«Նաիրիտի» ասք. նախկին աշխատակիցները պահանջում են վերագործարկել Հայաստանի քիմիական հսկա

«Նաիրիտի» ասք. նախկին աշխատակիցները պահանջում են վերագործարկել Հայաստանի քիմիական հսկա


Էկոնոմիկայի նախարարությունը հրաժարվում է «Նաիրիտի» նախկին աշխատակիցներին գործարանի վերագործարկման հարցով կազմված հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկելուց` լրագրողների հետ հանդիպմանն ասացին «Նաիրիտի» շարժումը համակարգող խմբի անդամներից մի քանիսը:

1940-ին հիմնված արհեստական կաուչուկ արտադրող «Նաիրիտ» գործարանը արդեն մի քանի տարի է, ինչ պարապուրդի է մատնված, իսկ նախկին աշխատակիցների աշխատավարձերը վճարված են մասնակի: Իրենց գումարների համար 6 տարի պայքարող աշխատակիցներն այժմ էլ պահանջում են, որ գործարանը պաշտոնապես վերագործարկվի:

«Նաիրիտի» մասնագետների հաշվարկներով` դրա համար անհրաժեշտ է մոտ 60 միլիոն դոլար, որը բավարար է տարեկան 24-25 հազար տոննա կաուչուկ արտադրելու և շահույթով աշխատելու համար:

«Էներգետիկայի նոր նախարարին մեր խնդրով դիմելուց հետո վերջինս աշխատանքային հանձնաժողով է կազմել, որը պետք է ուսումնասիրի «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունը և առաջարկություն ներկայացնի»,- ասացին մասնագետները, հավելելով, որ հանձնաժողովում «Նաիրիտի» 2 առաջատար մասնագետ ընդգրկելու իրենց խնդրանքը կտրուկ մերժվել է:

«Նախարարը պատճառաբանեց, որ մենք կարող ենք բացասաբար մեկնաբանել աշխատանքային խմբի գործունեությունը, սկանդալ բարձրացնել և միտինգային տրամադրություններ ստեղծել, բայց չէ՞ որ մենք ամենաշատն ենք ուզում, որ «Նաիրիտը» վերագործարկվի: Եթե դրական տեղաշարժեր լինեն, մենք դրանք նույնպես կներկայացնենք»,- ասաց «Նաիրիտի» նախկին առաջատար ինժեներ Կարինե Շահվերդյանը:

«Նաիրիտի» արտադրամասերից մեկի նախկին պետ Արագեղեցիկ Կարոյանն էլ իր հերթին նշեց, որ իրենք հանձնաժողովի անդամների դեմ ոչինչ չունեն, քանի որ բոլորն էլ իրենց ղեկավարներն են, միայն թե այդ նույն մարդիկ նախկինում էլ առաջարկությունների փաթեթ են ներկայացրել կառավարություն, որը մերժվել է:

«6 տարի է, ինչ գործում է Վարդան Այվազյանի գլխավորած ԱԺ աշխատանքային հանձնաժողովը, որը պետք է քններ «Նաիրիտի» գործունեության դադարեցման, պարտքերի կուտակման պատճառները: Մինչ այսօր այդ հանձնաժողովի կողմից որևէ եզրակացություն չի եղել, մենք մտավախություն ունենք, որ այս մեկը ևս նույն ճակատագիրը կունենա»,- ասաց նա, հավելելով, որ «Նաիրիտի» վերագործարկման համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, ոչ թե աշխատանքային խմբեր: