Անկարայից մինչև Դրեզդեն. ճշմարտությունն ընդդեմ տեսակետի, երբ խոսքն իրականում դիվանագիտության մասին է

Անհիմն: Տգետ: Ատելի:

Որտե՞ղ են այս բառերը, երբ դրանք պետք են:

Ոչ Վաշինգտոնում:

Հաստատ ոչ Անկարայում այս ապրիլին:

Դրանք Դրեզդենում էին` ուրբաթ օրը, իմ հերոս և նախագահ Բարաք Օբամայի շուրթերին, և այդ բառերը ճշմարիտ էին ու անասելի սուր, ու բաժանում էին խելամիտ մարդկանց հիմարներից, ովքեր կարծում են, թե պատմությունն ընդունելը կյանքի ընտրություններից մեկն է:

«Առ այսօր կան այնպիսիք, ովքեր պնդում են, թե Ողջակիզում երբեք չի եղել` փաստերի ու ճշմարտության մերժում, որն անհիմն է, տգետ ու ատելի,- ասաց Օբաման: - Այս վայրն ամենամեծ կռվանն է նման մտքերի դեմ և հիշեցում է մեր պարտականության մասին` դիմակայելու նրանց, ովքեր ստեր են տարածում մեր պատմության մասին»:

Փոխարինեք «Ողջակիզումը» «Հայոց ցեղասպանությամբ», և այդ խոսքերը կպատկանեն այն նույն մարդուն, որը, հավատում եմ, չի վերածվել մի մարդու, որը շատ ամերիկահայերի գնահատականներում բացականչական նշանի փոխարեն արժանացել է հարցական նշանի:

Ինձ ապշեցրեց, թե նա ինչպես է կիրառում «մեր պատմությունը» խոսքերը:

Մե՞ր:

Ո՞ւմ է պատկանում 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում ձևավորված պատմությունը: Առ այսօր` թուրքերին: Նրանք են, որ հմտորեն խաղում են դրանով` վերաձևելով պատմությունն ու զրկելով այն սեփականտիրոջից: «Դա մենք չենք արել, պատերազմն է արել»:

Մի՞թե ինչ-որ մեկի ընտանիքն ավելի քիչ սպանված կլինի` կախված այն լեզվից, որն օգտագործվում է նկարագրելու համար, թե ինչու ատելությունը սպանեց նրանց: Մի՞թե հրեական բեռն ավելի ծանր է, քան հայկականը: Ոչ, Ողջակիզման բեռը ընդհանուրիս տառապանքն է, քանի որ դա «մեր պատմությունն» է:

Եվ Հրազդանից մինչև Հարվարդ` ո՞վ չի տեսնում համաշխարհային առաջնորդի կեղծ բարեպաշտությունը, որը ծաղիկներ է դնում Դրեզդենում, սակայն խուսափում է ճշմարտության պարտավորությունից Անկարայում:

Ինչո՞ւ իմ նախագահը կարող է խոնարհել իր գլուխը Դրեզդենում, սակայն չուղղել իր մեջքն Անկարայում ու չարտաբերել «ցեղասպանություն» բառը` պատասխանելու 20-րդ դարի սկզբի Թուրքիայում տեղի ունեցած «գազանությունների» մասին լրագրողի հարցին:

Ի գիտություն անբավարար տեղեկացվածների. ապրիլի 6-ին Օբաման Անկարայում հանդիպում ունեցավ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ, և մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրին` արդյոք նա օգտագործելո՞ւ է «ցեղասպանություն» բառը Հիշատակի օրվան նվիրված ապրիլի 24-ի իր ուղերձում:

«Այս պահին ես ցանկանում են կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք և հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել… ամբողջ աշխարհը պետք է քաջալերի նրանց»,- ասաց նախագահը:

Դա դիվանագիտության փայլուն նմուշ էր: Նա առնվազն ակնարկեց, որ տեղյակ է ճշմարտությանը, թեև չի պատրաստվում բարձրաձայնել այն: Գուցե սա միայն սկիզբն է` հաշվի առնելով, որ այս նախագահը, որը սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դեռևս երեք տարի պաշտոնավարելու է:

Այդուհանդերձ, անդրադառնանք Դրեզդենում նախագահի օգտագործած «տգետ» բառին: Ո՞րն է ավելի վատ`ժխտե՞լ կատարված չարիքը, թե՞ իմանալ, որ այն տեղի է ունեցել և չասել այդ մասին` հանուն դիվանագիտական նպատակահարմարության:

Ես իրոք կուզենայի, որ իմ նախագահը Դրեզդենում չասեր. «Այս վայրն ամենամեծ կռվանն է նման մտքերի դեմ և հիշեցում է մեր պարտականության մասին` դիմակայելու նրանց, ովքեր ստեր են տարածում մեր պատմության մասին»:

Ի՞նչ տարբերություն սուտ ասելու և ճշմարտության մասին չբղավելու միջև, երբ արտոնված ես այդ անելու:

Ըստ երևույթին, դա «մեր պատմության» և «այս պահի իմ տեսակետի» միջև եղած տարբերությունն է: