ՏՄՊՊՀ-ն` ընդդիմության քննադատության թիրախում. պատգամավորները հակամենաշնորհային մարմնին «նեղել» են մենաշնորհների հարցերով

ՏՄՊՊՀ-ն` ընդդիմության քննադատության թիրախում. պատգամավորները հակամենաշնորհային մարմնին «նեղել» են մենաշնորհների հարցերով

Photo: www.parliament.am

Չորեքշաբթի խորհրդարանը քննարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) 2016 թվականի գործունեության ծրագիրը, որի ընթացքում էլ պատգամավորներից շատերը բարձրաձայնել են երկրում տիրող մենաշնորհային իրավիճակի մասին` հորդորելով ՏՄՊՊՀ նախագահին ստուգումներ անցկացնել տարբեր ոլորտներում:

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ուսումնասիրության համաձայն` Հայաստանում կա մուտքի խոչընդոտ բանան, տակդիր, դեղորայք, զոդման էլեկտրոդներ ներմուծելու համար:

«Ստուգեք, 2016 թվականի ծրագրում կոնկրետ մտցրեք, ոչ թե մեզ բացատրեք՝ ի՛նչ է կարտելը կամ համաձայնությունը: Ստուգեք, ասեք՝ կա, չկա»,- ասել է Մարուքյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով Հայաստանում բենզինի ու վառելիքի բարձր գներին, հիշեցրել է, որ 2013 թվականին Հայաստանը և Ռուսաստանը կնքել են համաձայնագրերի փաթեթ, որոնց համաձայն Ռուսաստանը նավթամթերքը արտոնյալ պայմաններով էր տալու՝ առանց արտահանման մաքսատուրքի: Նա նշել է, որ այսօր ռեգուլյար տիպի բենզինը Հայաստանում 390 դրամ է, Վրաստանում՝ մոտ 250 դրամի կարգի:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանել է, որ երկրում բենզինի գները 480 դրամից 390 դրամի են հասել:

«Հայկական դրամի փոխարժեքը մեծ ազդեցություն ունի, այս երկու տարիների ընթացքում դրամն արժեզրկվել է: Եթե դրամի փոխարժեքի ազդեցությունը հանենք, միայն դոլարային արտահայտությամբ նայենք վաճառքի գները, կտեսնենք, որ վերջին երկու տարիների ընթացքում գինը նվազել է 32 տոկոսով: Վաճառքի գների նվազումը համահունչ է ձեռքբերման գների նվազմանը»,- ասել է Շաբոյանը, ավելացնելով, որ ներկրող ընկերությունների վարքագծում չարաշահում չեն տեսնում:

Փաշինյանի հաջորդ հարցը վերաբերել է շաքարավազի շուկային, որտեղ 99 տոկոսը զբաղեցնում է միայն մեկ ընկերություն:

«Մեր երկրում մենաշնորհներ չկան, կան գերիշխող դիրք ունեցողներ, իսկ գերիշխող դիրք ունենալը օրենքով չի արգելվում: Խնդիրը չարաշահումներ թույլ չտալն է: Ինչո՞ւ է խոշոր բաժին զբաղեցնում «Ալեքս Գրիգը»` դա էլ իր տրամաբանական բացատրությունն ունի. հումքը ներկրվում է, տեղում` մեր հանրապետությունում, շաքարավազի արտադրություն է իրականացվում, մեծ ծավալի ներդրումներ են լինում: Շաքարավազի գծով առաջարկը ավելի շատ է, քան պահանջարկը: Ես չեմ կարող պատկերացնել, որ երկրորդ ընկերություն լինի, որը ներդրումներ իրականացնի այդքան և կարողանա արտադրել»,- պատասխանել է Շաբոյանը:

«Օրինաց երկիր» (OԵԿ) խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ իր հայտարարությունում նշել է, որ ՏՄՊՊՀ-ն թույլ է ու հնարավորություն չունի ինքնուրույն աշխատելու:

«Պատճառը պարզ է՝ երկրում կա կլանային, ստվերային քաղաքականություն, ստվերային տնտեսություն, ինչն էլ հանձնաժողովին թույլ չի տալիս ինքնուրույն գործունեություն ծավալել, ինքնուրույն գնահատականներ տալ»,- ասել է Բիշարյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ անդրադարձել է Հայաստանում հայտարարվող կեղծ զեղչերի խնդրին, որոնք լինում են տարբեր օլիգարխներին կամ կիսաօլիգարխներին պատկանող բոլոր բրենդային և ոչ բրենդային խանութներում:

«Ոչ զեղչային ամիսներին նույն ապրանքատեսակն այլ գին է, իսկ իբր «զեղչի» ժամանակ ապրանքի գինը բարձրացնում են, վրան գրում են` 30-40 տոկոս զեղչ ու ներկայացնում, թե իբր ապրանքը զեղչվել է: Սա վերաբերում է Հայաստանում գործող գրեթե բոլոր բրենդային խանութներին: Գնացեք, տեսեք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում՝ կատարյալ խաբեություն և բացահայտ ապօրինություններ»,- ասել է Զոհրաբյանը:

Փաշինյանը հիշեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի «հայտնի» արտահայտությունը, թե ՀՀԿ-ում օլիգարխներ չկան. «Ո՞րն է ձեր պատկերացմամբ օլիգարխը և օլիգարխիան, քանի որ դա տնտեսության ամենակարևոր պրոբլեմներից է»:

Ի պատասխան Շաբոյանը նշել է. իրենց չի հետաքրքրում, թե որ ընկերության սեփականատերն ո՛վ է, հորդորելով իրենց տեղյակ պահել միայն այն դեպքում, երբ կոնկրետ ընկերությունների չարաշահումների վերաբերյալ փաստեր կունենան: