Լավ կրթե՛ք ձեր երեխաներին. Ցավալի դեպք կաշառակերության հիվանդ համակարգից

Երիտասարդը դաստիարակվում է ըստ իր ընտրած ճանապարհի
և ծերության ժամանակ էլ չի հեռանում դրանից...
                                Գիրք առակաց 22:6

Ես մի ծանոթ ունեմ, որի աղջիկը ծնվել է լսողական/խոսակցական արատով:

Ներեցե՛ք, եթե «արատ» բառը վիրավորում է ձեզ: Բայց Հայաստանում ամեն մի նման անկարողություն հենց այդպես էլ դիտվում է: Այստեղ հաշմանդամ լինել նշանակում է` առնվազն մեկուսացված, վատագույն դեպքում` ծաղրված և միայն հազվադեպ` ընդունված:

Չնայած հաշմանդամությանը` աղջիկը դիմել էր բուհ ընդունվելու համար այնպիսի մի հասարակությունում, որտեղ «նորմալ» երեխաները թե՛ դպրոցում և թե՛ բակում սովորաբար չեն շփվում «ուրիշ» երեխաների հետ:

Նա փաստորեն այնքան էր գերազանցել ինքն իրեն, որ խիզախել էր դիմել Պետական համալսարան` սովորելու «նորմալ» երեխաների հետ: Նրա կրթական կարիքները գնահատողկրթության և գիտության նախարարության աշխատակիցները ապշել էին նրա խոսելու կարողության վրա. «Միլիոնից մեկն է»,- ասել էին նրանք:

Աղջիկը ցանկանում է սովորել հոգեբանություն և իր ակադեմիական գիտելիքներով օգնել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց` հաղթահարելու հասարակությունից մեկուսացված լինելու հետևանքով առաջացած հոգեբանական բարդույթները: Նման մասնագետների կարիք շատ կա, և այն փաստը, որ նա ընտրել է այս մասնագիտությունը` խրախուսանքի է արժանի:

«Նորմալ» երկրներում նա հավանաբար կկարողանար գտնել` իր նման խելացի երիտասարդներին դրամաշնորհներ և կրթաթոշակներ տրամադրող կազմակերպությունների կայքէջեր: Սակայն այս «հաշմանդամ» երկրում...

Հայաստանի պետական բուհերից մեկում ընդունող հանձնաժողովը 2000 դոլար կաշառք է պահանջում` ապահովելու երեխայի ընդունելությունը: Իհարկե, նրանք դա կաշառք չեն անվանում: Նրանց համար դա «մաղարիչ» է, որը ընդունված սովորություն է Հայաստանում, երբ բարի լուր բերողին նվեր են տալիս:

Ահա այս մաղարիչի լուրը` հայերն իրավունք չունեն ատելու թուրքերին այն բանի համար, ինչ վերջիններս արել են նրանց նկատմամբ 1915-18 թթ., եթե 2008 թ. իրենց ապագա սերունդների նկատմամբ խղճի ցեղասպանության նման անընդունելի քաղաքականություն է վարում:

Կրթության և գիտության նախարարությունում ասել էին` որպես «հատուկ կրթական կարիքեր ունեցող» աղջիկը բուհում կարող է անվճար սովորել, եթե ընդունելության քննություններից դրական գնահատական ստանա: Սակայն համալսարանի ընդունող հանձնաժողովն ասաց, որ աղջիկը չի ընդունվի նույնիսկ 20 ստանալու դեպքում, մինչև ծնողները 2000 դոլար չտան իրենց:

Ծանոթս` աղջկա մայրը, դայակ է աշխատում: Իր համեստ միջոցներից նա որոշ գումար է խնայել երեխայի կրթության համար: Տղան ծառայում է Ղարաբաղում: (Ի միջի այլոց, կնոջն ասել էին, որ եթե նա կոնկրետ մարդկանց 1000 դոլար տա, ապա տղային ավելի մոտ զորամասում կտեղաբաշխեն:)

Մայրն անելանելի վիճակում է. նա պետք է ընտրություն կատարի բարոյականության և իր երեխայի ապագայի միջև:

Իսկ երեխայի ապագան ընդամենը 2000 դոլար կաշառքն է: Եթե դա չվճարվի քննական հանձնաժողովին, նա չի սովորի համալսարանում:

Առանց ԿԳ նախարարության թույլտվության, տարեկան վարձը կկազմեր 900 դոլար: Հանձնաժողովում ասել էին, որ ծնողները պիտի շնորհակալ լինեն` չորս տարվա համար 3600 դոլարի փոխարեն 2000 դոլար որպես «մաղարիչ» վճարելու համար:

Ինչպիսի՜ ընտրություն ընտանիքի համար, որին նախարարությունում ասել էին, թե դրական գնահատականների դեպքում (ի դեպ, նա արդեն ստացել էր այդ գնահատականները) աղջիկը կարող է անվճար կրթություն ստանալ:

Ծանոթս հարցրել էր միջնորդին` կարո՞ղ է կեսը հիմա վճարի, մյուս կեսն էլ` հետո:

«Էստեղ բազար չի»,- պատասխանել էին նրան` ասելով, որ ամբողջ գումարը պետք է քննության օրը լինի: Նրանք նաև ասել էին, որ 28 դիմորդ է դիմել այդ բաժնի համար, որոնցից միայն 10-ը պիտի ընդունվի: Իմաստը հասկանալի է` «Առաջինը եկողին առաջինն են սպասարկում»: Կաշառք տվողներն ընդունվում են, չտվողները` ոչ:

Ծանոթս ստիպված գրավ դրեց ոսկեղենը` երեխային համալսարան ընդունելու համար, որպեսզի վերջինս, գիտելիք ձեռք բերելով, կարողանա օգնել ուրիշներին, մինչ նրա եղբայրը Ղարաբաղում պաշտպանում է այս «մեծ ազգը»:

Իհարկե, «բազար չեն անում»: Սակայն այս տարօրինակ համակարգը հազիվ թե հուսադրող է: