Ներկրման մտահոգություններ. հայ օրենսդիրները քննարկում են ԵԱՏՄ երկրներից ներմուծված ավտոմեքենաներից ԱԱՀ-ն հանելու հարցը

Ներկրման մտահոգություններ. հայ օրենսդիրները քննարկում են ԵԱՏՄ երկրներից ներմուծված ավտոմեքենաներից ԱԱՀ-ն հանելու հարցը

Photo: www.parliament.am

Այս շաբաթ խորհրդարանը ձեռնամուխ է եղել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի քննարկմանը, ըստ որի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքից ներկրվող ավտոմեքենաների վրայից այսուհետ կհանվի ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ):

Օրինագիծը ԱԺ պատգամավորների ու կառավարության համատեղ նախաձեռնությունն է: Կառավարությունը որոշել է հրաժարվել ԵԱՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար ԱԱՀ-ի գանձումից: Առաջարկը պաշտպանում են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությունները: Առաջարկը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց, գործելու է «մեկ անձ, մեկ ավտոմեքենա» մոդելով:

Առաջարկը հիմնավորվում է ԵԱՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում ամրագրված սկզբունքներով: Ըստ հեղինակների՝ հարկատեսակի գանձումը հակասում է դրանց, քանի որ ԵԱՏՄ-ն ընդհանուր տնտեսական տարածք է և ապրանքների տեղաշարժի համար հատուկ պայմաններ է նախատեսում:

Այդուհանդերձ, պատգամավորներից շատերը օրենսդրական առաջարկը սպասված, բայց ուշացած են համարել: Հիմնական մտահոգությունը վերաբերել է այն հարցին, թե արդյոք փոխհատուցվելո՞ւ են այն քաղաքացիների գումարները, որոնցից մինչ այժմ ԱԱՀ-ն գանձվել է:

«ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաներից մինչև հիմա գանձվել է 1.7 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ, որի վերադարձի հարցը քննարկման ենթակա է: Պետք է քննարկենք, թե ում ենք վերադարձնում: Պետք է սա դիտարկենք սոցիալական խնդիրը»,- ասել է օրենքի համահեղինակներից ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանի դիտարկմամբ՝ ԱԱՀ-ի գանձումն ի սկզբանե ժամանակավոր բնույթ է ունեցել:

«Ժամանակ էր պետք, որպեսզի բանակցեինք ԵԱՏՄ կառույցների հետ, որ առանձնահատուկ մոտեցումներ սահմանվեին ՀՀ-ից ԱԱՀ գանձման սկզբունքների առումով, ինչը հնարավորություն կտար ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափը հավասար կիրառել»,- ասել է Կարայանը:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, օրենքի համահեղինակներից Վարդան Այվազյանն էլ հայտարարել է. նախագիծն ըստ էության հարկային ռեժիմի թեթևացում է նախատեսում, հորդորելով պատգամավորներին ընդունել այն և ապա նոր մտածել հարակից հարցերի մասին:

Մինչդեռ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ նշել է, որ եթե երկրում քիչ թե շատ ինքնուրույն դատական համակարգ լիներ, ապա քաղաքացիները, ովքեր ներկրած ավտոմեքենաների համար վճարել էին ԱԱՀ, կարող էին դատական ճանապարհով փոխհատուցում ստանալ, ինչը սակայն չեն արել:

«Այժմ գործող, նաև նախկին Սահմանադրությունն ունի դրույթ, որը հնարավորություն է տալիս՝ քաղաքացու իրավիճակը բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, եթե այդ մասին նշում է կատարված այդ իրավական ակտում: Եթե այս նախագծի հեղինակները համաձայն են, կարող է կետ մտցվի, որ օրենքը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստան մուտք եղած մեքենաների վրա: Այսպես այդ խնդիրը լուծվում է»,- ասել է Ջհանգիրյանը:

2001-ին Հայաստան է ներկրվել 5800 մեքենա, 2014-ին ՝ ավելի քան 46 հազար: 2015 թվականին ԵԱՏՄ երկրներից Հայաստան է ներկրվել 5700 մեքենա, իսկ երրորդ երկրներից` 24.000: Հանրապետություն մտնող մեքենաների 90 տոկոսը մինչև 10 հազար դոլար արժեք ունի, մոտ 60 տոկոսը ՝ մինչև 5 հազար դոլար: