատելիորեն նվազ անմեղ անդամները առաջին ընթեցմամբ ընդունեցին կրիա` ձևացնելով, թե դա ընձուղտ է:

«Ազգային» ժողովում ընդունված հանրահավաքների մասին օրինագիծը ցույց է տալիս (կարծես` մենք դրա լրացուցիչ կարիքն ունենք) այս իշխանությունների պատրաստակամությունը` վիրավորելու սեփական ժողովրդին, որին կոչված է քաջալերելու:

Ճիշտ այդպես էլ երկրի ղեկավարի նախկին թեկնածուի մեկնաբանությունները ցույց են տալիս ընդդիմության առաջնորդի պատրաստակամությունը` խուսափելու թշնամանքը հաղթահարող լուծում գտնելուց` թշնամանք, որը պառակտում է այն երկիրը, որը, նրա պնդմամբ` օրենքով ինքը պետք է ղեկավարեր:

Հայաստանի առաջնորդները և այդպիսիք լինել ցանկացողները շատ բան կարող են սովորել Բարբի Դուից: Սակայն նրանք շատ հեռու են անսալուց:

Դա է ցույց տալիս այս շաբաթվա երկու իրադարձություն:

1. Հավաքվեք ինչպես կուզեք, քանի դեռ մենք չենք առարկում

Հանրահավաքների մասին Հայաստանի վիճահարույց օրենքը նոր ընթացք ստացավ Բաղրամյան պողոտայում գտնվող դեղին շենքում, որտեղ օրենսդիրները փոփոխեցին իրենց իսկ ընդունած փոփոխությունը, որը ծառայում է իրենց իսկ շահերին և ուղղված է իրավազրկած հանրության դեմ:

Իրավազուրկներից իրենց պաշտպանելու անսահման մղումով և անօրինական արտոնություններից զրկվելու վախով առաջնորդված` խորհրդարանը որոշեց, որ, անշուշտ, իրավունք կտա հանրությանը բողոքելու, քանի դեռ այդ բողոքները տեղավորվում են իր սահմանած շրջանակներում:

93 «կողմ» և 6 «դեմ» քվեարկությամբ ընդունվեց մի օրենք (այդ 6-ն էլ, իհարկե, «Ժառանգություն» խմբակցությունից են` միակ քաղաքական ուժից, որը «ոչ» է ասում հիմնավոր պատճառներով), որը թեև մի քիչ մեղմում է հանրությանը քաղաքացիական իրավունքներից զրկող մարտի 17-ին ընդունված փոփոխությունները, սակայն պահպանում է իշխանությունների լիակատար վերահսկողությունը ինչպես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պաշտոնի են բերել այս իշխանություններին, այնպես էլ նրանց նկատմամբ, ովքեր ուզում են զրկել նրանց այդ պաշտոններից:

Իսկ հիմա գալիս է «ընձուղտ ձևացող կրիայի» լավագույն մասը. եթե հանրահավաք անցկացնելու թույլտվությունը, դիմողի կարծիքով, հանիրավի մերժվում է, նա կարող է դիմել դատարան: Պատկերացնո՞ւմ եք, ի~նչ առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության առումով: Տեսնո՞ւմ եք, Եվրամիություն և այլք: Տեսեք, մենք էլ կարող ենք քաղաքակիրթ լինել:

Բացի մի հանգամանքից. Հայաստանի դատարանները այդ նույն 93-ի (կամ նրանց «տանիքների») գրպանում կամ կրնկի տակ են, ում «այո»-ով այս նախագիծն օրենքի ուժ կստանա: Առաջարկել դատարանը որպես հաշտարար դատավոր ժողովրդավարասպանության այս համակարգում` նույնն է, որ ես Բարբի Դուին ասեմ` «Գնա, հարցրու մայրիկիդ», երբ նրան դուր չի գալիս իմ ընդունած որոշումը:

Միջազգային կառույցներին այս օրենքը դուր կգա, քանի որ նրանք զլանում են խորանալ մանրուքների մեջ:

Բայց ժողովրդին դուր չի գա:

2. Երկխոսություն երկխոսության մասին

Լևոն Տեր-Պետրոսյանը սկսում է ստիպել ինձ համակրել Սերժ Սարգսյանին: Եվ այդ հիասթափությունը շատ խորն է:

Ահա թե ինչ է ասել Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչն այս շաբաթ, երբ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը (Աստված օրհնի նրան) կրկին երկխոսության կոչ արեց ընդդիմությանն ու իշխանություններին.

«Մենք պատրաստ ենք երկխոսություն սկսելու վարչակարգի հետ: Սակայն այդ երկխոսությունը չի կարող սկսվել կողմերից մեկին ծնկի բերելու նպատակով…»:

Ի՞նչ:

Եվ սա ասում է մի մարդ, ով անցյալ աշնանը սկսեց իր նախագահական քարոզարշավը` Սարգսյանին ու նրա շրջապատին «ավազակապետություն» անվանելո՞վ:

Տեր-Պետրոսյանի քարոզարշավի հիմքում հակառակորդին փնովելն էր: Իսկ հիմա նա ասում է, որ «պատրաստ» է քննարկելու տարաձայնությունները, եթե մյուս կողմը հրաժարվի իրեն պատին դեմ տալու մտադրությունից:

«[Նպատակը] պետք է լինի երկրում իրական բարեփոխումներ իրականացնելն ու քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելը»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Նորմա՞լ: Նորմալը նշանակում է մեղադրել հակառակորդներին մարդասպանությանը մեղսակցելու մե՞ջ, ինչպես արեց Տեր-Պետրոսյանը` ակնարկելով, որ Սարգսյանը և նախկին նախագահ Քոչարյանը կապ ունեն 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում ութ քաղաքական գործիչների սպանությանը: Ո՞ր «նորմալ» հասարակությունում է դա «նորմալ»:

Իր կողմից նախագահ Սարգսյանը լցրել է բանտերը մարդկանցով, ովքեր, հավանաբար, պետք է այնտեղ չլինեին (թեև նրանց շարքում կան նաև արժանիորեն բանտարկվածներ), սակայն հայտնվել են ճաղերի հետևում, որպեսզի այլևս չկարողանան վրդովմունք գրգռել Սարգսյանի վարչախմբի դեմ:

Դիմադրության նրա պարանոյան առաջ է բերում մի հարց, որն արդեն բարձրացրել ենք այս խորագրի տակ. եթե նրան ընտրել է հայաստանցիների 53 տոկոսը, ապա ինչո՞ւ է նա այդպես սարսափում իր հակառակորդին ընտրած մի քսան տոկոսից:

Երկխոսության մասին այս բանավեճի հիմքում Հայաստանի ցանկությունն է` լինել Եվրախորհրդի լավ անդամ` Եվրամիությանն անդամակցելու հեռահար նպատակով: Իսկ առայժմ Հայաստանը ավելի ու ավելի քիչ է նմանվում Եվրոպային (ընդ որում, ես չեմ պնդում, թե դա վատ է) և ավելի ու ավելի շատ` մի երկրի, որը չի տարբերում կրիան ընձուղտից, սակայն որի ժողովուրդը շատ լավ տարբերում է դրանք, երբ մեկը ծպտվում է մյուսի տակ: