«Ֆորբս». Հայաստանը երկրորդ վատագույն տնտեսություն ունեցողն է աշխարհում

«Ֆորբս». Հայաստանը երկրորդ վատագույն տնտեսություն ունեցողն է աշխարհում


Երեքշաբթի «Ֆորբս» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի տասը վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցուցակը, որում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ վատագույն հորիզոնականը Մադագասկարից հետո:

117 երկրներից ընտրվել է վատագույն տասնյակը` հաշվի առնելով երեք տարվա ընթացքում երկրի համախառն ներքին արդյունքի աճը և գնաճը (այդ թվում` Արժույթի միջազգային հիմնադրամի 2012 թ. կանխատեսումները), մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ինդեքսը, արտաքին պարտքը և ներմուծման-արտահանման հարաբերակցությունը:

2010-ի համեմատությամբ այս ցուցակում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Եթե նախկինում ընդգրկված էին հիմնականում աֆրիկյան պետություններ, ապա այս տարվա ցուցակում տեղ են գտել նաև Ուկրաինան (4-րդ տեղ), Ղրղըզստանը (7), Իրանը (10): Տնտեսությունների անկման հիմնական պատճառները հետազոտության հեղինակները համարում են ոչ միայն տնտեսական ճգնաժամը, այլ նաև սխալ կառավարումն ու կոռուպցիան:

«Գանան և Զիմբաբվեն բարելավել են իրենց տնտեսությունը և դուրս եկել ցուցակից, մինչդեռ մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանն ու Ճամայկան, հիմնականում համաշխարհային ճգնաժամի պատճառով ավելի ցածր հորիզոնականներ են իջել: Մյուսները, ինչպես, օրինակ` Մադագասկարն ու Նիկարագուան, ցածր հորիզոնականներ են զբաղեցրել հիմնականում իրենց ղեկավարների անկարողության պատճառով: Զարմանալի չէ, որ 10 վատագույն տնտեսություն ունեցող երկրներից ութը «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» («ԹԻ») ներկայացրած ցուցակում («Կոռուպցիայի համաշխարհային համաթիվ») նույնպես ստորին հորիզոնականներ են զբաղեցրել, որոնցից Գվինեան, Ղրղըզստանը և Վենեսուելան ամենացածր հորիզոնականներում էին:

«ԹԻ»-ի հետազոտական խմբի ղեկավար Ռոբին Հոդեսի խոսքով` կոռուպցիան խոչընդոտում է տնտեսության զարգացումը, մարդկային զարգացումն արտացոլող բոլոր ցուցիչները դրանից տուժում են: «Որտեղ կառավարությունը չի աշխատում, տնտեսությունը չի զարգանում»,- ասել է Հոդեսը:

Ըստ «Ֆորբսի»` Հայաստանը հիմնականում տուժել է ֆինանսական ճգնաժամից. «2009-ին Հայաստանի տնտեսությունը 15%-ով անկում ապրեց, երբ արտասահմանյան ներդրումներով ընթացող շինարարական բումը ձախողվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով: Գալիք մի քանի տարիների միջին աճի կանխատեսումներով` այս հետխորհրդային երկիրը, որը կախված է Ռուսաստանի և Իրանի էներգակիրներից, ջանքեր է գործադրում աշխարհի մյուս երկրներից հետ չմնալու համար: Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3000 դոլար է, որը 3 անգամ պակաս է հարևան Թուրքիայի ՀՆԱ-ից, իսկ գնաճը 7% է»:

Հայտնի տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը վստահում է «Ֆորբսի» այս գնահատականին.

«Սովորաբար «Ֆորբսի» հետազոտությունները փաստարկված են: Մեր հետազոտությունները ևս ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, այս առումով համակարծիք եմ, սակայն վստահ եմ, որ իրավիճակը շտկելու հնարավորությունները սպառված չեն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մանասերյանը:

http://blogs.forbes.com/danielfisher/2011/07/05/the-worlds-worst-economies