Սարգսյանը` ամերիկահայերին. եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք

Սարգսյանը` ամերիկահայերին. եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք

Photo: www.president.am

Նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել է Միացյալ Նահանգների էթնիկ հայերին Հայաստանում ներդրումներ կատարել` այս շաբաթ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող Սարգսյանը դիմել է ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչներին` կարևորելով Հայաստանի հետ գործարար կապեր խթանման համար սփյուռքի ներուժը:

«Օգտագործելով ամերիկյան բիզնես շրջանակների հետ ձեր կապերը՝ դուք կարող եք մեծապես խթանել դեպի Հայաստան օտարերկրյա ուղղակի ներդրումները: Ամբողջությամբ չի օգտագործվում հատկապես ամերիկահայերի ներուժը, որի նպատակաուղղված ներգրավման արդյունքում, իմ խորին համոզմամբ, հաջողություններն ակներև են լինելու»,- ասել է Սարգսյանը` իր մամուլի ծառայության փոխանցմամբ:

«Ասել եմ ու այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք, շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք երկիրը, աշխատատեղեր ստեղծելով՝ օգնե՛ք զարգացնել երկիրը: Հայաստանը ներդրումների ներգրավման մեծ ներուժ ունի՝ հատկապես ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ու ճշգրիտ ճարտարագիտության ոլորտներում: Ակնհայտ է նաև, որ զարգացմանը զուգահեռ՝ խոշոր ներդրումների հնարավորություն է բացվել ծառայությունների, հատկապես՝ զբոսաշրջության, առողջապահության, ֆինանսական շուկաների ոլորտներում»:

Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում գործում են հարկային և մաքսային արտոնություններ տրամադրող ազատ տնտեսական գոտիներ, որոնց ստեղծման նպատակն է օտարերկրյա ներդրումների ներգրավման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ապահովել կայուն տնտեսական աճ:

«Մեզնից յուրաքանչյուրի ուժն ու մեծությունը ուղիղ համեմատական է հայրենիքի հզորությանն ու բարեկեցությանը, և, հավատացե՛ք` սա՛ է հայ ժողովրդի կենսունակության միակ բանաձևը, նրա հավերժության բանալին»,- ասել է Հայաստանի նախագահը:

Այս առումով մենք պատրաստ ենք քննարկել ձեր կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը, նոր գաղափարները, ստեղծարար առաջարկները, դրանք կենսագործելու համար ստեղծել պատշաճ հնարավորություններ ու պայմաններ, որպեսզի դուք հայրենիքում կարողանաք շահութաբեր գործունեություն ծավալել:

Հայաստանն իսկապես այսօր ֆինանսական ներդրումների կարիք ունի, սակայն նաև երկրի զարգացման համար սփյուռքի մեր հայրենակիցների տաղանդի, հմտությունների ու մասնագիտական անգնահատելի կարողությունների ավելի մեծ կարիքն ունենք: Եթե մեզ հաջողվի մեր սփյուռքի այս ներուժն օգտագործել այնպես, ինչպես, օրինակ` Մասաչուսեթսում հայտնի մեկ այլ համայնքի ներկայացուցիչները` իռլանդացիներն են անում, դա մեծագույն խթան կհանդիսանա Հայաստանի զարգացման համար»: