Խմեք հանուն փոփոխության. 1,643,835,616 պատճառ, թե ինչու եմ ձայնս տալիս Օբամային

Խմեք հանուն փոփոխության. 1,643,835,616 պատճառ, թե ինչու եմ ձայնս տալիս Օբամային


Մինչ պաշտոնավարումն ավարտող նախագահ Ջորջ Բուշը եզրափակում է այն մեծ ամերիկյան մղձավանջը, որը սկսվեց նրա չհաղթած ընտրություններով և ավարտվում է ամբողջ աշխարհի պարտությամբ, նրա վարչակազմը շարունակում է իսպառ կորցնել եղած հնարավորությունները: Տանուլ տալով Ահաբեկչության դեմ պատերազմը` Վաշինգտոնը գրեթե նույն անհաջողությամբ վարում է Սխալների դեմ պատերազմը, որում հաջողության հասնելու համար չի բավականացնում նույնիսկ 700 միլիարդ դոլարը:

Դուք երևի կարծում եք, թե Երևանը բավականաչափ հեռու է ամերիկյան մայրաքաղաքից, որպեսզի խուսափի ագահության ու խաբեության վրա կառուցված կայսրության պայթյունի բեկորներից: Բայց ոչ: Իմ «Էրեբունի» գարեջուրը («ԱրմենիաՆաուի» պաշտոնական գարեջուրը` ի գիտություն դիստրիբյուտորների) հիմա արժե 350 դրամ, բայց ես չեմ մեղադրում գարեջրագործ օլիգարխ պատգամավոր բազկամարտիկ Գագիկ Ծառուկյանին: Ոչ, ես իմ գավաթը նետում եմ պարոն Բուշի բոստանը:

Աշխարհից մյուս բոլոր առումներով գրեթե լիովին մեկուսացված, միայնակ ու փոքրիկ Հայաստանը ինչ-որ կերպ հայտնվում է ռադարի էկրանին, երբ գործը հասնում է ուրիշների սխալների համար պատժվելուն: (Հիշո՞ւմ եք բենզինի հերթերը, երբ օգոստոսին վրացի խեղկատակը մարտահրավեր նետեց ռուսական արջին:)

Ինչպես և ԱՄՆ-ում, այստեղ էլ կան մարդիկ, ովքեր պաշտոնի են հասել ապօրինի միջոցներով: Բայց Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գոնե հասել են երկնիշ տնտեսական աճի, մինչդեռ Գևորգ Բուշյանն ու Տիգրան Չեյնիյանը վատնել են իրենց երկիրը «Ֆաննի Մեյի» ու «Ֆրեդի Մաքի» նման ընկերությունների վրա:

Լիրիկական զեղում. եթե երկրի ֆինանսական համակարգը կախված է այնպիսի հաստատությունների գործունեությունից, որոնց անվանումները մուլտֆիլմերի հերոսներ են հիշեցնում, մի՞թե նույնիսկ Հարցեր լուծող տղամարդու (ինչպե մի առիթով իրեն անվանել էր նախագահը) նման պարապ մեկը չի տեսնում, որ այդ համակարգը հիմքում ճաք ունի:

Ինչևէ, կարծում եմ` մենք բոլորս էլ «CNN»-ով լսել ենք Ուոլ սթրիթի դատարկախոսների ելույթները 700 միլիարդ դոլարի մեղեդու տակ: Եվ եթե դուք էլ իմ չափ հետաքրքրասեր եք, փորձենք հասկանալ. ի՞նչ կարելի է գնել այդքան փողով` 700.000.000.000 դոլար: Դա 210.000.000.000.000 դրամ է: Ես նույնիսկ չգիտեմ` ինչպես կարդալ այդ թիվը, ուստի ասում եմ` 600 միլիարդ «Էրեբունի» գարեջուր:

Ներկա միջին գնով (հողի քառակուսի մետրի համար) «Ֆաննին» ու «Ֆրեդին» կարող էին գնել Հայաստանի ամբողջ տարածքը, ու դեռ մի 20 միլիարդ էլ կմնար:

700 միլիարդ դոլարը նշանակում է 233.333 դոլար Հայաստանի «պաշտոնապես» գրանցված յուրաքանչյուր քաղաքացուն: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ այստեղ դրանով կարելի էր 42 միլիարդ ձայն գնել (նախագահ Սերժին հերիքեց ընդամենը 862 հազարը):

700 միլիարդ դոլարի քյաբաբներն իրար հետևից շարելու դեպքում դրանք կձգվեն 79.545.454 մղոն` Պռոշյան փողոցից մինչև Մարս (և դեռ մի 369 միլիոն քյաբաբ էլ կավելանա):

Այդ գումարով կարելի է գնել 700 միլիոն մեկ ուղղությամբ տոմս դեպի Գլենդեյլ:

700 միլիարդ դոլարով Հայաստանի կառավարությունը կարող է իր ներկա բյուջեով 35 տարի գոյատևել:

Եթե օրը մեկ շշով բավարարվեմ (ինչպես բժիշկներն են խորհուրդ տալիս), կարող եմ «Էրեբունի» խմել մինչև 1.643.835.616 տարեկանս: Եթե գները կրկին չբարձրանան: Ահա թե ինչու եմ ձայնս տալիս դեմոկրատներին:

Ես գիտեի, որ եթե այստեղ բավականաչափ երկար մնայի, նույնիսկ ես ի վիճակի կլինեի քվեարկելու հօգուտ փոփոխության Հայաստանում: