Պատժամիջոցներ. Հայաստանը կարող է զգալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի դիմակայության հետևանքները

Ուկրաինական ճգնաժամի հետևանքով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները դժվարին կացության մեջ են դնում Հայաստանը, որը տնտեսապես մեծապես կախված է Ռուսաստանից՝ նշում են փորձագետները:

Թեպետ Արևմուտքի հետ դիմակայության՝ Հայաստանի հարևան Իրանի փորձը խիստ բացասական հետևանքներ չունեցավ, սակայն սա ոչ բոլոր տնտեսագետներին է հիմք տալիս մտածելու, որ Հայաստանը կկարողանա անհետևանք դուրս գալ Ռուսաստանի տնտեսության առջև ծառացած խնդիրներից:

Հայաստանը Ռուսաստանին մի շարք տնտեսական ուղիներով է կապված: Ռուսաստանում աշխատում է ու Հայաստանի բյուջեի կեսի չափ գումարներ է ուղարկում Հայաստանի աշխատանքային միգրանտների մեծ մասը: 2013-ին Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են 1,6 մլրդ դոլար:

Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ ներդրողներից է, այստեղ գործում են ռուսական մի շարք առաջատար ընկերություններ, ինչպես, օրինակ՝ «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, «Ռոսնեֆտը», «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկը», «ՎՏԲ-Հայաստան բանկը» և այլն, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել:

Ռուսաստանը նաև Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, անցյալ տարվա 600 մլն դոլար ապրանքաշրջանառության ¾-ը կազմել է ներկրումը Ռուսաստանից, ¼-ը՝ արտահանումը:

Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանն է անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանը՝ մասնավորապես պատասխանելով այն հարցադրումներին, որ այդ պատժամիջոցները կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար:

Այս տեսակետի կողմնակիցները ելնում են այն հանգամանքից, որ եթե Ռուսաստանի տնտեսությունը քիչ աճ ունենա կամ չաճի, և քանի որ մեր տնտեսությունը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի տնտեսության հետ, անպայման Հայաստանի համար բացասական հետևանքներ կարող են լինել: Ես չեմ կարող հերքել այդ վարկածը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Սարգսյանը՝ շեշտելով, որ «դա ընդամենը վարկած է»:

«Թեև՝ շատ հավանական, բայց՝ վարկած է: Մշտապես այդպիսի թեմաները դառնում են սուր քննարկումների, բանավեճերի առարկա: Միգուցեև դա ճիշտ է: Բայց մյուս կողմից էլ՝ դա որպես պարզ ճշմարտություն չի կարելի ընդունել, և մենք իրավունք չունենք դա ընկալելու, որ հենց այդպես է լինելու՝ անպայման բացասական հետևանքներ են լինելու»,- հավելել է նախագահը՝ ընդգծելով, որ կառավարության ծրագրով նախատեսված են կանխարգելիչ միջոցառումներ:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմից բխած աշխարհաքաղաքական լուրջ ճգնաժամը բարդ դրության մեջ է դնում Հայաստանին:

«Հայաստանը կախյալ վիճակում է Ռուսաստանից, բայց նաև որոշակի կախվածություն կա Արևմուտքից: Հայաստանը պետք է փորձի այնպիսի քաղաքականություն վարել, որ չբարկացնի որևէ կողմին»,- «ԱրմենիաՆաուին» ասաց քաղաքագետը:

«Ուկրաինական ճգնաժամը շարունակվելու դեպքում գոնե տրանսֆերտների քանակը կկրճատվի: Եթե հաշվի առնենք, որ տարեկան տրանսֆերտները գրեթե Հայաստանի բյուջեի չափ են, ապա դա լուրջ հարված կինի սպառողական շուկայի գնողունակությանը, որն առանց այն էլ կրճատվում է»,- հավելեց Բոզոյանը:

Հատկանշական է, որ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներից անմիջապես հետո ԱՄՆ-ն զգուշացրել էր բոլոր պետություններին, այդ թվում և՝ Հայաստանին՝ որպես Ռուսաստանի հետ բարիդրացիական հարարբերությունների մեջ գտնվող երկրի, «հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկը, որ կառաջանա պատժամիջոցների ենթարկված անձանց ու ընկերությունների հետ գործ ունենալու դեպքում»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ էր տվել «դադարեցնել բոլոր գործարքները», որոնք հակասում են Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: Խնդիրը, սակայն, այն է, որ Հայաստանում գործող բազմաթիվ ռուսական ընկերություններ, ինչպես, օրինակ, «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը, մենաշնորհային դիրք ունեն, և նրանց հետ գործունեությունը խզել հնարավոր չէ:

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ Հայաստանի համար պատժամիջոցների ենթարկված պետության հետ հարաբերություններ պահպանելը նորություն չէ:

«Հայաստանի տնտեսությունը անկախ պետության տնտեսություն է, և Իրանի ու Արևմուտքի լարված հարաբերությունները լուրջ ձևով չազդեցին Հայաստանի տնտեսության վրա»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Մանասերյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները Հայաստանի վրա խիստ բացասաբար չեն անդրադառնա: