Իշխող կուսակցության պատգամավոր. Հայաստանը պետք է գազի տարանցման դեր ստանձնի Իրանի և Վրաստանի միջև

Իշխող կուսակցության պատգամավոր. Հայաստանը պետք է գազի տարանցման դեր ստանձնի Իրանի և Վրաստանի միջև

Ֆոտոլուր

Իշխանության կարծիքով` Հայաստանը պետք է Վրաստանի և Իրանի միջև գազի տարանցման դերակատարում ունենա, ինչի համար բանակցություններ են վարվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով` Իրանը թե՛ որպես ռազմավարական գործընկեր և թե՛ տարածաշրջանային հարևան երկիր պետք է ձգտի իր ռեսուրսները դուրս բերել միջազգային շուկա:

«Վրաստանը ձգտում է Իրանից գազ ստանալու, և շատ կարևոր է Հայաստանի դերակատարումը, որպեսզի կարողանանք այդ տարանցիկ երկիրը լինել: Գազամուղն ունենք, հնարավորությունները կան: Ինչո՞ւ է հենց Հայաստանը, որովհետև գազամուղը Հայաստանից դեպի Վրաստան կա, որովհետև մենք կապ ունենք Վրաստանի և Իրանի հետ, այսինքն՝ պետք է հզորությունն ավելացնել և անհրաժեշտ գազի քանակությունը տեղափոխել Իրանից Վրաստան»,- հինգշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ռուսաստանին և Վրաստանին այդպես էլ չհաջողվեց համաձայնության գալ Հայաստան տարանցվող ռուսական գազի և Վրաստան ռուսական գազի մատակարարման գների փոփոխության շուրջ, փոխարենը Վրաստանը պայմավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ:

Ի դեպ, անցյալ շաբաթ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո Իրանից բնական գազ ստանալու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Ըստ համաձայնագրի՝ ադրբեջանական կողմը 500 մլն խմ-ով ավելացնում է գազի մատակարարումը Վրաստան և նվազեցնում է կոմերցիոն գազի գինը: