Թեթև սովամահություն. ռոտացիոն «հացադուլները» տպավորություն չեն գործում

Ես ճիշտ տեղում եմ,
Բայց, երևի, սխալ ժամանակ:


                  Դոկտոր Ջոն «Ճիշտ տեղ, սխալ ժամանակ»

Ես ոչ մի ջանք չեմ խնայում` ճգնելով հասկանալ ներկայումս Հայաստանը համակած «հացադուլների» համաճարակի տրամաբանությունը:

Նախապատմություն. Ներկա վարչակազմը շարունակում է ճնշել, ձերբակալել և, ընդհանրապես, փչացնել իր այն հպատակների կյանքը, ովքեր փետրվարի նախագահական անարդար ընտրություններում սխալ կողմ էին ընտրել: Երկու ճամբարներում էլ կան շան որդիներ, մի բան է հաստատ. կան բանտարկվածներ, ովքեր չպետք է բանտում լինեին, և կան այնպիսիք, ովքեր ազատության մեջ են ու պաշտոններ ունեն, սակայն ավելի մեղավոր են, քան պետության դեմ գործած հանցանքի համար կալանվածները:

Ուստի` ընդդիմության ներկայացուցիչները, իսկ վերջերս` նաև ազատամարտիկները, սկսել են հրաժարվել սննդից` եթե կարելի է այդպես ասել: Նրանք հրաժարվում են ուտել երեք օր: Ըստ էության, նրանց հացադուլներն ավելի նման են պահքի, բայց, երևի, «ազատության պահքը» այն հասարակական հնչողությունը չունի, ինչ «հացադուլը»:

Աստված օրհնի հացադուլավորներին, քանի որ նրանց գործն արդար է: Սակայն հանրության համատարած աջակցությունը շահելու կամ նույնիսկ միջազգային ուշադրության արժանանալու տեսանկյունից նրանց մեթոդները մի տեսակ անլուրջ են:

Ո՞վ է երբևէ լսել «ռոտացիոն» հացադուլի մասին: Ճիշտ այդպես` երեք օրը մեկ ակտիվիստները երեք օրով հրաժարվում են սննդից, իսկ հետո նրանց փոխարինում են իրենց եռօրյա հերթափոխին սպասող մյուս ակտիվիստները:

Միայն Հայաստանում կարելի է երեք օր չուտելը «հացադուլ» անվանել: Մինչդեռ շատ երկրներում դա անվանում են առողջ սննդակարգ` շաբաթավերջյա պահք` օրգանիզմը մաքրելու, թույներից ազատվելու նպատակով: Սակայն այդ երկրները, հավանաբար, ծանոթ չեն խորովածի, տոլմայի, «Լոռի» պանրի կամ երկնքից ընկած թարմ ծիրանի ու լոլիկի գաստրոնոմիական վայելքներին…

Ամենահայտնի հացադուլն անցկացվում է Եռաբլուրում: Ցույց տվեք մեկը, որ անցկացվում է խորովածանոցների Պռոշյան փողոցում, և կհավատանք, որ դա լուրջ է: Ինչևէ:

Մեթոդներից բացի, ինձ համոզիչ չի թվում հացադուլի բուն գաղափարը, նույնիսկ եթե իրականացվում է ավանդական կարգով:

1980-ականների սկզբին իռլանդացի Բոբի Սենդզը մեզնից շատերի համար հերոս դարձավ, երբ բողոքի հացադուլ անելով` մահացավ բրիտանական բանտում: Նա առաջինն էր մի քանի իռլանդացի «ազատամարտիկներից», որոնք հացադուլից մահացան Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերի աչքի առաջ: Սենդզի բողոքի հերոսական ակցիան արժանացավ միջազգային հանրության ուշադրությանը (այսօրվա լրատվական հնարավորություններից դեռ շատ առաջ):

Բոբի Սենդզը մահացավ: Մեծ Բրիտանիան շարունակում է իշխել Հյուսիսային Իռլանդիայում:

Բոբիի դանդաղ ինքնասպանությունը տևեց 66 օր: Համեմատության կարգով` Եռաբլուրում նստած տղերքը երեք օրը մեկ հաստատ մի բան ուտում են: Հայ բողոքավորները մի քիչ հետ են մնացել ժամանակներից, եթե կարծում են, թե երեք օր չուտելով` կարող են փոխել մարդկանց համոզմունքները:

Դա էլ մի կողմ թողնենք: Իշխանությունների հեչ պետքը չէ: Որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ եթե Հայաստանի իշխանությունները կարող են տասնյակ մարդկանց անարդար կերպով բանտ նետել, ապա նրանք դժվար թե ապաշխարեն մի քանի մարդու եռօրյա հացադուլներից:

Երբ Սերժ Սարգսյանն իր նախագահական ճաշին բիֆշտեքս կամ ձկնկիթ է ուտում, մի՞թե նրան հետաքրքրում է, թե ինչ են ուտում գերեզմանոցում նստածները:

Ճիշտ է Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Ռուզան Խաչատրյանը, երբ կասկածի տակ է դնում հացադուլների արդյունավետությունը: Բայց սխալվում է, երբ ասում է, թե դա անօգուտ է, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ:

Հացադուլն անօգուտ է, քանի որ վերջին տասնամյակում Հայաստանի ընդդիմության փորձած միջոցների մեծ մասի նման այն բացասաբար է ընկալվում և ժամանակավրեպ է: Փաստորեն, հացադուլները հակաիշխանական ուժերին համակրողներին հուսահատ տեսք են տալիս, և շատ ավելի թույլ` թեկուզ երեք օր չուտելու հետևանքով: