Նոր հնարավորությո՞ւն. ԵՄ-ի կողմից ռուսական պատժամիջոցների ֆոնին Հայաստանը ձգտում է ավելացնել գյուղմթերքների արտահանման ծավալները

Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են ինտենսիվորեն խթանել Ռուսաստան արտահանվող հայկական ապրանքների ծավալները` օգտվելով այդ երկրի տնտեսության նոր պայմաններից, տնտեսագետները շարունակում են թերահավատ մնալ ձեռնարկված միջոցների արդյունավետության ու հաջողություն գրանցելու հարցում:

Հայաստանն ուզում է օգտվել առիթից և ուկրաինական ճգնաժամի հետևանքով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արևմտյան ապրանքների մուտքն իր երկիր ներկրելու արգելքն օգտագործել ի նպաստ Հայաստանի:

Մասնավորապես, Հայաստանի կառավարությունը, ի դեմս գյուղատնտեսության նախարարության, նախորդ մեկ ամսում մի շարք միջոցառումներ է իրականացրել արտահանման ծավալներն ավելացնելու համար:

Օգոստոսի սկզբին Ռուսաստանի տնտեսության` Հայաստանի համար ի հայտ եկած հնարավորություններին է անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են բացվել մեր գյուղատնտեսական մթերքներ արտադրողների համար: Մենք խրախուսելու ենք մարդկանց, որպեսզի ավելի շատ մթերք արտադրեն: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի այդ մթերքն իրացվի Ռուսաստանի Դաշնությունում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է նախագահը:

Նախագահի նշած աշխատանքները համակարգված կազմակերպելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունում արդեն ստեղծվել է արտահանումների աջակցության աշխատանքային խումբ, կազմվել է արտահանման ուղեցույց, իսկ նախարարը հայտարարել է, որ հայկական փոքր և միջին ընկերությունների արտադրանքը` միսն ու մսամթերքը, կաթնամթերքը, չիրն ու պահածոները, խոշոր ձեռնարկությունների արտադրանքի հետ մեկտեղ նույնպես բավական որակյալ են ու մրցունակ և ռուսաստանյան շուկայում մեծ պահանջարկ կունենան:

«Արտահանման ծավալները կրկնապատկելու ենք այս տարի: Մենք դրա ռեալ հնարավորություններն ունենք»,- ասել է Սերգո Կարապետյանը:

Կարապետյանի վստահությունն ամրապնդում են նաև Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանի դիտարկումները, որ ներկայումս Հայաստանից արտահանվող գյուղմթերքը Ռուսաստանում բավական լավ է իրացվում, և կա անսպառ պահանջարկ:

Այդուհանդերձ, փորձագետները թերահավատ են կառավարության լավատեսության հարցում ու իրենց տեսակետները ամրապնդող մի քանի հանգամանքներ են մատնանշում:

Տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի գնահատմամբ` իր գործելակերպով իշխանությունները շփոթեցնում են Հայաստանի քաղաքացիներին և գործարարներին:

«Հայաստանն ու Ռուսաստանը միշտ էլ սերտ տնտեսական կապեր են ունեցել, որոնք համաձայնեցված են Ազատ առևտրի համաձայնագրով, որի շնորհիվ միշտ էլ կարող էինք օգտվել Ռուսաստանի պահանջարկից: Սակայն մեր գյուղարտադրանքի ծավալն այնքան էլ մեծ չէ, Հայաստանի տնտեսությունն այնքան էլ զարգացած չէ, որ կարողանա երկարաժամկետ պայմանագրեր ունենալ ռուսական ներկրող ընկերությունների հետ»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով` ամենամեծ շփոթմունքի մեջ են հայտնվելու գործարարները, քանի որ իրենց արտադրությունները մեծացնելու համար կարող են «վարկեր վերցնել ու փաստի առաջ կանգնել»:

Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներից է, որի հետ առևտուրն այս տարվա առաջին կիսամյակում հասել է գրեթե 600 մլն դոլարի` տեղեկացնում է ազգային վիճակագրական ծառայությունը: Սակայն Հայաստանը դեռ ավելի շատ ներկրում է Ռուսաստանից, քան արտահանում, քանի որ արտահանումը կազմում է 600 միլիոնի մեկ քառորդից պակաս մասը:

Այս տարվա առաջին վեց ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է մոտ 10 մլն դոլարով` կազմելով 133 մլն դոլար: Անցյալ տարվա ընթացքում, սակայն, այս ցուցանիշն աճել է մոտ 55 մլն դոլարով` կազմելով ավելի քան 334 մլն դոլար:

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ` թե՛ Հայաստանի, թե՛ հայության պոտենցիալը մեծ է Ռուսաստանի շուկայում կարևոր դեր զբաղեցնելու համար:

«Այս պահին՝ ո՛չ, պատրաստ չէ մեր տնտեսությունը այդ տեղը զբաղեցնելու: Դրա համար մեծ աշխատանք պետք է կատարվի»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Մանասերյանը: