Փոփոխություն. Հին Ալաբամայից նոր Հայաստան, Օբամայի հաղթանակը մեր հաղթանակն է

Փոփոխություն. Հին Ալաբամայից նոր Հայաստան, Օբամայի հաղթանակը մեր հաղթանակն է


Օբաման ու Բայդենը հայտնվել են Բուշի վարչակազմից ժառանգած քաոսը շտկելու մարտահրավերի առջև

Երբ չորեքշաբթի` Երևանի ժամանակով 8:01-ին, հեռուստացույցով, որին կպած էի ամբողջ գիշեր, հայտարարեցին , որ ԱՄՆ նախագահ է ընտրվել Բարաք Օբաման, «CNN»-ով հեռարձակվող տեսագրությունը իմ մտքում փոխարինվեց մանկությունիցս մի դրվագով, որը համահունչ թվաց պատմական կարևոր այս իրադարձությանը:

Խարտյաշ մազերով և դեռ անտեղյակ իմ փոքրիկ մանկական աշխարհից դուրս աշխարհի գոյությանը, Ալաբամայի հրապարակներից մեկում բարձրացա ոտքիս մատի ծայրերին` ցայտաղբյուրից ջուր խմելու համար: Պարզվեց, որ ամառվա տապից ծարավս հագեցնելու համար իմ ընտրած ցայտաղբյուրին գրված էր` «միայն սևամորթների համար»: Եթե իմանայի, «սպիտակների» ցայտաղբյուրից կխմեի: Երեխաներն անտեղյակ են նման բաներին: Երանի՜ նրանց:

Ծիծաղելով և ինձ մատնացույց անելով` մեծ եղբայրս ու քույրս ծնողներիս պատմեցին իրենց փոքր եղբոր` սովորույթի և օրենքի խախտման մասին: Նրանք ամոթանք տվեցին մի բանի համար, ինչը մինչև այժմ տարակուսանքի մեջ է գցում ինձ: Ես ընտրել էի նեգրերի համար ցայտաղբյուրը: Այն ինձ համար պարզապես աղբյուր էր:

Այդ տարի, Ալաբամայի նախապաշարումներից հեռու և մոտ այն ամենին, ինչ ճիշտ է այս աշխարհի ցանկացած կետում, ծնվեց մի մարդ, որին ուրախությամբ այժմ ի՛մ նախագահն եմ կոչում:

Աբրահամ Լինքոլնի ծննդավայրից նախագահ ընտրված Օբամայի ուղերձը երկպառակտված ազգին հեռավոր արձագանքն էր իմ ու իր սիրած հերոսի` «…մենք կհասնենք դրան…»:

Դա ելույթ էր, որը սերտել եմ ավագ դպրոցի ճարտասանության դասընթացներից, բայց բարձրաձայն չեմ փորձել ասել` վախենալով, որ կարող են ինձ լսել մի ընտանիքում, որտեղ Մարտին Լյութեր Քինգ կրտսերը սատանա էր, իսկ ապագան, որում Բարաք Օբաման պետք է իրականացներ պատվելի Քինգի տեսլականը, ոչ միայն աներևակայելի էր, այլև սարսափեցնող:

Դա աշխարհ էր, որի ոչ մի հեղինակության հետ, որին ենթակա էի, լիներ ծնող, դպրոց թե մարզիչ, ընդհանուր լեզու չէի գտնում: Քահանան, որն ինձ համար անառարկելի հեղինակություն էր և որի եկեղեցին էի հաճախում, շրջապատի մարդկանց ծիծաղը հարուցելով` ասաց ինձ. «Ես նախապաշարված չեմ, պարզապես նեգրերին չեմ սիրում»:

Ես պիտի որ չզարմանայի, երբ «CNN»-ով ցուցադրվող մարդկանց պես իմ աչքերում նույնպես արցունքներ հայտնվեցին` հասկանալով, որ այն Ամերիկան, որն ինձ սովորեցրել էր շրջապատող իրականությունից այն կողմ նայել, իրականացրեց, ըստ երևույթին, արժանի ծառայի և նրա գեղեցիկ ընտանիքի երազանքը:

Ես դիտում էի, թե ինչպես Միշել Օբաման գրկախառնվում էր փոխնախագահ ընտրված Ջո Բայդենի հետ, և հիշում իմ մանկության տարիները, երբ հեռուստատեսությամբ արգելված էր ցուցադրել «սպիտակ» մարդուն սևամորթի հետ համբուրվելիս:

Բարաք Օբաման Ամերիկայի «ճիշտ» ընտրությունն է, ոչ այն պատճառով, որ նա սևամորթ է, ոչ էլ նրա հաղթանակը միայն աֆրոամերիկյան համայնքինն է: Առանց սպիտակամորթների, իսպանացիների, ասիացիների, բնիկների ձայների Քանզասի և Քենիայի որդին չէր դառնա պատմություն կերտող:

Ամերիկայի այս նոր նախագահի ընտրությունը, բացի այս պահի վտանգավոր լավատեսական գնահատականից (ներառյալ իմ), ավելի համընդհանուր գաղափարախոսություն է ներկայացնում, քան ռասայական, ազգային, տարիքային կամ սեռային խնդիրները: Միանգամայն պարզ է, որ նոյեմբերի 4-ի Ամերիկայում ընտրությունները վերածնեցին ոչ միայն ամերիկացիների հավատը:

Լսելով Բարաք Օբամայի համեստ ու գեղեցիկ ելույթը` ես լսեցի ուղերձ իմ նոր հայ կնոջը, որի` Հայաստանն ավելի բարեկեցիկ տեսնելու հույսերը ամեն անգամ հօդս են ցնդում, երբ ընտրություններն այստեղ ուղեկցվում են ընտրակեղծիքներով: Ես լսեցի ուղերձ իմ նոր հայ երեխաներին, որոնք մոտավորապես Օբամայի դուստրերի տարիքին են:

Տուր ժողովրդավարությանը և մարդկային պարկեշտությանը հնարավորություն, և ցանկություններիդ իրականացման ճանապարհը կգտնվի:

Ալաբամացի երեխա լինելով` ես տեսել եմ, թե ինչպես էին շներին բաց թողնում նրանց վրա, ովքեր ուղի հարթեցին Չիկագոյի «Գրանտ» զբոսայգու բեմում ելույթ ունեցող Բարաք Օբամայի համար: Հեռուստատեսային նորությունների թողարկման ժամանակ ես տեսնում էի, թե ինչպես էին սպիտակամորթ հրշեջները ջրով ցրում սևամորթ ցուցարարներին: Իմ այս նոր տանը ես տեսել եմ, թե ինչպես են ջրցան մեքենաները ուղղվել նրանց վրա, ովքեր ռասայական խտրականությունից զատ, փոփոխություններ են փնտրել այս հասարակության մեջ, լսել եմ, թե ինչպես են հայհոյում ցանկացած ազգային փոքրամասնության ներկայացուցչի իրենց մաշկի գույնի, սեռական կողմնորոշման, ազգային պատկանելության համար, և ո՞վ պետք է ավելի լավ իմանար տգիտության վրա հիմնված այս չարիքը, քան այս մարդիկ:

Թե իմ պատանեկության Ալաբամայում և թե այն Հայաստանում, որտեղ այժմ բնակվում եմ, որ հայտնվել է սոցիալիզմի ձախողումների և ժողովրդավարության խոստացած բարեկեցիկ կյանքի միջև, որտեղ խտրականությունն ու կասկածը սպանում են հույսը, Բարաք Հուսեյն Օբամայի ընտրությունը իրական է դարձնում նրա նախընտրական կարգախոսը, որը ես ուզում եմ, որ իմ երեխաները հասկանան այնպես, ինչպես որ ես եմ հասկանում երևանյան այս չորեքշաբթի վաղ առավոտյան` «Այո՛, մենք կարող ենք»: