Սակագնի բանակցություններ. Հայաստանը ռուսական գազի գնի նվազման հույս ունի

Սակագնի բանակցություններ. Հայաստանը ռուսական գազի գնի նվազման հույս ունի

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Թեպետ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գազի գնի նվազման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ու որ դա նաև ի շահ սպառողի է լինելու, որոշ փորձագետներ թերահավատ են, որ հասարակ քաղաքացին կկարողանա խնայել այս գործարքից:

«Որ նվազելու է, դա փաստ է, ուղղակի ինչքանո՞վ` քննարկումների արդյունքում կճշտենք»,- անցյալ շաբաթվա վերջին հայտարարել է գործադիրի ղեկավարը` տեղեկացնելով, որ հարցը քննարկվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Ռուսաստան կատարած այցի ժամանակ: «Կա հանձնարարական գերատեսչություններին, որպեսզի նվազման ուղղությամբ կատարեն քննարկումներ»:

Բանակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածությամբ որոշվել է` ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով` Աբրահամյանի հայտարարությունից հետո իր աղբյուրներին հղում անելով` գրել է «Հայկական ժամանակ» թերթը:

Ներկայումս «Գազպրոմ Արմենիան»` Հայաստանում գազի միակ մատակարարը, իր մայր ձեռնարկությունից` «Գազպրոմից» ռուսական գազի 1000 խմ-ը գնում է 165 դոլարով: Ռուսաստանը արդեն մեկ անգամ` անցյալ տարվա աշնան սկզբին, իջեցրել էր գազի գինը սահմանին` 189 դոլարից այն դարձնելով 165 դոլար 1000 խմ-ի դիմաց: Այն ժամանակ, սակայն, սպառողների համար գինը չէր նվազել` այն 335 դոլար է նույն ծավալի համար:

Այս գինը գործելու է մինչև այս տարվա ապրիլի 1-ը, այսինքն` գալիք ուրբաթ: Եթե 12 տոկոս նվազում լինի, 1000 խորանարդ մետր գազի գինը կդառնա մոտ 146 դոլար: Ըստ լրատվամիջոցների` պայմանավորվածության մասին կհայտարարվի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ապրիլի 7-ի այցի ժամանակ` Երևանում:

Դրանից հետո, գուցե, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արտահերթ նիստի ընթացքում նվազեցնի նաև սպառողներին մատակարարվող գազի սակագինը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հնարավոր է համարում գազի սակագնի նվազումը, քանի որ արդեն բարձր մակարդակով են դրա մասին հայտարարում, սակայն թերահավատ է բնակչության համար դրա նվազման հարցում:

«Սահմանին նվազեցումը կլինի, բայց բնակչության համար` ո´չ, որոշ պատճառներ կգտնեն հիմնավորելու համար` ինչու ոչ: Սա ավելի ռեալ տարբերակ եմ համարում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Խաչատրյանը:

Տնտեսագետը հիշեցնում է, որ հայերը սկսել են բանակցել ռուսների հետ գազի գինն իջեցնելու համար այն ժամանակ, երբ նավթի գինը նվազել էր մինչև 27 դոլար մեկ բարելի դիմաց, մինչդեռ հիմա այն արդեն 40 դոլար է:

«Մերոնք թող հույսերով չտարվեն: Ռուսաստանի համար գազի գինը բարձրացնելը կամ իջեցնելը կարճաժամկետ որոշում չէ, դրա համար մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ: Հիմա չկան էն հիմքերը Ռուսաստանի տնտեսությունում, որ տարբեր երկրների սկսեն նպաստավոր պայմաններով գազ վաճառել»,- նշում է Խաչատրյանը:

Գազի սակագնի իջեցմանը երեքշաբթի Ազգային ժողովում անդրադարձել է նաև պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ գազի գնի հաշվարկը խաղ է, քանի որ Հայաստան այն ներմուծողն ու այստեղ գնողը նույն «Գազպրոմն» է:

«Մեջտեղի գինը, «Գազպրոմի» մի ճուտը մյուսին ինչքանո´վ է գազը ծախում, ինձ չի հետաքրքրում: Գազի գինը համաշխարհային շուկայում 80 դոլար է: 200-ից է իջել 80: Մերն էլ մի քիչ չիջնի՞»,- ասել է նա` հավելելով, որ Հայաստանը չի կարողանում օգտվել գազային և նավթային խաչմերուկում գտնվելու իր տարածքային առավելությունից: