ԱԺ նիստ. հայ օրենսդիրները քննարկել են ԱԱՀ-ի, տնտեսական մրցակցության և պատվավոր կոչումների հարցեր

ԱԺ նիստ. հայ օրենսդիրները քննարկել են ԱԱՀ-ի, տնտեսական մրցակցության  և պատվավոր կոչումների հարցեր

Photo: www.parliament.am

Այս շաբաթ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պատգամավորներից մի քանիսի և կառավարության կողմից համատեղ ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը:

Հիշեցնենք, որ նախագծով ԵԱՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկի գանձումը այլևս չի գործելու: Առաջարկը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց և գործելու է «մեկ անձ, մեկ ավտոմեքենա» սկզբունքով:

Հինգշաբթի խորհրդարանը շարունակել է քննարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) 2016 թվականի գործունեության ծրագիրը` կրկին անդրադառնալով Հայաստանում բենզինի բարձր գներին:

«Ըստ հեղինակավոր «Պլաց» գործակալության տվյալների՝ բենզինը միջազգային բորսայից մինչև Փոթի կարելի է հասցնել 1 տոննան՝ 310 դոլարով: Փոթիից Սադախլո՝ 85 դոլար, եթե ոչ մենաշնորհային տրանզիտով ենք բերում: Հայաստանում բենզինի գինը այսօրվա պայմաններում պետք է լիներ ոչ ավելի, քան 310 դրամ»,- հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է այն երեք գործոնները, որոնցով պայմանավորված են գնային տարբերությունները. «Վրացական երկաթուղու կողմից գանձվող բեռնափոխադրման բարձր սակագներն են՝ Վրաստանի տարածքով բենզինը տեղափոխելու համար, երկրորդը՝ Հայաստանի և Վրաստանի հարկային քաղաքականությունների տարբերությունն է՝ Հայաստանում բենզինի ներմուծումը ավելի շատ է հարկվում, քան՝ Վրաստանում, երրորդ պատճառը՝ Վրաստանում համեմատաբար ավելի էժան գներով բենզին է ներկրվում Ադրբեջանից և Թուրքմենստանից»:

Պատգամավորներից Սամվել Ալեքսանյանն էլ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրեն (Ալեքսանյանին) պատկանող Ախուրյանի շաքարի գործարանում շաքարավազ չի արտադրվում, այլ իրականում պատրաստի շաքարավազ է ներկրվում, բայց բարձր մաքսատուրքերից խուսափելու համար այն որպես հումք է ձևակերպվում, նշել է, որ արդեն 4-5 տարի է` շաքարավազ չի ներկրում, Բրազիլիայից շաքարեղեգի հումք է ներկրում և այն մշակում Ախուրյանի գործարանում` տարեկան արտադրելով 80 հազար տոննա շաքարավազ:

«Կարում ա՞ ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում, դե թող գա ապացուցի, թե չէ օդից կախված լուրերով… էդ ձև չի լինում: Բնական ա, դեմներս ընտրություն ա, Նիկոլ Փաշինյանը պետք ա գա մեր համայնք, իրար հետ ընտրություն անենք...»- ասել է գործարար պատգամավորը:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ԱԺ-ին է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել վաստակավոր շինարարի կոչում: Նա նշել է, որ հարցը բարձրացրել են Շինարարների միությունը, իսկ Կառավարությունն ու նախարարությունը պաշտպանել են այդ որոշումը:

Ներկայացված օրենքի նախագիծը պատգամավորներից շատերը որակել են որպես հնացած «սովետական պրակտիկա», որից նավթալինի հոտ է փչում:

«Ժամանակը չէ՞ արդյոք հրաժարվել այս խորհրդային պրակտիկայից: Խորհրդային Միությունում հասկանալի պատճառներով իշխանությունը փորձում էր մարդկանց` եթե չասենք` կաշառել, ապա իշխանության ոլորտում պահելու համար տալ կոչումներ, և կար անառողջ մրցակցություն: Այսօր էլ կա այդ անառողջ մրցակցությունը, որովհետև մարդ, ով ուզում է կոչում ստանալ, նաև գիտակցում է, որ պետք է ընտրությունների ժամանակ պաշտպանի գործող իշխանություններին»,- ասել է ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանը` հորդորելով հրաժարվել այդ մոտեցումից:

Հայ հեղափոխական դաշնակցությունից Աղվան Վարդանյանն էլ կողմ էր, որ բոլոր կոչումները հանվեն, համակարգային լուծում տրվի, քանի որ հարյուրավոր նման կոչում ունեցողների աշխատանքի արդյունքը հնարավոր չէ ստուգել: