Արտահանման խթանման գործիք. գործակալությունն առաջարկում է հայ արտահանողներին ապահովագրության հնարավորություն

Արտահանման խթանման գործիք. գործակալությունն առաջարկում է հայ արտահանողներին ապահովագրության հնարավորություն

Ֆոտոլուր

Անցյալ տարի գրեթե 4 տոկոսանոց նվազում արձանագրած արտահանման ծավալները մեծացնելու համար Հայաստանի Կառավարությունը նոր գործիքներ է առաջարկում, մասնավորապես` նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն:

Շուրջ մեկ տարի գործող «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանի դիտարկմամբ` Հայաստանի արտադրողների շուկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ որոշ արտահանողներ ունեն լավ գնորդներ ու հաստատված արտահանման պայմանագրեր, բայց չունեն բավարար շրջանառու միջոցներ, որ հումք ձեռք բերեն, կարողանան ապրանք արտադրել ու արտահանման գործարք իրականացնել:

«Մեր նոր գործիքը Հայաստանում գործող առևտրային բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին հնարավորություն կտա առանց կոշտ գրավի պայմանի իրականացնել արտահանողի շրջանառու միջոցների համալրմանն ուղղված վարկավորում: Եթե լինի պատահար, արտահանողը չկարողանա ապրանքն արտահանել կամ վարկը մարել, մենք կփոխհատուցենք բանկի կրած վնասի 90 տոկոսը»,- Հայաստանի Կառավարության կողմից արտահանման ֆինանսական աջակցման հնարավորություններին նվիրված համաժողովի ժամանակ ասել է նա:

Գործունեության մեկ տարվա ընթացքում 100 տոկոսով պետությանը պատկանող գործակալության և տնտեսավարողների միջև արտահանման ապահովագրության նպատակով 30 պայմանագիր է կնքվել` 1,2 մլն դոլար արժողությամբ` ուղղված արտահանման ապահովագրմանը: Ապահովագրությունը ծածկում է օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկերը` պայմանավորված առևտրային` սնանկություն, անվճարունակություն կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում և քաղաքական` բնական աղետներ, վարչական որոշումներ, առևտրի սահմանափակումներ ռիսկերով:

«Շուկայում կա պահանջարկ, բայց արտահանող գործարարներին ժամանակ է պետք, որ հասկանան` ինչպես է գործում այս համակարգը»,- նշել է Աբգարյանը:

«Օրինակ` 2014-ի վերջին-2015-ի սկզբին արտահանող գործարարներ կային, որոնք համոզված էին, որ իրենց գործընկերները խնդիրներ չեն ունենա իրենց վճարելու հարցում, սակայն կյանքը ցույց տվեց, որ նրանք չկարողացան վճարել, ու հայաստանցի արտահանողները ֆինանսական խնդիրներ ունեցան»,- հավելել է նա` տեղեկացնելով, որ մինչև հիմա արտահանումն ապահովագրել են ալկոհոլային խմիչքներ և պահածոներ արտադրողները, հանքարդյունաբերության ընկերությունները:

Համագործակցության համար ապահովագրական գործակալությանը մինչ այժմ դիմել է միայն «Արմսվիսբանկը` տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Փոխնախարարի խոսքով` ապահովագրական ընկերությունը կիրառում է բազմաթիվ ճկուն գործիքներ, որոնց արդյունքը հնարավոր կլինի գնահատել առնվազն 3-5 տարի հետո:

«Ժամանակի հետ այդ գործիքներն ավելի արդյունավետ կդառնան: Իսկ հիմա` սկզբնական շրջանում, իհարկե, դա տնտեսության համար չի կարող հեղափոխական լինել, բայց որոշ տնտեսավարողների համար արդեն իսկ հեղափոխական է»,- ասել է Հովհաննիսյանը:

Հայաստանի իշխանությունները չեն սահմանափակվում արտահանման խթանման միայն մեկ ձևով: Օրերս կառավարության հրավերով Հայաստանում է ԱՄՆ-ի Արտոնությունների ընդհանրացված համակարգի` GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենը, ով հայ գործարարների հետ կքննարկի հայաստանյան արտադրանքն արտոնյալ պայմաններով ամերիկյան շուկա տանելու հնարավորությունները:

Փորձագետներն այս այցն ու հայկական արտադրության ապրանքատեսակները արտոնյալ պայմաններով ներկրելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը դրական են գնահատում, ինչի իրականացմանը կարող է նպաստել հենց արտահանման ռիսկերի ապահովագրությունը պետության կողմից:

2015-ին Հայաստանից ԱՄՆ են արտահանվել գրեթե 63 մլն դոլար արժողությամբ ապրանքներ` ալյումինի փայլաթիթեղ, մետաղյա զարդեր, հյութեր ու հանքային ջրեր: