Գազի հարց. Հայաստանի կառավարությունն ասում է` Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են

Գազի հարց. Հայաստանի կառավարությունն ասում է` Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հայաստանի իշխանություններն իրարամերժ ազդակներ են ուղարկում Ռուսաստանից գնվող գազի գնի հնարավոր իջեցման վերաբերյալ, ինչը, սակայն, ոմանք այստեղ զուր իրարանցում են համարում, քանի որ երկրի ներսում գազի վաճառքի իրավունք ունեցող ռուսական ընկերությունը այն կրկնակի թանկ է վաճառում հայաստանցիներին:

Ներկայումս ռուսական «Գազպրոմի» հետ ընթացող բանակցությունների նպատակը հայաստանաբնակների ու երկրում գործող ընկերությունների համար գնի նվազեցումն է` լրագրողներին հայտնել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

«Այսօրվա դրությամբ բանակցությունները ընթանում են այն ուղղությամբ, որ մենք հնարավորություն ունենանք սակագների իջեցման՝ բնակիչների համար։ Թողեք բանակցությունները ավարտվեն, արդյունքների մասին ձեզ տեղյակ պահենք»,- հայտնել է նախարարը։

Հայաստան առաքվող գազի 1000 խորանարդ մետրի գինը 189 դոլարից դարձել է 165 դոլար, սակայն սպառողներին դա չի առնչվել, քանի որ նրանք շարունակել են այն գնել 330 դոլարով:

Հայաստանում գազի վաճառքի իրավունք ունեցող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ամբողջովին ռուսական մոնոպոլիստ «Գազպրոմի» սեփականությունն է, ու տվյալ դեպքում իջեցված գնից շահել են միայն նրանք:

Սահմանին 1000 խորանարդ մետր գազի դիմաց 165 դոլար գինը ուժի մեջ է մինչև այս տարվա ապրիլի 1-ը, դրա հետագան պարզվելու է բանակցությունների արդյունքում, Յոլյանը չի բացառել, որ հնարավոր է` պայմանավորվածություն ձեռք բերվի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` ապրիլի 7-ին Երևանում սպասվելիք այցի ընթացքում:

«Ամեն ինչ հնարավոր է էս կյանքում, ես ձեզ ի՞նչ պատասխանեմ»,- ասել է նախարարը, որը օրեր առաջ նաև տեղեկացրել էր, թե ռուսական ռուբլով գազի համար վճարելու վերաբերյալ ռուսական կողմի հետ չեն բանակցում:

Այդուհանդերձ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը քանիցս հայտարարել է ու չորեքշաբթի էլ կրկնել, որ այս հարցը ևս քննարկման առարկա է, թեպետ առաջընթաց դեռ չի գրանցվել:

«Դա քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ապրիլի 7-ին կլինի Ռուսաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների այցը: Մենք կանցկացնենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որի ժամանակ կաշխատենք քննարկել այդ հարցը և ունենալ պատասխաններ»,- ասել է Աբրահամյանը:

Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի գնահատմամբ` ինչ արդյունք էլ ունենան բանակցությունները, մարդիկ շարունակելու են գազի համար վճարել նույն բարձր գինը.

«Ես բոլորին խորհուրդ եմ տալիս չխոսել սահմանի գնից: Վերջին հաշվով սահմանի գինը կարգավորված է 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ մեզ համար ոչ բարենպաստ պայմանագրով, որտեղ հստակ գրված է, որ գին է սահմանում՝ հաշվի առնելով Օրենբուրգի մարզի գինը»:

Ըստ Բագրատյանի` թեպետ գազի գինը պետք է որոշվի «Գազպրոմ Արմենիայի» և Մոսկվայի «Գազպրոմի» բանակցությունների արդյունքում, կառավարությունը ճիշտ է անում, որ խոսում է Ռուսաստանի հետ, քանի որ «իրավունք ունի ասելու՝ մենք մտանք ԵԱՏՄ, ինչո՞ւ է մեր գազն ավելի թանկ, քան Վրաստանինը, Ուկրաինայինը կամ Մոլդովայինը»:

«Այս հարցերը բարձրացնելը ճիշտ է, բայց կառավարությունը, հանձին սակագների հաստատման հանձնաժողովի, թող վերցնի այս ներսի մարժան, որ ավելանում է, կտրուկ պակասեցնի, ասի՝ ներդրումներդ հանում եմ: Մենք դա չենք անում»,- 1in.am-ին ասել է պատգամավորը: