Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայ-գերմանական հարաբերությունների խթանման շուրջ

Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայ-գերմանական հարաբերությունների խթանման շուրջ

Photo: www.president.am

Չորեքշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը զեկուցել է հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի և հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ:

Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, գործարար համաժողով, դեսպան Սմբատյանը զեկուցել է նաև այդ իրադարձություններին ընդառաջ կատարվող աշխատանքների մասին:

Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Արտակ Դավթյանը, Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանը, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

«Գերմանիան մեր երկրի թիվ մեկ առևտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում»,- ասել է Սարգսյանը` վկայակոչելով Գերմանիայի հետ առևտրաշրջանառության ծավալները և հայաստանյան շուկայում գործող գերմանական կապիտալով մի շարք ընկերություններ:

«Մենք արդեն եվրոպական գործընկերներին ներկայանում ենք նաև որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, որը նոր հնարավորություն է՝ հրավիրելու նրանց ներդրումներ կատարելու Հայաստանում՝ ունենալով նաև ԵԱՏՄ տարածքը որպես շուկա։

Նախ կցանկանայի տեսնել, թե ի՞նչ հնարավորություններ ունենք ընկերությունների թիվն ավելացնելու, որովհետև գերմանացիները տիրապետում են բարձրակարգ տեխնոլոգիաների՝ արտադրության գրեթե բոլոր բնագավառներում։

Եվ, իհարկե, Հայաստանում էլ կան գործարարներ, ովքեր նրանց հետ կարող են լինել գործընկեր, այնուհետև նաև՝ պատասխանատու լինել այդ արտադրանքի իրացման համար։ Կարծում եմ, որ մեզ համար կարևորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ»,- ասել է Հայաստանի ղեկավարը` դիմելով Գերմանիայում Հայաստանի դեսպանին:

Դեսպան Սմբատյանը ներկայացրել է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը, զարգացման դինամիկան, ընթացիկ և առաջիկա ծրագրերը, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլն:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն Սերժ Սարգսյանի երրորդ նման հանդիպումն է կառավարության բարձրաստիճան անդամների և դիվանագետների հետ` ուղղված այս կամ այն երկրի հետ համագործակցության խթանմանը: Նախորդ երկու հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում Իրանի և Ֆրանսիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններն էին: